ՀԱՅԱԽՈՍ «ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ


Առաջին և միակ հայկական հայատառ թերթն է «Հայրենիք»-ն Իսպանիայում: Իսկ հայաբառ տպագիր մամուլի գոյությունը չի կարող ինքնանպատակ լինել: Իսպանական ափերում հանգրվանած հայն, անշուշտ, նաև Հայրենիք ից» է իր երկրի կարոտն առնում, նրա էջերում հայրենիքի վերածննդի ծիլեր որոնում...

Արարատ ՂՈՒԿԱՍՅԱՆ. Վալենսիայի «Արարատ» հայկական միության նախագահ, «Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր խմբագիր.

- Ինչո՞վ էր պայմանավորված «Հայրենիքի» ծնունդը, և ինչպե՞ս այն ճանաչելի դարձավ իսպանահայ ընթերցողին:

- Թերթ ունենալու անհրաժեշտությունը հասունացել էր, և կարևոր է դրա գոյությունը: Հայ ընտանիքներին համախմբելու, նրանց հայ ինքնությունը միշտ արթուն պահելու լավագույն միջոցը պարբերաթերթն էր, որը մուտք գործելով ընտանիքներ` կարողանում է ինչ-որ չափով նպաստել հայկականության պահպանմանը: Պատկերացնում եք երևի, որ դժվարությունները շատ են, բայց ամենադժվարը, թերևս, ֆինանսականն է. թերթը տարածում ենք անվճար և հովանավորներ էլ չունենք: Պարզապես ցանկանում ենք, որ հայերն այնտեղ կարդան մայրենի լեզվով: Համաշխարհային ճգնաժամը շատ ուժեղ հարվածեց Իսպանիային, իսկ դա չէր կարող չանդրադառնալ հայ համայնքի վրա:

- Ո՞րն է իսպանահայության ամենաբնորոշ գիծը:

- Աշխատասիրությունը: Դժբախտաբար, սակայն, այդ երկրում այսօր աշխատանք չկա: 2008 թվականից սկսած` մեր համայնքը սկսել է նոսրանալ. մարդիկ տեղափոխվում են Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ռուսաստան և այլ երկրներ, որպեսզի կարողանան աշխատանք գտնել:

- Պահպանվո՞ւմ է ուշադրությունը Հայաստանի հանդեպ:

- Անպայման: Ես կասեի ավելին` մտահոգ են. թերևս ավելի մտահոգ, քան դասական սփյուռք ունեցող երկրներում բնակվողները: Իսպանիայում նոր է ձևավորվել հայ համայնքը. 20-25-ամյա սփյուռք է, և բոլորս Հայաստանից ենք մեկնել այնտեղ: Գրեթե բոլորն այստեղ հարազատներ, բարեկամներ ունեն, որոնց կյանքով ու ճակատագրերով չմտահոգվել չեն կարող:

- Համահայկական այս համաժողովներին Դուք առաջին անգամ չէ, որ մասնակցում եք: Ասել է թե` զգացել եք դրանց օգտակարությունը:

- Կարևոր է դրանց մասնակցելը: Այս համաժողովներում բոլորս լիցքավորվում ենք համախմբվածությամբ, ինչը մեծապես նպաստում է, որպեսզի կարողանանք ոչ միայն հավուր պատշաճի ներկայացնել մեր հայրենիքը, այլ նաև` պայքարել թուրք-ադրբեջանական ապատեղեկատվության դեմ:

Ի դեպ` երեկ լրացավ մեր ռադիոժամի 1-ամյակը. 2015 թ. հոկտեմբերի 19-ին առաջին անգամ Իսպանիայի ռադիոեթերից հնչեց «Բարև, հայություն» ողջույնն` ուղղված աշխարհասփյուռ հայությանը: Ռադիոժամը շաբաթական մեկ անգամ է եթերում, և մենք կարողանում ենք այդ 1 ժամի ընթացքում ներկայացնել հայ մշակույթը, խոհանոցը, գրականությունը... Ձգտում ենք հնարավորինս հագեցած տեղեկատվություն հաղորդել Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Հաղորդումները ներկայացնում ենք հայերեն և իսպաներեն լեզուներով, որպեսզի իսպանացիներն էլ ճանաչեն մեզ. հայաքիչ երկիր է, ու դեռևս քիչ գիտեն մեր մասին: