Կյանք` մահից հետո

Այնտեղ «նոր կյանք» է, բարձրագույն էություն 


 

Այս առեղծվածը հաճախ է քննարկվում` գերազանցապես ենթադրությունների, ուրիշներից լսած պատմությունները յուրովի մեկնաբանելու մակարդակով: Բայց բոլորը գիտեն, որ գոյություն ունի նաև մահաքուն կամ կոմա երևույթը, և օրեր շարունակ դրանում հայտնված մարդիկ, վերակենդանանալուց հետո գրեթե նույնն են պատմում:

Հետաքրքիր մեկ այլ ընդհանրություն էլ ունեն կարճատև մահ տեսածները. երկրային կյանք վերադառնալուց հետո նրանք շատ ավելի բարեհոգի, բարյացակամ են դառնում (համենայն դեպս` այդպես են ասում նրանց ճանաչողները): Հավանաբար հոգու տիեզերական թռիչքը նրանց հուշում է, որ երկրի վրա ևս հարկավոր է հրաժարվել կենցաղային մանրախնդրությունից, ճղճիմ շահասիրությունից: Չէ՞ որ երկնային կյանքում չկան այդ ամենը, չկան մարմնավոր ախտերը, և հոգին ճախրում է երջանիկ անհոգությամբ: Սա չի նշանակում, որ պետք է երկինք շտապել, կամ երկրային ճահիճում ապրել` մինչ կգա ժամդ: Կարճատև մահ տեսածներից ոչ մեկը ափսոսանք չի արտահայտել` իրենց իսկ նկարագրած երանութ յունից երկիր «վերադառնալով»:

Լավագույն նեյրովիրաբույժի համբավ վայելող Էբեն Ալեքսանդրն (նաև` Հարվարդի բժշկական դպրոցների և ուրիշ համալսարանների դասախոս) իրեն միշտ քրիստոնյա է համարել, սակայն երբևէ չի հավատացել հանդերձյալ կյանքին: Նա նույնիսկ կարեկցել է նրանց, ովքեր հավատացել են, թե այնտեղ «ինչ-որ տեղ» Աստված կա, ով անսահման սիրում է մեզ:

- Որպես նեյրովիրաբույժ, ես չէի հավատում «մարմնից դուրս փորձի» առեղծվածին: Ես մեծացել եմ գիտական միջավայրում. նեյրովիրաբույժի որդի եմ: Հասկանում եմ, թե ինչ է կատարվում ուղեղի հետ, երբ մարդիկ գտնվում են մահվան եզրին: Այդ պատճառով էլ միշտ գտնում էի, որ գիտական խելամիտ բացատրություն ունեն մարմնից դուրս ճամփորդութ յունները, որոնք նկարագրում են մահից փրկված մարդիկ,- Newsweek-ին պատմել է Էբեն Ալեքսանդրը:

Բայց նրա համոզմունքները կտրուկ շրջադարձվել են, երբ ինքը անձամբ կոմայի մեջ է ընկել: Մեկ շաբաթ նա գտնվել է կյանքի ու մահվան սահմանագծին, իսկ գլխուղեղի կեղևը, որը կարգավորում ու վերահսկում է մտքերն ու հույզերը, դադարել է գործել: Այդժամ բժիշկը ճամփորդել է անդրշիրիմյան աշխարհում. մասնավորապես` դրախտում:

- Գիտական ոչ մի բացատրություն չունի այն, որ չնայած մարմինս քնաթմբիրի (կոմա) մեջ էր, գլխուղեղիս կեղևն անջատվել էր, բայց ուղեղս շարունակում էր գործել. ավելին` տեղափոխվել ուրիշ, անհամեմատ մեծ Տիեզերք, որի գոյությունն ինքս երբեք չէի պատկերացրել:

Բժիշկն ընդգծել է, որ առեղծվածային այդ տարածքը, ուր ինքն այցելել է, բառացիորեն նոր աշխարհ է, որտեղ մենք ավելին ենք, քան միայն մեր մարմինն ու ուղեղը: Այնտեղ մահը` գիտակցական գոյության վախճանը չէ, այլ ընդամենը` անվերջանալի ճամփորդության մի մասը:

Էբենը հափշտակությամբ է պատմել, որ իր այդ ճամփորդությունն սկսվել է նրանից, որ ինքը սկսել է ճախրել բարձր ամպերի միջով: Շուտով տեսել է «երկնքով թռչող և իրենց ետևից երկար հետագիծ թողնող թափանցիկ, առկայծող էակներ»: Այդ էակները զարմանալի հնչյուններ են արձակել` նման հիասքանչ երգի: Եվ տղամարդուն թվացել է, որ նրանք այդ կերպ իրենց համակած ուրախությունն ու երանությունն են արտահայտում: Սակայն Ալեքսանդրը նրանց թռչունների կամ հրեշտակների հետ չի համեմատում. դրանք բոլորովին նման չեն եղել մեր մոլորակում գոյություն ունեցող էակներին: Նրանք ինչ-որ բարձագոչ էություն էին` համոզված է բժիշկը:

Այդ էակներից մեկը` անծանոթ երիտասարդ մի կին, միացել է Էբենին ու դարձել նրա ուղեկիցը` առեղծվածային տիեզերքում: Բժիշկը մտապահել է իր գեղանի ուղեկցորդուհու արտաքինը. մուգ կապույտ աչքեր, ոսկե-շագանակագույն հյուսած վարսեր և ընդգծված այտոսկրեր: Հագուստը եղել է հասարակ, բայց գեղեցիկ ու պայծառերանգ` նուրբ երկնագույն, կապույտ և դեղձի գույներով:

Կնոջ և նրան նման մյուս էակների հետ նեյրովիրաբույժը խոսել է առանց բառերի: Էբենը նույնիսկ մեջբերել է կնոջ ասածներից մի հատված`

- Դու սիրված ես, և քեզ միշտ գնահատելու են: Դու վախենալու ոչինչ չունես: Չկա ոչինչ, որը դու կարող ես սխալ անել: Այստեղ մենք քեզ շատ բաներ ցույց կտանք, բայց վերջիվերջո դու հետ կվերադառնաս,- ասել է կինը:

Նա բժշկին հասցրել է մի «հսկայական ամայություն, որտեղ բացարձակ մութ էր, բայց զգացվում էր անսահմանությունն ու չափազանց հաճելի էր»: Հիմա Է. Ալեքսանդրը գտնում է, որ այդ «ամայությունը» Աստծո տունն էր:

Տղամարդն, իսկապես, շուտով արթնացել է: Հանդերձյալ աշխարհում իր ճամփորդության մասին նա չի շտապում մանրամասներ պատմել գործընկերներին և սփոփանք ու հոգու անդորրը գտնում է եկեղեցում:

- Նախկինի նման ես բժիշկ եմ և մնում եմ գիտության մարդ: Բայց խորքում շատ եմ տարբերվում այն մարդուց, ով եղել եմ նախկինում. որովհետև ես տեսել եմ իրականության այդ նոր պատկերը,- եզրափակում է Էբեն Ալեքսանդրը: