Պատասխանատվություն բոլորի կողմից


ԱՐՄԵՆ ԲԱԼԲԱԲՅԱՆ գնդապետ, մայրաքաղաքի Նոր-Նորքի տարածքային զինվորական կոմիսար Զորակոչը համապետական ու համաժողովրդական գործընթաց է, որի առաջին պատասխանատուները, իհարկե, զինկոմիսարիատներն են: Բայց քանի որ խոսքը երկրի անվտանգության ապահովության երաշխավորին` բանակին է վերաբերում, այդ պատասխանատվությունը պետք է կրեն բոլորը` ընտանիքը, դպրոցը, բուժհաստատությունը, իրավապահ մարմինը, այդ կարևորագույն խնդիրը բոլորինն է, այստեղ ոչ ոք չպիտի անտարբեր մնա: Այդ առումով խիստ կարևոր եմ համարում սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ` դեռ մինչև զորակոչը, այդ ընթացքում նախազորակոչային տարիքի պատանիների կցագրման աշխատանքներ են իրականացվում, որը շատ պատասխանատու փուլ է: Պատանիների հաշվառում-կցագրումը մենք կատարել ենք ժամանակին: Բուժզննումից հետո հիվանդներն ուղարկվել են համապատասխան բուժհիմնարկներ` կրկնակի հետազոտման: Տղաների մոտ հայտնաբերված որոշ հիվանդություններ կարելի էր ժամանակին կանխել, եթե ուշադիր ու հետևողական լինեին ծնողները: Բուժհաստատություններից մենք նախապես պահանջել և արդեն ստացել ենք հաշվառման կանգնած անձանց ցուցակները: Բացի այդ, մանրամասնորեն ուսումնասիրվել են զինակոչիների ընտանիքների սոցիալական վիճակը, ճշգրտվել այն պատանիների անունները, ովքեր իրավունք ունեն օգտվել արտոնությունից` «Զինապարտության մասին» օրենքի պահանջներից ելնելով: Ներկայումս մեզ մոտ բուժհետազոտման են ենթարկվում այս տարվա աշնանն ու ձմռանը ազգային բանակ զորակոչման ենթակա պատանիները: Այս օրերին ծանրաբեռնվածությամբ է աշխատում զինկոմի սարիատի զորակոչային բուժհանձնաժողովը, որտեղ ընդգրկված են միայն բարձրակարգ ու փորձառու մասնագետներ: Զինակոչիկների բուժզննումը կատարվում է մանրակրկիտ, բոլոր ուղղություններով: Մեր մասնագետները հետևողական են, աչալուրջ: Խնդիրն այն է, որ հիվանդ պատանին, զինվորական ծառայությանը ոչ պիտանի զինակոչիկը չհայտնվի զորքերում: Այս հարցը պաշտպանության նախարարի կողմից շատ խիստ է դրված, և դա ճիշտ է: Միաժամանակ պատվի ու արժանապատվության խնդիր է դա: Որպես զինվորական կոմիսար ճնշված ես զգում, երբ հանրապետական հավաքակայանից զինակոչիկն ուղարկվում է լրացուցիչ բուժհետազոտման: Մի կարևոր հանգամանք, որի մասին կկամենայի նշել: Այսօր այլ է մարդկանց վերաբերմունքը մեր զինված ուժերի նկատմամբ: Զինակոչիկն այսօր որոշակի պատկերացումներ ունի զինվորական ծառայության մասին: Նա հպարտությամբ է մեկնում ազգային բանակ` իր հայրենասիրական պարտքը կատարելու, գիտակցելով, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, որի ազատության համար նաև երկրից դուրս ապրող հայորդիներն են եկել կռվել ու հերոսացել այս հողում: Նա հասկանում է, որ հայրենիքի ճակատագրի համար պատասխանատու է յուրաքանչյուրը: Այլ են նաև ծնողի պատկերացումները ազգային բանակի մասին: Այսօր նա ուրախությամբ է իր զավակին ճանապարհում բանակ, երգ ու երաժշտությամբ, հպարտությամբ լցված, քանզի ամբողջովին վստահում է բանակին, իր որդուն` հաղթելու դժվարին արվեստը ուսուցանող հրամանատարին է վստահում: Ծնողը գիտակցում է, որ զորամասը, զինվորական կոլեկտիվը ոգեղեն ուժ են, և որ իր զավակը գնում է ձուլվելու երկրի անդորրը հսկող այդ զորավոր ուժին: Սա շատ մեծ բան է: Որպես զինվորական կոմիսար, ամեն անգամ, զորակոչի օրերին այդ զգացումն եմ ապրում` նայելով զինակոչիկների հետ ողջագուրվող ծնողների ու հարազատների դեմքերին: Բանակն, այո°, սկսվում է զորակոչից, այն տղաներից, ովքեր պիտի գնան համալրելու նրա շարքերը: Ահա թե ինչու միշտ էլ առաջնահերթ խնդիր է եղել, ու այսօր էլ կա զորակոչային առաջադրանքների ամբողջությամբ կատարումը: Ապահովված ենք նաև վառելիքով ու տրանսպորտային միջոցներով. պաշտպանության նախարարությունը ժամանակին հոգ է տարել այդ մասին: Կարող եմ վստահորեն ասել, որ զինկոմիսարիատի անձնակազմը պատրաստ է զորակոչին, պատրաստ է կատարելու պաշտպանության նախարարի հրամանը:

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ