ԷԼԻ «ԱՏԿԱ՞Տ» Է ԵՂԵԼ 


 

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի լուծարումը Հայաստանում ժամանակին ոչ ոք չմեկնաբանեց: Ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ վարչապետ Տիգրան Սարգսյանը չմեկնաբանեց, թե ինչու ծրագրի տնօրինությունը հանկարծ որոշեց դադարեցնել իր նախաձեռնությունները Հայաստանում և հետ վերցնել դեռ չծախսված գումարները: Այսօր, սակայն, արդեն պարզ է դառնում, որ այս ոլորտում եղել են փոշիացումներ, անհասկանալի են եղել որոշ գումարների ծախսումներ:

Այսպես, Հայաստանի 81 հազար 700 ֆերմերի համար իրականացվել է «Ջրից դեպի շուկա» խորագրով դասախոսությունների շարք, որն արժեցել է 32 մլն դոլար, ծախսվել է 16,6 մլն դոլարը: Մինչև օրս ոչ ոք հաշվետվություն չի ներկայացրել այն մասին, թե ինչպես են ծախսվել այդ գումարները, այդ ի՞նչ դասախոսություններ են եղել, որոնց մասին անտեղյակ են հայաստանյան ֆերմերները: Ցավալին այն է, որ այս գումարների մասին հաշվետվություններ ոչ միայն չեն տրվում, այլև պատասխանատուներն աշխատում են գլուխներն ազատել` չլսելու տալով, կամ էլ` խոստանալով գրավոր պատասխաններ առաքել պատգամավորներին: Սակայն ոչ թե երկար պահանջներից հետո պիտի լոկ խոստումներ հնչեն, այլ այդ հաշվետվությունները պիտի ժամանակին հրապարակվեին, հանրությունն ու հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացու ցիչներ էին ընդգրկվել, պիտի իրազեկվեին: Իհարկե, անչափ զարմանալի է, որ մի շարք «գրանտակերներ», ովքեր այս խորհրդում ևս «խարիսխ» էին նետել, լռել ու չեն խոսել այն մասին, որ հաշվետվություններ չեն եղել: