ՀՀՇ-ն «արցունքներին չի հավատում»


1998-ին, երբ ՀՀՇ-ն կորցրեց իշխանությունը, ոչ ոք չէր կարող գուշակել, որ գրեթե 9 տարի պետության ղեկը իր ձեռքում պահած քաղաքական ուժը ոչ միայն ունակ չի լինելու վերանվաճել իշխանությու նը, այլև նույնիսկ ի զորու չի լինելու հայտնվել խորհրդարանում` թեկուզ փոքր խմբակցությամբ: Իր իշխանության տարիներին բազմաթիվ թերություններով ու գործած կոպիտ սխալներով հանդերձ` ՀՀՇ-ն ձեռք էր բերել պետության ղեկավարման որոշակի փորձառություն: Այդ փորձը պետք է որ օգտակար լիներ գոնե խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ զբաղվելու պարագայում: Բայց մեր ժողովուրդն այնքան տառապանքներ է կրել նախկին իշխանությունների օրոք, որ այդ դժվարությունների պատճառները չի վերլուծում` տարանջատելով օբյեկտիվն ու սուբյեկտիվը: Պարզապես մերժում է Հայաստանի անկախության «դրոշակակիր» քաղաքական ուժին, կամա թե ակամա ՀՀՇ-ին դրդելով ենթադրել, որ հայ ժողովուրդը «քինախնդիր» է և ուրանում է նույնիսկ այն դրականը, որ իրենք կատարել են անկախության առաջին դժվարին տարիներին: Լիակատար ձախողվելով թե° 1999-ի, թե° 2003-ի խորհրդարանական ընտրություններում, ՀՀՇ-ն Հանրապետության նախագահի ընտրություններում իր թեկնածուն չառաջադրեց: Դա նշանակում է, որ հաջողության հասնելու որևէ հույս «նախկինները» չունեին: Երբեմնի իշխող ուժին լրացուցիչ դժվարությունների առջև կանգնեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը` մեկուսանալով քաղաքական կյանքից: Երևի թե դա է պատճառը, որ իշխանությունը կորցնելուց հետո անցած 9 տարիներին ՀՀՇ-ն տառապում է որբության սինդրոմով: Ինչևէ. 2007-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սույն կուսակցությունը կարծես փորձում է ձերբազատվել բարդույթներից` լիարժեքորեն մասնակցելով քաղաքական կյանքին: Ընտրարշավին ներգրավվելու և հաջողության հասնելու վճռականությունն, իհարկե, առկա է, բայց անզեն աչքով էլ նկատելի է, որ այդ վճռականությունն ու հաջողության հույսն անքակտելիորեն կապված են քաղաքական կյանք Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի հետ: Հհշականները հիանալի հասկանում են, որ եթե Հայաստանի առաջին նախագահը «մեկուսարանից» դուրս չգա, ԱԺ ընտրություններում 5 տոկոսի «արգելքը» հաղթահարելու իրենց շանսերը նվազագույն կլինեն: Դա, իհարկե, հասկանում են, բայց չեն բարձրաձայնում տարբեր պատճառներով: Պարզապես չեն ցանկանում հանրությանը խոստովանել, որ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի իրենց կուսակցությունը «անգլուխ» է, և ոչ մի գաղափարախոսություն ու ծրագիր նրան չեն փրկի հերթական ձախողումից: «Նախկինների» դրությունը բարդանում է նաև այն պատճառով, որ կուսակցությունից փաստացի անջատված թևը («Արմատ» հասարակական կազմակերպությունը) մայր կուսակցության հետ համատեղ չի գործում: Ավելին` ՀՀՇ-ի և «Արմատի» միջև հարաբերությունները, մեղմ ասած, սառն են: Տարօրինակն այստեղ այն է, որ «Արմատը» նույնպես իր վերածննդի և քաղաքական իշխանության վերադարձի հույսերը միանշանակ կապում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Իհարկե, եթե, այնուամենայնիվ, սենսացիան կայանա, և վերջինս վերադառնա մեծ քաղաքականություն, ՀՀՇ բեկորների միավորման խնդիրը մեծ դժվարություն չի ներկայացնի: Դա ընդամենը կլինի «տեխնիկայի» հարց: Թեպետ և ՀՀՇ այսօրվա վարկանիշի և° Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի ու դրանց անմիջականորեն շաղկապված այլ խնդիրների վրա լույս կսփռվի միայն ամիսներ հետո, այնուամենայնիվ, գոնե մոտավոր պատկերացում կազմելու ակնկալիքով` «Ավանգարդը» մի քանի հարց ուղղեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ: - Այսօրվա դրությամբ ինչպե՞ս եք գնահատում ՀՀՇ-ի վարկանիշը, ապագայի հույսերը նույնպես: Չե՞ք կարծում, որ եթե վարկանիշային առումով կտրուկ թռիչք չլինի, ապա 2007-ի ԱԺ ընտրություն ներում ՀՀՇ-ն դժվար թե հաղթահարի 5 տոկոսի շեմը: Եվ երկրորդը` եթե Դուք այդքան մեծ ռեզոնանս եք ակնկալում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտ վերադառնալուց, ապա չի՞ ստացվում, արդյոք, որ ոչ թե գաղափարախոսության, այլ մեկ անձի շուրջ են խարսխվում Ձեր բոլոր հույսերը: - Ես արդեն ասել եմ, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը, ցանկացած պարագայում 2008-ին ՀՀՇ-ն կունենա իր թեկնածուն, այսինքն` խոսքը մեկ անձի մասին չէ: Ինչ վերաբերում է վարկանիշին, գիտեք, չէ՞, թե Հայաստանում վարկանիշը ոնց է ձևավորվում: Օրինակ, Տիգրան Կարապետիչն այսօր լուրջ վարկանիշ ունի Հայաստանում, որովհետև ինքն իր հեռուստաընկերությամբ ամեն օր ինչ-որ մի խավի փորձում է քաշել իր կողմը: Այդ խավից ես որևէ ակնկալիք չունեմ, չեմ էլ փորձում պատկերացնել, որ վաղը նրանք կլինեն իմ ընտրողները: Ասեմ, որ վարկանիշի ձևավորման հարցում բավականին լուրջ դերակատարում ունի զանգվածային լրատվությունը: Պիտի խնդրեմ, որ ուշադիր լինեք, թե հեռուստատեսությամբ և տեսնեք, թե, ցավոք, ինչպես է նենգափոխվում իրականությունը: - Վարկանիշին վերաբերող իմ հարցին Դուք հստակ պատասխան այդպես էլ չտվեցիք, և Տիգրան Կարապետիչի օրինակը, կարծում եմ, այնքան էլ տիպական չէր: Կայուն էլեկտորատ այսօրվա դրությամբ ունի՞ ՀՀՇ-ն, և ո՞ր խավերն են ներկայացնում այդ էլեկտորատը: - Կարծում եմ` մեր էլեկտորատն այն մարդիկ են, ովքեր 88-ին միլիոնանոց միտինգ էին անցկացնում: Իհարկե, նրանցից շատերը, ցավոք, հեռացել են Հայաստանից: Կան նաև մարդիկ, ովքեր այսօր տարբեր կերպ են պատկերացնում ինչ-ինչ զարգացումներ, բայց մեր էլեկտորատին ավելացել են նաև մարդիկ, ովքեր այն ժամանակ ընտրելու իրավունք չունեին, իսկ այսօր ընտրողներ են: Ճիշտ է, ընտրություններից 5-6 ամիս առաջ դժվար է ասել` ինչքանով մեզ կհաջողվի ձեռք բերել այն վարկանիշը, ինչը մենք բավարար ենք համարում, բայց, իհարկե, փորձելու ենք դա անել: - Ինտելեկտուալ խավի՞ հաշվին: - Շնորհակալ եմ բառի հիշեցման համար, թեև ինտելեկտուալ խավը Հայաստանում չունի այն տեսակարար կշիռը, որ ընտրությունների ժամանակ լուրջ թվաքանակ ապահովի` լինելով առաջնորդող: Այսօր դժվար է ասել, թե մեր երկրում ով ինչ խավի է պատկանում, որովհետև շատ բան է լղոզված, բայց, կարծում եմ, շատ մեծ թվով մարդիկ կան նաև, ովքեր իրենց վերաբերմունքը ՀՀՇ-ի նկատմամբ արտահայտել են սահմանադրական վերջին հանրաքվեի ժամանակ: Դուք տեսաք, որ դա տեղի ունեցավ, և մեծամասնությունը չգնաց ընտրատեղամասեր: Այնպես որ կա° Հայաստանում այն միջավայրը, որտեղ մենք ունենք մեր ձայնը: - Ինչի՞ վրա է հիմնված Ձեր համոզվածությունը. գուցե Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի՞: - Ես շատ եմ շփվում մարդկանց հետ, և յուրաքանչյուր երկրորդն ասում է, որ ցանկալի է Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը: - Բայց Դուք Ձե°ր շրջապատի մարդկանց հետ եք շփվում, մինչդեռ լրագրողներս նույնպես ունենք ոչ փոքր շրջապատ, և այնտեղ յուրաքանչյուր երկրորդն այլ բան է ասում: - Ես չեմ հանդիպում միայն իմ շրջապատի մարդկանց հետ, հավատացեք: Ինչ վերաբերում է Ձեր հարցադրմանը, թե ինչի վրա է հիմնված իմ այն համոզվածությունը, որ որոշակի միջավայրում ՀՀՇ-ն ունի իր ձայնը, ասեմ հետևյալը` լինելով հհշական, ես երեք անգամ ընտրվել եմ Կենտրոնի թաղապետ: Եթե մարդիկ ՀՀՇ-ի նկատմամբ այդքան վատ տրամադրված լինեին, իրենց ձայնը, բնականաբար, ինձ չէին տա: Իսկ Երևանի կենտրոնը դա փոքրիկ Հայաստան է: Հ. Գ. Այս հարց ու պատասխանից դուրս մնաց մի շատ կարևոր հանգամանք, որը, թերևս, ամենահետաքրքիրն ու էականն է: Եթե 2008-ին Լ. Տեր-Պետրոսյանը չհամաձայնվի դնել իր թեկնածությունը, իր շարքերից որի՞ն կընտրի որպես նախագահացու ՀՀՇ-ն: Հարցն, իհարկե, հնչել է այլ լրատվամիջոցի կողմից, բայց ստացել հեգնախառն պատասխան: Իսկ մենք, մեզ վերապահելով գուցե նաև սխալվելու իրավունքը, մեկ ենթադրություն-համոզմունք հայտնենք: Նկատի ունենալով ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի և Վանո Սիրադեղյանի առավել քան սերտ-մտերմական կապերը, Ա. Զուրաբյանն իր մտքում որպես Լ. Տեր-Պետրոսյանի այլընտրանք, թվում է, չպետք է բացառեր Վանո Սիրադեղյանի վերադարձը և նրա թեկնածության առաջադրումը Նախագահի ընտրություններում: Մինչև 2008 թ. բավական ժամանակ կա, և ով գիտե ինչ բեկումնային փոփոխություններ ու տեղաշարժեր կարող են կատարվել այդ ժամանակահատվածո ւմ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ