ՀՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ


Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ. Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ.

- Շատ հետաքրքիր զարգացում ունեցան այս համաժողովները: 1-ին-2-րդ-ն ավելի շատ կազմակերպական բնույթի էին և լրագրողական հանրության ազնիվ ներկայացուցիչները ձգտում էին դա ավանդույթ դարձնել ու «մոտեցնել» Սփյուռքը: Այսօր կարող ենք արձանագրել, որ դա հաջողվել է:

Բայց, եթե հիմքը դրել էին ոչ կառավարական, այլ` լրագրողական կազմակերպությունները, այդ ցանկությունն իրողություն դարձրեց Սփյուռքի նախարարությունը: Առանց այս գերատեսչության` մենք չէինք կարող կամուրջն այսքան ամրացնել: Սկզբնական շրջանում բավարարվում էինք զգացմունքներ արտահայտելով, հիմա ստացվում են կոնկրետ առաջարկներ, որոշակի մտահոգություններ, թե ինչպես նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, սոցիալական վիճակի մեղմմանը, սփյուռքյան լրատվամիջոցների պահպանմանն ու երիտասարդացմանը: Եվ, վերջապես` ինչպե՞ս նպաստել մամուլի դաշտի ձևավորմանը, լրագրողական պրոֆեսիոնալիզմին, որի պակասից տուժում է ընթերցողը: Չէ՞ որ ոչ հավաստի տեղեկատվության հետևանքով կորում է մարդկանց վստահությունը, զգոնությունը: Օրինակ, սոցցանցերում տեղադրված ստահոդ մի կարծիք երբեմն արտատպվում է տարբեր լրատվամիջոցներում` նախ ապակողմնորոշելով, հետո` հիասթափեցնելով ընթերցողին:

- Ձեր ասածի վկայությունը մեր օրերում լրագրողների հանդեպ ձևավորված ոչ այնքան հարգալից վերաբերմունքն է: Բոլորը չէ, որ զուրկ են մասնագիտական նախանձնախնդրությունից ու էթիկայից, և բարոյական առումով տուժում են հենց նրանք` նույնացվելով իրենց անփույթ գրչակիցներին:

- Առեղծվածային կանվանեի այն երևույթը, որ ընդդիմադիր մամուլը ոչ մի դժվարություն ու ընդհատում չունի, իսկ մեր մասնագիտությամբ, մեր երկրի այսօրվա, վաղվա օրով մտահոգ լրատվամիջոցները ծանր օրեր են ապրում:

- Դրանում նաև լրատվամիջոցներն են մեղավոր, երևի: Ընթերցողի հետաքրքրությունները շեղել ենք դեպի հայհոյախոսություն ու բամբասանք, դեպի այսպես կոչված` սենսացիա:

- Այո. գուցե կոպիտ է հնչում, բայց որոշ ԶԼՄ-ներ կարողացան ընթերցողի մեջ ներարկել դահիճի հոգեբանություն` «որքան վատ` այնքան լավ» սկզբունքով: Ինձ ուրախացնում է, որ ընթերցողն արդեն հասկացել է, որ նման լրատվամիջոցներին վստահել չի կարելի, և նման «սենսացիաների» ծարավը նվազել է: Իմ խորին համոզմամբ` մեր ոլորտի թիվ 1 առաջնահերթությունը մամուլի շուկայի ձևավորումն է: Իսկ դրա համար նախևառաջ գովազդային շուկան պետք է կայանա, որպեսզի մամուլը կարողանա միջոցներ հայթայթել:

- Գովազդներ այսօր էլ կան, սակայն շատերի համոզմամբ` այս կամ այն լրատվամիջոցներին վճարովի գովազդ տալը ևս քաղաքական պատվեր է:

- Այդ խնդիրը բարձրացվել է նախկին վարչապետի հետ հանդիպման ժամանակ. այդ հարցում սխալ քաղաքականություն կա:

- Մեր այս զրույցը ևս ակամա փաստում է համաժողովի օգտակարությունն ու անհրաժեշտությունը: Ընդմիջման կարճ ժամանակահատվածում մտքեր ենք փոխանակում մերօրյա մամուլի խնդիրների շուրջ:

- Օրինաչափ է: Հուրախություն բոլորիս` այս համաժողովներն իսկապես օգտակար են ամենից առաջ նրանով, որ նպաստում են Հայրենիք-Սփյուռք փոխգործակցութ յանը: Իսկ վերջին շրջանում շրջանառվում է այն միտումը, որ Սփյուռքի նախարարությունն օգտագործի ներուժը. Ոչ թե Սփյուռքը փող տա, այլ իր ներուժով օգտակար լինի հայրենիքին: Արդեն կան նախադրյալները, որ դա ևս հաջող ընթացք է ունենալու: