Ջրասույզ քաղաք`  Բերմուդյան եռանկյունու հարևանությամբ 


 

Առեղծվածային այդ Եռանկյունին շատերի երևակայությունն է շարժել և միայն գիտնականներին չէ, որ մղել է ամենատարբեր վարկածներ որոնել: Բայց ոչ մեկի մտքով չէր անցել, որ դրա շրջակայքում կարող էր բնակավայր լինել:

Ու ահա կանադացի գիտնականները Բերմուդյան եռանկյունու շրջանում ստորջրյա քաղաք են հայտնաբերել: Հատուկ ռոբոտը նկարել է հնամյա փլատակները, որոնք առարկայացնում են խորտակված առասպելական Ատլանտիդա մայրցամաքի պատկերացումները:

Պոլ Վայնցվեյգի և Պաուլին Զալիցկիի գլխավորությամբ հետազոտողները քաղաքի ավերակներ են հայտնաբերել Կուբայի արևելյան ծովափից 700 մետր դեպի հյուսիս ընկած տարածքում: Ռոբոտի կատարած լուսանկարներում տեսանելի են հոյակերտ շինություններ, որոնց թվում` 4 հսկա բուրգեր. դրանցից մեկը նույնիսկ նման է ապակե կառույցի: Հայտնաբերվել են նաև սֆինքսի նմանվող քանդակներ և փորագրված մեծածավալ սալեր (հաղորդել է PrensΖ LΖtinΖ գործակալությունը):

Փորձագետների կարծիքով` այդ շինությունները պատկանում են կարիբյան և Կենտրոնական Ամերիկայի պատմության մինչդասական ժամանակաշրջանին: Այդ քաղաքի բնակիչներն այն քաղաքակրթության ներկայացուցիչներն են, որոնք նման են Տեոտիուականի բնակիչներին (շուրջ 2 հազար տարեկան հնավանդ այդ քաղաքը տեղակայված է Մեխիկոյից 50 կմ հեռավորության վրա):

Բայց կարծես` հայտնագործված քաղաքն առնչություն չունի Ատլանտիդայի հետ: Շինությունների ճարտարապետական յուրահատկությունները հուշում են, որ այն կառուցել են հին հնդկացիները` առնվազն 1,5-2 հազարամյակ առաջ: Մինչդեռ Պլատոնի հիշատակումներում Ատլանտիդան անհետացել է մ. թ. ա. 10-րդ հազարամյակում: Ըստ լեգենդի` այն կործանել են ջրհեղեղն ու հզոր երկրաշարժը կամ հրաբխի ժայթքումը: