Նոր արժույթ` ԱՄՆ-ում 


 

Ամերիկացիները ժպտուն ժողովուրդ են ու լավ գիտեն ժպիտի արժեքը: Իլինոյս նահանգում հավանաբար է´լ ավելի բարձր են գնահատել բարեհաճ դիմախաղը, ու մի շարք խանութներում, հրուշակարաններում և գեղեցկության սրահներում վճարելու նոր արժույթ են ներդրել` ժպիտ:

Մի շտապեք ոգևորվել, թե ժպտացող հայացքներն են մուտքագրվելու դրամարկղներում: Նույնիսկ այդ պահին ուրախ տրամադրություն չունեցողներն ակամա կժպտան` չարաճճի «սմայլիկների» պատվերով թղթադրամները ձեռքներն առնելով:

Այդ թղթադրամները թողարկում է Շամպեյնի քաղաքային խորհրդին պատկանող US SΗiles ընկերությունը: 1 սմայլիկը համարժեք է 1 դոլարի: Գուցեև կասկածելի, բայց կենսախինդ նոր արժույթն ամենօրյա շրջանառության մեջ կդրվի, խանութները նաև վճարի մանրն են դրանցով վերադարձնելու:

Միացյալ Նահանգների ֆինանսական իշխանություններն առայժմ չեն արձագանքել այդ նորամուծությանը: Սակայն որոշ փորձագետներ կանխագուշակում են, թե հնարավոր է, որ այլընտրանքային այդ արժույթի հեղինակների հանդեպ պատժիչ խիստ միջոցներ կիրառվեն, քանզի «ժպտերես» թղթադրամները կարող են խաթարել ամերիկյան դոլարի մենիշխանությունը: