ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ`

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔ

Լրագրողների Համահայկական 8-րդ համաժողով

Ավանդույթներն ինքնաբերաբար չեն ծնվում, բայց ինքնաբերաբար ծնված լավ նախաձեռնությունը կարո´ղ է դառնալ ավանդույթ` եթե կայանում է հաճելիի և օգտակարի միաձուլումը: Մանավանդ` երբ այդ հաճելին ժամանցի նման վաղանցիկ չէ, իսկ օգտակարությունը գործնական արդյունքներով է չափվում:

Ի բարեբախտություն այս ծրագրերը հղացողների (Լրագրողների համահայկական ընկերակցություն, Հայաստանի ժուռնալիստների միություն, որոնց ղեկավարներն, ի դեպ, այդուհետ ևս ու մինչ այսօր բոլոր համաժողովների ակտիվ կազմակերպիչներից ու մասնակիցներից են)` Հայաստանի նորաստեղծ Սփյուռքի նախարարությունն անտարբեր չմնաց գաղափարի նկատմամբ: Քիչ է ասելը` անտարբեր չմնաց. ստանձնեց դրա իրագործողն ու զարգացնողը դառնալու նախաձեռնությունը:

Եվ Լրագրողների համահայկական համաժողովների շարունակականությունը ու մանավանդ` դրանց մասնակցելու համար աշխարհի տարբեր ծագերից Հայաստան եկող հայ լրագրողների ջանադրությունը փաստում է, որ ավանդույթը կայացել է և կատարելագործվում է հանդիպումից հանդիպում:

 

Անցյալ շաբաթ Երևանում մեկնարկած ու Ստեփանակերտում շարունակված համահավաքը 8-րդն էր և նվիրված էր հայկական երկու հանրապետությունների անկախության քառորդդարյա հոբելյաններին: Այն ուղիղ հեռարձակվում էր համացանցով, և հեռավոր ափերից Հայաստան գալ չկարողացող հայ ու հետաքրքրասեր այլազգի լրագրողները կարող էին հետևել դրա ընթացքին, բարձր տեխնոլոգիաների շնորհիվ` մասնակցել աշխատանքներին:

Խորագիրն ինքնին խոսուն էր ու բազմախոստում` «Հայոց պետականությունը` միասնության առանցք»: Նաև պարտավորեցնող էր մեր պետականությունը կերտողներին և ուղերձ` աշխարհասփյուռ հայերից, որ ամրակուռ պիտի լինի այդ առանցքը, չճկվող, որպեսզի իր շուրջ հավաքի հայրենաբաղձ բոլոր հայերին: Զի ազգային ինքնության պահպանման գրավականն ու նախապայմանը կայացած, ինքնաբավ Հայրենիքի գոյությունն է: Վտանգի պահին նրան պաշտպանել շտապող տեղաբնակներն ու սփյուռքահայերը ակնկալում, պահանջում ու հորդորում են` կանգուն պահել համայն հայության Տունը, շենացնել այդ օջախը, որի ծուխը բոլորի համար քաղցրալուր կանչ է, հույսի ապավեն, տեր լինելու և տեր ունենալու վայելք: Ինչպես ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշեց համաժողովի բացման իր խոսքում`

- Անցնող ապրիլյան պատերազմին մենք համահայկական լրատվադաշտի համերաշխ և միասնական աշխատանքի ականատեսը դարձանք: Այս համաժողովի նպատակը համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումը պետք է լինի, լրատվական ներուժի համախմբումը և արդյունավետ կիրառումը` Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայակական հիմնախնդիրների լուծման գործընթացում: