ԱՌԱՆՑ ԿՐԱԿ ԾՈՒԽ ՉԻ ԼԻՆՈՒՄ 


 

Կարելի է ենթադրել, որ Արտաքին գործերի նախարարության շենքը 51 մլն դոլարով Էռնեկյանին վաճառելուց հետո, զգացվում է, որ կառավարությունը հիմա էլ մտադրվել է Տրանսպորտի և կապի նախարարությունը վաճառել և արդեն «ականջ է բացում»:

Մասնավորաբար այս տպավորությունը ստացանք, երբ ծանոթացանք ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի այն տեսակետին, թե արդյո՞ք կարելի է ցանկացած շենք վաճառել.

- Ցանկացած շենք` ոչ, եթե դա պատմամշակութային արժեք չէ: Եթե այդ ցանկի մեջ չէ, մնացածը կարելի է անել և դա հարցի այն մասն է, որի համար պատասխանատու է Պետգույքի կառավարման վարչությունը: Ֆինանսների նախարարությունը կառավարության շենքի հետ միասին, եթե չեմ սխալվում, պատմամշակութային արժեք է, դրա համար դրա վրա չի տարածվի: Ինչպես նաև պատկերասրահի շենքը: Իսկ իմ կարծիքով, Տրանսպորտի նախարարության շենքը պատմամշակութային արժեք չէ: Եթե շենքը չի հանդիսանում պատմամշակութային արժեք, ես սկզբունքն եմ ձևակերպում, ապա այդ դեպքում, եթե դա փոխշահավետ է պետության համար, եթե նա իրականացնում է ծրագիր, որն այդ կերպ չէր իրականացնի, ապա դա պետք է անել: Եթե այդ չափանիշին չի համապատասխանում` պետք չէ անել:

Այսքանը կարդալուց հետո կարող ենք վստահաբար ասել, որ շատ շուտով կիմանանք, որ այդ նախարարության շենքն արդեն վաճառվել է: Եվ գուցե գնորդը դարձյալ Էռնեկյանը լինի...