ԱՐԴՅՈ՞Ք ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ  ԱՌԻԹ ՈՒՆԵՆՔ


 

…Զեկույցի բարի տոնայնությունը վայրկենական ուրախություն է ծնում: Բայց լավատեսություն` երբեք: Քանզի ջուրը շարունակելու է իր ճամփով գնալ` մեծացնելով թիվն այն հիասթափվածների, ովքեր Հայաստանում բիզնես են սկսել ու բախվել և շարունակում են բախվել արհեստական խոչընդոտների...…

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի Doing Business 2013 ամենամյա զեկույցն այս օրերին դարձել է հայաստանյան գործադիր իշխանություն ների հպարտանալու առարկան: Այստեղ նշվում է, թե Հայաստանը առաջադիմել է 18 կետով և 50-րդ տեղից բարձրացել 32-րդ տեղ: Ի՞նչ տեղի ու ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը:

Զեկույցում խոսքն ընդամենը բիզնես սկսելու համար ստեղծված պայմանների մասին է: Բայց ահա մերոնք խանդավառվել ու ոգևորվել են, ասում են, թե տարածաշրջանում դարձել ենք առաջատար, որ զիջում ենք միայն Վրաստանին: Իհարկե, բոլորս էլ ուրախանում ենք, մանավանդ որ մեզանից ոչ ոք մեր երկրի թշնամին չէ, անգամ Հայաստանից դուրս ապրող մեր ծանոթներին ու հարազատներին ենք «աչքալուսանք» տալիս, որ արդեն ունենք նշանակալի ձեռքբերում:

Սակայն մի բան է բիզնես սկսելը, մի բան է դրա զարգացումը: Նշանակում է, այս զեկույցն այնքան էլ չի արտացոլում օբյեկտիվ իրավիճակը և չի դառնում իրականության համակողմանի պատկերը: Քանի˜-քանիսն են Հայաստանում բիզնես սկսել, ապա հիասթափված հեռացել` իրենց բիզնես-ծրագրերը տեղափոխելով այլ երկրներ:

Իսկ բիզնես ձեռնարկած որոշ անձինք էլ հայտնվել են բանկային ու դատական ջրապտույտների մեջ` այդպես էլ չկարողանալով լուծել իրենց համար առաջադիր համարվող խնդիրները: Ուրեմն` այս զեկույցն ընդամենը մեկնարկային քայլերի մասին է, այն ծրագրերի, որոնք Հայաստանի կառավարությունը ներկայացնում է` «մոռանալով», որ ցանկացած բիզնես-ծրագիր դատապատված է, եթե այն չունի հզոր հովանավորներ ու «տանիք» և` եթե չի խոչընդոտվում օլիգարխների կողմից: Իսկ Հայաստանում իշխողը մոնոպոլիստների շահերն են, նրանց ձևավորած հարաբերությունները, որոնց անգամ հպատակվում և որոնք սպասարկում են մեր շատ իշխանավորներ ու պաշտոնյաներ: Նրանցից շատերը ներգրավված են որոշ կլանային-թայֆայական հարաբերությունների մեջ, նրանք զարկ են տալիս մենաշնորհներին` ուրիշների թույլ չտալով ընդգրկվել բիզնես դաշտում: Բազմաթիվ անգամներ ենք բարձրացրել այն խնդիրը, որ Հայաստանում տապալվում են փոքր ու միջին բիզնեսի ծրագրերը: Տապալողները հենց մենաշնորհների տերերն էին, այսպես կոչված օլիգարխները, ովքեր այժմ ամեն ինչ հպատակեցրել են իրենց: Վերլուծաբաններից մեկը գրել է.

- Դաշտը խեղդվում է օլիգարխ մոնոպոլիստների ախորժակից, իսկ եթե որևէ բարեփոխում էլ կատարվում է, ապա մնում է միայն թղթի վրա, քանի որ իրականում շարունակում են առանց որևէ սահմանի գործել կլանային, թայֆայական կանոնները և հարաբերությունները:

Միանգամայն ճիշտ դիտարկում է: Մեր տնտեսության անկման, տնտեսական դաշտում Հայաստանի ներփակվածության մեղավորները ոչ այնքան իշխանություններն են, որոնց մեղադրում ենք տնտեսական հայեցակարգի բացակայության մեջ, այլ առաջին հերթին նրանք, ովքեր իրենց հռչակել են տնտեսության «կարգավորիչներ» և գրավել ամեն ինչ... Նրանց դեմ պայքարը միայն հնարավորություն կտա մեզ` դուրս գալ այս վիճակից և անկեղծորեն ուրախանալ զեկույցով: Բայց առայժմ ուրախանալու քիչ առիթներ ունենք: