ԳՈՐԾԱԴԻՐԸ ՉԻ՞ ՍՏՈՒՄ 


 

Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը` նվազագույն աշխատավարձը 32,500 դրամից 35,000 դարձնելու մասին, դարձել է բուռն քննարկումների նյութ: Ինչպես կարծում են որոշ մասնագետներ` կառավարությունը ոչ թե բարձրացնում է նվազագույն աշխատավարձի շեմը, այլ, ըստ էության, ծաղրում է հայաստանյան բնակչությանը: Ծաղրում է` ասելով, թե միջոցներ չկան, թե տնտեսական աճը դեռևս չի հասել այն մակարդակին, որ հնարավոր լինի մտածել առավել բարձր աշխատավարձերի մասին: Եվ հենց այստեղ էլ ակնհայտ է դառնում, որ մեղմ ասած` ինչ-որ հարցում գործադիրը ճիշտ չի խոսում:

Եթե մեր երկրում արձանագրվել է 7 տոկոս տնտեսական աճ, ապա սա նշանակում է, որ նվազագույն աշխատավարձը կարելի է հասցնել առնվազն 45,000 դրամի: Բայց մեզ մոտ ոչ թե մտածում են մարդկանց սոցիալական վիճակի բարելավման, աշխատավարձերը ողջամիտ դարձնելու մասին, այլ միայն ու միայն կառավարության անդամների և պատգամավորների գործուղման ծախսերն ավելացնելու, նոր ու շքեղ ծառայողական մեքենաներ ձեռք բերելու ուղղությամբ: Միայն արտգործնախարարության գործուղումների ծախսերն ավելացվել են 100 մլն դրամով, իսկ առհասարակ նման հոդվածների համար տրամադրվել է 2 մլրդ դրամից ավելի:

Ինչպես վկայում են շատ պատգամավորներ, միլիոնավոր դոլարների պահուստներ կան մեր երկրում, որոնք կառավարությունը չի կամենում ներդնել մարդկանց աշխատավար ձերի բարձրացման ոլորտում: Ուրեմն, իսկապես միտում կա մարդկանց պահել ստորացած ու նվաստացած վիճակում, պարտադրել շատերին ապրել գրեթե քաղցած` այսպիսով զարկ տալով նաև արտագաղթին: Որոշ պատգամավորներ, ընդորում, ոչ միայն ընդդիմադիր, մեզ հետ զրույցներում նշեցին, որ ընդամենը 2,500 դրամով բարձրացնելով աշխատավարձերը, կառավարությունը ռևերանս է անում նաև շատ գործատուների, այդ թվում և առաջին հերթին` օլիգարխներին, քանի որ այդ դեպքում նրանք կզրկվեն գերշահույթներից:

Ասենք ավելին. մինչ 2,5 հազարով աշխատավարձ բարձրանա, հայաստանյան գները բազմակի նոր թռիչքներ կարձանագրեն: