ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ԱՄԵՆՔԻՍ ՀՈՒԶՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ


Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. Լիբանան. «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նախագահ.

- Ձեր տպավորությունները նախորդ համաժողովներից և ակնկալիքը` 8-րդից:

- Չորրորդ համաժողովից եմ մասնակցում այս համահավաքներին: 5-րդից սկսյալ` Սփյուռքի նախարարությունը դարձավ դրանց նախաձեռնողն ու աջակիցը, և կարծում եմ, որ աննախադեպ ընդառաջում էր դա: Առաջին հերթին փոխճանաչողականության առումով սա մեծ նպաստ ունեցավ. և ոչ միայն Հայրենիք-Սփյուռք, այլև Սփյուռք-Սփյուռք փոխճանաչումին: Հայկական աշխարհում գործող ամենահիմնական լրատվամիջոցների ղեկավարների այս համախմբվածությունը նպաստավոր է` շատ հիմնարար խնդիրներ միասնաբար քննարկելու, համագործակցության ուղիներ որոնելու և որոշակի առումով այդ ուղիները գտնելու տեսակետից ևս: Շատ կարևոր է նաև մեկ այլ հանգամանք. մենք քննարկում ենք համահայկական, բոլորիս հուզող խնդիրներ` մեր հակառակորդների սանձաձերծած ապատեղեկատվական արշավներին հակազդելու և հանրային կարծիքը ճիշտ կողմնորոշելու: Շատ օպերատիվ քննարկումներ են, և դիմադրողականության ձեռքբերումը մեզ օգնեց և´ ապրիլյան քառօրյա պատերազմին պատշաճ արձագանքելու, և´ հակառակորդի ապատեղեկատվական ծրագրերում չներքաշվելու առումով:

- Դուք քաջածանոթ եք միջազգային լրատվամիջոցներին` թե´ օտարալեզու, թե´ հայկական: Ձեր հայացքով ի՞նչ վիճակում է այսօր մամուլը` ընդհանրապես և հայկականը` մասնավորապես:

- Մամուլը, իհարկե, շատ բազմաշերտ է այսօր: Տպագիր մամուլը դասական տեսք է ստացել, նորարարությունները դարձել են նույնիսկ կենսակերպ: Տեխնոլոգիաները համապատասխան մեխանիզմներ են ընձեռում այլընտրանքային լրատվամիջոցներին, անընդմեջ նորացվում են էլեկտրոնային տարածքներում աշխատող մեխանիզմները: Ուզում եմ ասել, որ մասսայական լսարանին հասնելու համար մենք անհրաժեշտություն ունենք հետևելու ամենանորարար մեթոդներին` հասանելի դառնալու համար լայն զանգվածներին: Բազմաշերտ է նաև լսարանը:

- Առկա լրատվամիջոցներն իրագործո՞ւմ են իրենց գերագույն խնդիրը` անաչառ տեղեկատվություն հաղորդել և հասարակական կարծիք ձևավորել:

- Մամուլն այսօր գերքաղաքականացված է ամբողջ աշխարհում, և ընդհանուր առմամբ` իրադարձություններն օբյեկտիվ չեն լուսաբանվում: Ամենահզոր լրատվամի ջոցների թիկունքին կանգնած են պետություններ, որոնք իրենց քաղաքականությունն ունեն` նաև տարբեր տարածաշրջաններին վերաբերող ռազմաքաղաքական իրադարձությունները լուսաբանելու: Մի խոսքով` տեղեկատվական պատերազմ է, որն էլ իր օրենքներն ունի և որոնց ևս պետք է հաղորդ լինել ու երբեմն էլ հակազդել: Այս հորձանուտում, այս խայտաբղետ իրավիճակում և հատկապես այնտեղ, ուր հայկական գործոնը դերակատար է, հայ մամուլն ունի խնդիր` այդ միջավայրերի իրադարձություն ները լուսաբանելիս: Դա լինի թե´ ճգնաժամերը, թե´ Արցախյան հակամարտության շփման գծերում իրավիճակը, թե´ սիրիական պատերազմը լուսաբանելիս: Սիրիայում մենք ունենք դասական կազմակերպ համայնք, որին վերաբերող լուրերը պիտի լինեն կշռադատված, խուճապ չստեղծող: Որպեսզի նաև այլ ուժեր հայկական գործոնը չշահարկեն իրենց նպատակների համար: Քաղաքական դիտարկումների, քաղաքագիտական որոշակի հմտություն է պետք` այս ամենն ազգային ոսպնյակով դիտելու, տվյալ համայնքի ու մանավանդ` Հայաստանի Հանրապետության շահերը նկատի ունենալով լուսաբանելու և մեկնաբանելու համար: