ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼ Է ՊԵՏՔ


Մարիա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. Հալեպ, «Գանձասար» հայկական շաբաթաթերթ.

Մարիան Հալեպից 3 օր առաջ էր եկել` մասնակցելու համաժողովին: Առաջին հարցը, բնականաբար, հալեպյան իրադարձությունների, քաղաքակրթված աշխարհի աչքի առջև ավերակների վերածված շեն երկրի և նույնիսկ ամեն պահի զոհվելու վտանգի տակ այն լքել չցանկացողների մասին էր: Եվ Մարիայի խոսքերում ու հայացքում, նույնպես խուճապ չկար.

- «Գանձակը» անխափան շարունակում է լույս տեսնել նաև պատերազմական վերջին 6 տարիներին: Իհարկե` բավական ծանր պայմաններում: Մի քանի անգամ ռմբակոծվել է խմբագրատունը: Մենք ստիպված էինք տեղափոխվել «Արամ Մանուկյան» կենտրոն, որը ևս վտանգվեց, ու ուրիշ տեղ տեղափոխվեցինք, բայց թերթը շարունակեց լույս տեսնել: Խաղաղ օրերում մեծ անելիքներ ուներ թերթը, իսկ պատերազմական իրավիճակում է´լ ավելի է մեծանում մամուլի դերը: Ամենակարևորը և ցավալին այն է, որ «Գանձակը» կարողացավ դառնալ պաշտոնական աղբյուր: Սակայն ափսոս` ստեղծված իրավիճակում տեղեկատվություն ստանալու համար աշխարհի տարբեր երկրներից ու նույնիսկ հայրենիքից կապեր են հաստատում ոչ պաշտոնական աղբյուրների հետ: Եվ երանի այդ աղբյուրներն էլ իրական տեղեկատվություն տրամադրեին: Ափսոս, որ ապատեղեկատվություն հորդեց տարբեր լրատվամիջոցներում, ինչը նեղացրեց մեզ: Ամենադիպուկ օրինակը. տեղյակ եք, որ մի քանի օր առաջ Հայաստանից օժանդակություն հասավ Սիրիա: Այն բաժանվեց մայրաքաղաք Դամասկոսի ծովափնյա շրջանում` Լաթաքիա, Քեսաբ մեծ համայնքում և Հալեպում: Օգնությունը տեսակավորեցինք ընտանիքների համար առանձին-առանձին, տեղավորեցինք մի մեծ սրահում, և մարդիկ ստացան իրենց համար նախատեսվածը: Բայց ինչ-որ թերթ գրեց, թե օժանդակությունը չի բաժանվել... Այս օրինակով ուզում եմ ասել, որ անճիշտ և չափազանցված, իրականությունից հեռու տեղեկատվությունից հարկ է զերծ մնալ:

- Այսինքն, վիրավորների և զոհերի մասին տեղեկատվությունների՞ն էլ պետք է կասկածել:

- Այո, 4 զոհերի թիվը որոշ պարբերականներում 40 դարձավ, 1-ը` 10:

- Իսկ գուցե նման աղավաղումներն այլ նպատակ էին հետապնդում. թեկուզ` խուճապը խորացնել:

- Կարող է և այդպես լինել, բայց ես չեմ ուզում վատը մտածել. կարծում եմ, որ դա պարզապես սխալ ընթացքի արդյունք է: Տեղեկություն հաղորդողներ էլ կային, որ այդ պահին ընդհանրապես Հալեպում չէին:

Պարզվում է` Հալեպում հայտարարված զինադադարն էլ ադրբեջանական «զինադադարի» նման է: Մարիան դառը ժպտում է, երբ փորձում եմ գոհունակություն հայտնել` խաղաղության նախանշանի առիթով.

- Տակավին դեռ երեկ զինադադարը խախտվում էր, թեև մենք պահպանում ենք այն:

Երիտասարդ լրագրողուհին փաստում է նաև, որ Հալեպում մնացողները չեն ցանկանում հեռանալ:

- Այսօրվա վիճակով այնտեղ 10 հազար հայեր կան:

- Այստեղ տեղեկատվություն տարածվեց, որ 600 հայեր ցանկություն են հայտնել Հայաստան տեղափոխվել և «Հալեպ» հասարակական բարեսիրական կազմակեր պությունը միջոցներ էր հայթայթում` նրանց տեղափոխը կազմակերպելու:

- Կարող է և կան Հայաստան տեղափոխվել ցանկացողներ, բայց թիվը, կարծում եմ` չափազանցված է: Կարող է, օրինակ, 60 հոգի լինել:

- Ինքս փորձեցի և այդ կազմակերպությունից ստույգ տեղեկատվություն «կորզել» չկարողացա, բայց ինձ մտահոգում էր, թե առանց Հայաստանի իշխանությունների հետ համագործակցելու, ինչպե՞ս և ո՞ւր են տեղավորելու այդ մարդկանց` տեղափոխելուց հետո:

- Կազմակերպությունը դիմողներին չի խոստանում նման բան, նրանց 500-ական դոլար է տրամադրում միայն:

Ինչ վերաբերում է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովին, ապա Մարիա Գաբրիելյանի ներկայությունն իսկ հուշում է, թե որքան է կարևորում նա այս համահավաքը:

- Նման խորհրդաժողովները կարևոր են: Ամենաօգտակարը կարծիքներ փոխանակելն է, անձնական փորձառություն ձեռք բերելը: Կարող ենք իրար հետ ծանոթանալ, համագործակցության եզրեր գտնել... Ամենադրական կողմերից մեկն էլ այն է, որ փորձառու լրագրողներ են մասնակցում, որոնց փորձից կարող ենք օգտվել: