ԱՌՈՂՋՈՒԹՅՈ´ՒՆ, ՎԱՐՊԵՏ 


 

Մտադրվել էինք նշանավոր դերասանի ծննդյան օրվա նախօրյակին հարցազրույց վարել նրա հետ: Զանգահարեցի, ընկալուչի միջից լսվեց խուլ ու տկար ձայնը.

- Լևոն ջան, թե թատրոնի հետ կապված հարցերի մասին ես ուզում խոսել, դիմիր Վարդանին («Համազգային» թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան - Լ.Մ.): Մի քիչ հիվանդ եմ, ինքնազգացողությունս լավ չէ»:

Տեղեկացրեցի, որ ուզում եմ հենց իր հետ զրուցել: Խոստացավ առողջանալուց հետո անպայման զրուցել: Հաջորդ օրը տեղափոխվեց հիվանդանոց: Համոզված ենք, որ շուտով կապաքինվի, նորից կգա թատրոն ու կզբաղվի շենքի շինարարության հարցերով: Շատ ուրախ էր, որ մեր թերթն առաջիններից մեկն անդրադարձավ «Համազգայինի» շենքի հարցերին, հետևողական վերաբերմունք դրսևորեց, մի քանի հրապարակումներով պաշտպանեց հանրային քննարկման ժամանակ հնչած կարծիքները:

Վերջերս ասացի, որ պատրաստվում եմ հոդված գրել երիտասարդ դերասանուհի Տաթև Ղազարյանի մասին: Ուրախացավ.

- Լավ երեխա է, տաղանդավոր: Մեր թատրոնում շնորհքով ջահելներ շատ կան, պետք է բոլորին էլ ուշադրություն դարձնել, բոլորի մասին գրել: Ջահել են, թող ոգևորվեն, ուրախանան ու նաև հասկանան, որ եթե իրենց մասին գրվում է, ապա մեծանում է պատասխանատվությունը:

Թատրոնում մեծից փոքրը Սոս Սարգսյանի մասին խոսելիս, պապ է ասում: Բոլորի պապն է` միշտ ուշադիր և հոգատար: Ամեն մեկի ստեղծագործական ճակատագրի հանդեպ առանձնակի վերաբերմունք ունի, ամեն ինչ անում է, որպեսզի թատրոն եկած երիտասարդները երկար չսպասեն դերերի, միշտ խաղան, միշտ ունենան ինքնաբացահայտման ու ինքնահաստատման հնարավորություն: Այս հատկանիշը բացառիկ մեծերին է հատուկ: Քիչ չեն այն միջակությունները, անգամ ոչ ավագ, ովքեր խոչընդոտում են երիտասարդներին, պատնեշում նրանց ընթացքը, ամեն ինչ անում են` երիտասարդների առջև ճանապարհներ փակելու համար:

Սոս Սարգսյանը ճշմարիտ մեծ արվեստագետ է` մեծին հատուկ բարեկրթությամբ և հոգատարությամբ, անսահման բարությամբ: Նրա գլխավորած թատրոնը մի համերաշխ ընտանիք է, ուր փոխադարձ հարգանքն է տիրում, ուր մեկը մյուսի հաջողությամբ ուրախանում է, հրճվում: Սա հայ բեմի նահապետից եկող լիցքերի արտահայտությունն է:

Մի անգամ պատմեց, որ երիտասարդ տարիներին Երևանում հավաքվում էին մի շատ գրագետ ու բարձր մտավորական մարդու` Օնիկ Տայանի մոտ, նրանից շատ բան լսում ու շատ բան սովորում: Հիմա շատ քչերն են հիշում այդ տաղանդավոր մարդու, թարգմանչի ու մշակութաբանի մասին: Օնիկ Տայանը շատ երիտասարդների խորհրդատուն և ուսուցիչն է եղել, միշտ ապրել է երիտասարդների հաջողություններով: Սոս Սարգսյանը հավանաբար այդ հատկանիշը նրանից է ձեռք բերել, ու այսօր հայ թատրոնում ունենք մի ճշմարիտ նահապետ, ով մեր թատրոնական ընտանիքի սեղանի գլխավերևում նստած` ճիշտ և ճիշտ թումանյանական պապերի նման, բարություն և իմաստություն է քարոզում: Իր «Մի գավաթ բարություն» բեմադրության նման, որում սարոյանական ստեղծագործությունը դարձել է մարդեղության հրաշալի արտահայտություն: Իր բեմադրությամբ Սոս Սարգսյանը մարդկային թատրոնի ֆենոմենն է հաստատում, մարդուն համարում բնության մեծագույն առեղծվածն ու հրաշքը... Մեր բեմի Սարոյանն է Սոս Սարգսյանը` նրա պես հսկա ու նրա պես... մանուկ: Երբ տարիներ առաջ խաղաց Սարոյանի «Խաղողի այգին» պիեսում Գրիգորի դերը` կերպարի արտաքին նկարագրի մեջ արդեն իսկ սարոյանական «շտրիխ» կար, խոսքի երանգն էլ սարոյանական էր: Հենրիկ Մալյանի այս բեմադրությունը երկար չպահպանվեց Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի խաղացանկում, Սոս Սարգսյանի ստեղծագործությամբ հետաքրքրվողները չանդրադարձան այս դերակատարմանը: Մինչդեռ հենց Գրիգորի միջոցով նա բեմ էր բերել մարդկային մի տեսակ, որի կարոտը կար մեր թատրոնում, մեր իրականության մեջ: Սա այն եզակի դեպքերից էր, երբ դերասանի անձն էր հուշել կերպարին, ընթացք տվել նրան:

Այս օրերին շատերն են անհանգստացած մեր մեծ դերասանի առողջական վիճակով, երկրի վարչապետն է այցելել հիվանդանոց, շնորհավորել ծննդյան օրը և առողջություն մաղթել: Շատերն են զանգահարում նրա տիկնոջն ու հետաքրքրվում: Գիտենք, որ վտանգավոր ոչինչ չկա, որ սարի պես ամուր ու պինդ կմնա Լոռու ու Ղարաբաղի բնության հավերժության գաղտնիքին մերձ ապրող Սոս Սարգսյանը: Միայն ափսոս, որ այս ծննդյան օրը տանը չէ, իր արվեստի ու մարդկային նկարագրի հազարավոր գնահատողների հետ չէ: Բայց դա էլ ժամանակավոր է... Կանցնի, կգնա:

Առողջությո´ւն քեզ, Վարպետ.  ծնունդդ շնորհավոր... 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ