Հայֆեստի հեղինակությունը տարեցտարի բարձրանում է


Մշակութային թատերականացված խայտաբղետ մի հրավառություն էր Հայֆեստ միջազգային չորրորդ փառատոնը, որ իր ժանրային բազմազանությամբ` մնջախաղ, տիկնիկային և խամաճիկների թատրոն, պլաստիկ պարային թատրոն, ավանդական դրամատիկ թատրոն, բացօթյա հանդիսախաղ, օպերային թատրոն, կլոունադա..., թատերականից վերափոխվել էր կատարողական արվեստի ամենատարբեր, հաճախ սինթետիկ արտահայտությունների շքահանդեսի: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, գլխավոր պրոդյուսեր Լևոն Աբրահամյանը բազմաթիվ հովանավորների և ՀՀ վարչապետի ու պաշտպանության նախարարի ֆինանսական մեծ օժանդակությամբ զգալիորեն ընդլայնել էին մասնակից երկրների (31) ու խմբերի (50) ցանցը և բացառիկ հնարավորություն ընձեռել արվեստասեր հայ հասարակայնությանը ծանոթանալու միջազգային մշակութային դաշտում առկա ժամանակակից միտումներին, հետաքրքրություն ներին, գեղագիտական մտածողությանը: Գերհագեցած ծրագրի շրջանակներում ցուցադրված ներկայացումների մեջ, ցավոք, հազվադեպ էին բարձրարվեստ փայլատակումները: Այդուհանդերձ մոտ 300 մասնակիցների եռանդուն ջանադրությամբ ստեղծված խանդավառ մթնոլորտում կարելի եղավ տարաբնույթ իմպուլսներով հարստացնել տարբեր թատրոններում ու հրապարակներում նոր անակնկալներ փնտրող, օրավուր ստվարացող հետաքրքրասերների խմբերին: Թատերական հակումներ ունեցող երիտասարդները որոշակի դասեր քաղեցին Էդուարդ Բոյակովի, Մարտեն Ռեգոուինի, Լևան Խեթագուրիի, Ռոյ Պետերսի, Ֆաբիեն Բերժեի և հանրահայտ ուրիշ արվեստագետների հատուկ իրենց մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպված վարպետության դասընթացներից: Բեմական պրակտիկայով հղկված մի կենդանի ուսումնական դասընթաց կազմեցին Ալիստեր Օ°Լահլիի «Ողբերգակը» եռերգությունը (Մեծ Բրիտանիա), Միրյանա Փրեյսի «Կինը, որը չափազանց շատ է խոսում» պատկերավոր հումորեսկը` աֆորիստիկ ու խորիմաստ պլաստիկ արտահայտչամիջոց ներով, բեմական շարժման ու մունջ գործողության միջոցով ստացված անսովոր միզանսցեններում անորոշ բովանդակային գծեր ցուցադրող «Լիեն» պարային ժամանակակից խումբը (Շվեյցարիա), հայկական նորաստեղծ «Միհր» պարային պլաստիկայի թատրոնի «Արդյո՞ք խենթ եմ ես» քնարական պատումը անհատ ստեղծագործողի տառապանքների ու խոկումների շուրջ: Անհնար է թատերական մեկ արձագանքում մանրակրկիտ անդրադառնալ ուշագրավ ու խոտելի բոլոր ներկայացումներին, սակայն չի կարելի անտեսել Թբիլիսիի Մատների թատրոնի «Պատը» աշխատանքը (Բեսո Կուպրեիշվիլի): Այն ավելին էր, քան Փինք Ֆլոյդի հռչակավոր ֆիլմի թատերականացված ադապտացիան: Դերասանախմբի անզուգական վարպետությամբ, որ հնարամտո րեն համակարգվել էր բեմադրական նպատակասլաց մտածողությամբ գտնված լուծումներով ու հնարքներով, խոհական փիլիսոփայական զարմանալի խորաթափանցությամբ բեմի վրա հասունանում էր սիրո մոգական ուժով մարդկանց միջև բռնի բարձրացվող խորհրդանշական պատի շուտափույթ փլուզման անհրաժեշտության գաղափարը արտասովոր թատերական հուզական միջավայրում, անխոս հիմնավորվում երաժշտական տիպականացման ճանապարհով: Ավարտական տեսարաններում հանդիսատեսն ինքը մտահոգված էր հանուր մարդկության փրկության տեսակետից մարդկային խմբերին, անհատներին բռնի խորթացնող կապանքներից ազատագրվելու գլոբալ պրոբլեմով: Վրացական թատերական բարձրակարգ դպրոցի հավաստիքն էր նաև «Վերելակում» մոնոդրաման (Գիորգի Սիխուրալիձե): Կարծում եմ, այս անժխտելի իրողությունը կարժանանա հայ արվեստագետների պատշաճ ուշադրությանը` մղելով նրանց կոնկրետ փոխշփումներով թատերական մեր նոր սերնդին հարստացնելու գործնական քայլեր ձեռնարկել: Փառատոնի շրջանակներում կրկին խաղացվեցին Երիտասարդական փառատոն-ստուգատեսում ցուցադրված գործերից շատերը, որոնց մասին ընդհանուր առմամբ արտահայտել եմ վերլուծա կան նկատառումներս: Դատելով արձագանքներից` տրված գնահատականներս ընդունելի են շատերի կողմից որպես անաչառ ու հիմնավորված: Չեմ ուզում կրկնվել: Կասեմ միայն, հուրախություն ինձ, որակական շահեկան փոփոխություն նկատեցի Դարիո Ֆոյի «Վագրերի որսում»: Մեն-մի փոփոխությամբ, Սարգիս Մելքոնյանի Զինվորի դերակատարմամբ, հաջողվել էր ապահովել քաղաքական ֆարսի այն ներգործությունը և բեմական ձևակերպումը, որին ձգտում էր բեմադրիչ Դանիել Առագաստը: Տպավորիչ էր «Երկնագույն երկրագնդում» Զարուհի Անտոնյանի Սոնեչկան` հյութեղ մի դերակատարում, որ անբացատրելի հմայք էր հաղորդում Ցվետաևայի բանաստեղծությունների հիման վրա արված այս տխրաթախիծ ներկայացման (բեմադրիչ` Նարինե Գրիգորյան) ողջ ընթացքին: Այս դերակատարումը ինձ հույս է ներշնչում, որ բազմաշնորհ, ինձ համար նորահայտ, երիտասարդ արտիստուհուց կարելի է նոր հետաքրքիր թատերական նվաճումներ ակնկալել (տա Աստված, կրկին չսխալվեմ): Հայֆեստում ինձ համար հատկապես ուշագրավ էին տիկնիկային ու մանկական ներկայացումները` փառատոն փառատոնի շրջանակներում: Այս նախաձեռնության հեղինակը և գլխավոր իրագործողը, կարծում եմ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանն էր: Դրվատանքի է արժանի ծանրակշիռ մոտեցումը, որով նա ընտրել էր հիմնական ծրագրի աշխատանքները, նաև բարյացակամությունը` երիտասարդներից շատերին ինքնաարտահայտման փառատոնային հնարավորությունը ընձեռելու, նրանց ինքնուրույնությանը անվերապահ վստահելու: Ես կնախընտրեի, որ փորձառու բեմադրիչն ու մանկավարժը, ամեն դեպքում, փոքր-ինչ միջամտեր նորելուկ արվեստագետների աշխատանքներին, ասենք, «խորհրդակցական ձայնի» իրավունքով: Հավատացնում եմ, նրանցից շատերը դրա կարիքն ունեին: Ինչևէ: Կարևորը Բաբայանի կազմակերպչական նոր նախաձեռնության հաջող մեկնարկն է, որ անպայման կունենա բարերար ազդեցություն: Բրիտանական «Չիպոլատասը» անկեղծ զվարթություն պարգևեց հանդիսատեսին պարզունակ ձևերում ամփոփված իր անմիջական կենսուրախությամբ: Ներկայացված աշխատանքները հիմնականում կատակերգական շոուներ էին և անջնջելի տպավորություններ թողեցին մանուկ հանդիսատեսի ուշադրությունը մշտապես կլանող ու երևակայությունը սրող տարաոճ արտահայտչամիջոցներով, տեխնիկական ու կատարողական ադեկվատ լուծումներով: «Սպիտակաձյունիկը» (Դանիա), «Լա գուինդան» (Իսպանիա), «Հիմարների գյուղը» (Էստոնիա), «Պատկերներ ցուցահանդեսից» (Եկատերին բուրգ), «Փոքրիկ իշխանը» և «Տզզան ճանճը, վարպետ Բզեզը և այլ հեքիաթներ» ներկայացումները, կարծում եմ, դեռ երկար կքննարկի մանուկ հանդիսատեսը` վերհիշելով դրանց գունային-երաժշտական -բովանդակային ամենախոսուն դրվագները: Իմ տպավորությամբ, լավագույն մանկական բեմադրությունը Ինվիտո թատրոնի (Իտալիա) «Հենզելն ու Գրետելն» (Լուկա Ռադաելլի) էր: Թափառական հեքիաթասացը կիթառով, հարվածային գործիքներով, կալիմբայով ու ֆլեյտայով ստեղծում էր երաժշտական հենքը հանրածանոթ հեքիաթի, որ դերասանը վարակիչ անմիջականությամբ, ժողովրդական արվեստի ավանդական հնարքներով պատմում էր փոքրիկ բեմի վրա ծղոտներով արարված ինքնատիպ աշխարհում: Երեքից ութ տարեկան մանուկների համար խաղացվող ներկայացումը կլանեց բոլոր մեծերին` ակամա դարձնելով պասիվ մասնակիցը տեսարանից տեսարան առավել ուշագրավ դարձող այս յուրօրինակ պատմության: Հայֆեստով խանդավառությունը դեռևս պահպանվում է, չնայած փառատոնը արդեն հնչեցրել է ավարտական զանգերը: Շարունակում են մտովի դասդասել ստացած տպավորությունները, ձևավորել նոր սպասելիքները, վերանայել հայացքներն ու գնահատականները: Ուրեմն փառատոնն իսկապես կայացել է` ձեռք բերելով հարատևության վկայագիր: Ուրեմն հաջորդ Հայֆեստին կարելի է ավելի բարձր պահանջներ ներկայացնել որպես բավականին բարձր հեղինակություն ձեռք բերած մշակութային միջոցառման, քանի որ այն աննախադեպ հնարավորություն է անմիջականորեն առնչվելու մշակութային միջազգային ասպարեզում տեղի ունեցող խմորումներին, սեփական մաշկի վրա զգալու դրանցից շատերի հռչակված ներգործությունը, կատարողական արվեստի ուժը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ