Դուք մեծ ուժ եք


Ընդունելով Հայաստանում և Արցախում անցկացված «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ, ՀՀ Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆՆ ընդգծել է.

- Դուք մեծ ուժ եք, դուք ձեր գործունեությամբ մեզ վստահություն և եռանդ եք տալիս, որպեսզի մենք կարողանանք ուժերի առավելագույն գործադրմամբ կատարել մեր պարտականությունները: Մենք մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ խոսել ենք այն մասին, որ մեր տեսակետից պետք է առանձնացնել երկու կարևոր հանգամանք. առաջին հանգամանքը այն լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքն է, որն ուղղված է բուն հայկական համայնքին, այսինքն` հայապահպանությանն ուղղված աշխատանքը, և երկրորդ` տարբեր երկրներում աշխատող ազգությամբ կամ արմատներով հայ լրագրողներին համախմբելն է: Ե´վ առաջին, և´ երկրորդ պարագայում չափազանց կարևոր է, որպեսզի այս արագ փոփոխվող աշխարհում մենք կարողանանք գտնել աշխատանքի ճիշտ ձևերը, կարողանանք պահպանել հետաքրքրությունն այն նյութերի նկատմամբ, որոնց վրա մենք աշխատում ենք, հրապարակում ենք և ցանկանում ենք դրանով ազդեցություն ունենալ այս կամ այն հարցի վրա: Երկու պարագայում էլ, կարծում եմ, չափազանց կարևոր է միշտ հավատարիմ լինել լրագրողական բարեխղճությանը: Շատ կարևոր է նաև, որպեսզի մենք մեր ջանքերը կարողանանք համատեղել, գտնել այն էական խնդիրները, որոնց լուծման վրա պետք է ծախսենք մեր հիմնական էներգիան և մեր կարողությունները: