ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է… ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ 


 

Թուրքիան ծանրագույն պայմաններում հայտնվեց` երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մատ թափ տվեց» Թուրքիայի վրա` ասելով, թե Ռուսաստանը Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողություն կմեկնաբանի որպես իր դեմ ուղղված քայլ:

Մինչև վերջերս այն տպավորությունն էր, թե արևմտյան ուժերը կանգնած են այս պետության թիկունքին և աջակցում էին նրա գրոհներին: Այս տպավորությունն ուներ իր հիմնավորումները, փաստարկները: Սակայն, Թուրքիայի համար անսպասելի, ՆԱՏՕ-ն իրեն դուրս դրեց Սիրիայում ընթացող ռազմական գործողություններից` կարծես հասկացնել տալով, որ իրեն այլևս այս տարածաշրջանում ոչինչ չի հետաքրքրում: Իհարկե, նախկինում հետաքրքրում էր, սակայն հիմա արդեն պարզ է դառնում, որ սիրիական պատերազմը հրահրվել է Թուրքիայի կողմից, որ Անկարան է համոզել ՆԱՏՕ-ին` աջակցել իրեն:

Իսկ ՆԱՏՕ-ն որոշակի պահի հասկանալով իրավիճակի ողջ լրջությունը և գիտակցելով, որ ինքն է դառնալու թիրախ` հավաքել է իր «իրերն ու հեռացել»` Թուրքիային մենակ թողնելով պատերազմի դաշտում... Ռուսաստանն էլ, տեսնելով, որ ՆԱՏՕ-ն այլևս Թուրքիայի հետ չէ Սիրիայի հարցում` առավել համարձակ ու խիզախ է դարձել` Էրդողանի հետ խոսելով «տղավարի»` ձգտելով վերականգնել առաջատարի համբավը:

Սիրիական կոնֆլիկտի առաջին շրջանում Ռուսաստանը չուներ ակտիվ վերաբերմունք, քանի որ այդ երկրում պատրաստվում էին նախագահական ընտրությունների, դեռևս Կրեմլը չէր պարզել պատերազմը հրահրողներին և այն հայեցակարգերը, որոնք ընկած էին ռազմական գործողությունների հիմքում: Միաժամանակ նաև` նախագահ Մեդվեդևը վարում էր զգուշավոր ու երկդիմի քաղաքականություն` ինչ-որ տեղ նման թուրքականին: Մինչդեռ ԿԳԲ-ական Պուտինը շատ ավելի կտրուկ է. նա միշտ էր ձգտել է Ռուսական կայսրության վերականգնմանը, հետևաբար Սիրիան այս ճանապարհին ընկած կարևորագույն փորձաքարերից մեկն է: Եվ Ռուսաստանը վերջապես ցույց տվեց իր դեմքն ու դիվանագիտական հայտարարություններից անցավ կտրուկ սպառնալիքների: Հիմա Անկարան բացարձակապես մենակ է սիրիական հարցում, իսկ սա նշանակում է, որ շատ շուտով նա կջլատվի ու կփորձի իր հարվածներն այլ ուղղությամբ տանել` վերջնականապես չխայտառակվելու համար:

Թուրքիայում արդեն սկսել են խոսել այն մասին, որ սիրիական պատերազմը կարող է Էրդողանի իշխանության անկումն ավետել: Թուրքական առաջադեմ քաղաքական գործիչներն ու մտավորականությունը լավ են հասկանում, որ եթե անգամ չբռնկվի տարածաշրջանային պատերազմ, միևնույն է, իրենց երկիրն արդեն կանգնում է տնտեսական քայքայման եզրին, ինչն էլ կարող է սկիզբ դնել պետության մասնատմանը: Ճիշտ է, առայժմ ցայտուն չեն անջատողական տրամադրությունները, սակայն Քրդական բանվորական կուսակցությունը մեծ ջանքեր է գործադրում` օգտվելու խառնակ իրավիճակից և ոտքի հանելու իր ուժերը` Քրդական պետության ստեղծման տեսլականն իրականություն դարձնելու համար:

Թուրքիայից աստիճանաբար հեռանում է նաև Իսրայելը, որը նույնպես հասկացավ, որ սիրիական պատերազմում ինքն անելիք չունի: Ավելին, հատկապես Իսրայելը գիտակցեց, որ ռազմական գործողությունների էսկալացիան կարող է հանգեցնել Թուրքիայի, Իրաքի, Իսրայելի և Լիբանանի ավերմանը: Իսկ դրանից կօգտվի երբեք չթուլացող Սիրիան, որը եղել ու մնում է տարածաշրջանի ամենահզոր երկիրը թե´ ռազմական ու մարդկային, թե´ ռազմավարական ներուժի առումով: Այսինքն, Սիրիային կարճ ժամանակամիջոցում ծնկի բերելու և այստեղ իր ներկայությունը հաստատելու Թուրքիայի ծրագիրը արդեն տապալվում է:

Թուրքիայի նպատակները երկսայրի էին` Սիրիային առնել իր ազդեցության տակ և հարվածներ հասցնել Սիրիայի մեծաքանակ քրդական զանգվածին: Այդ ցանկություններն արդեն հօդս են ցնդում: Թուրքիայի վերջին հույսը Միացյալ Նահանգներն էր, սակայն Բարաք Օբաման էլ հասկացրեց, որ ինքը զբաղված է ընտրություններով, Սիրիայում շահեր չունի: Թուրքիայի համար մեծ անակնկալ էր ՀԱՊԿ գագաթնաժողովի հրավիրումը, որի ենթահիմքում Սիրիայի խնդիրն էր: Ճիշտ է, այս մասին ոչ ոք չի բարձրաձայնել, սակայն տեղյակ ենք, որ գագաթնաժողովի նպատակն էր ստուգել ուժերն ու պատրաստականությունը և հրահանգ մշակել` անհրաժեշտ պահին Սիրիային օգնություն ցույց տալու` անպայմանորեն Ռուսաստանի միջոցով: Ուրեմն, այսօր Թուրքիան ինքն է հայտնվել շրջափակման մեջ և գերագույն ճիգեր է գործադրում` վերջնականապես չհեղինակազրկվելու համար: Ահա ինչու է Անկարան սկսել ռազմական շանտաժի ենթարկել Լիբանանը: