Մենամարտ ճակատագրի դեմ 


(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 16 -23-ում)

 

Հաջորդ առավոտյան արթնանալով` լոգանք ընդունեց ու տնից դուրս եկավ: Վերջին ամիսներին առաջին անգամ էր, որ չէր շտապում, գնալու տեղ չուներ: Մոտակա սրճարաններից մեկում նախաճաշեց ու դուրս եկավ աննպատակ շրջելու: Ավելի սուր զգաց մենակությունը, փաստորեն հարազատ քաղաքում չկա մեկը, ում կարող է հենց այնպես այցելել: Հիշեց, որ հեռանալուց հետո Նունեն այդպես էլ չզանգեց: Նախկին կատաղությունը նորից մեջը գլուխ բարձրացրեց, նա ատելությամբ լցված հայացք նետեց փողոցով անցնող բոլոր կանանց.

- Բոլորդ էլ մեկ եք, ապերախտ ու տմարդի, ոնց եմ ատում ձեզ…

Բայց հիշեց մորը, հիշեց, թե որքան հոգատար էր նա թե´ իր, թե´ հոր նկատմամբ:

- Չէ´, բոլորն այդպիսին չեն, մայրս այդպիսին չէր:

Սով զգաց, մտավ առաջին հանդիպած սրճարանը և ուտելիք պատվիրեց: Նստած սպասում էր պատվերին, երբ կողքի սեղանին մի երիտասարդ զույգ նստեց: Աղջիկը հուզված հորդորում էր տղային.

- Արմեն, խնդրում եմ, մի արա դա:

- Սիրունս, մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի:

- Արմեն, ես վախենում եմ քեզ համար, ախր այնտեղ գազաններ են…

- Անո ջան, նախ մեզ փող է հարկավոր, մի քանի ամսից մայրանալու ես: Աստված ինձ ուրիշ շնորհք չի տվել, մենակ` ուժ: Գիտես` երկար տարիներ պարապել եմ սամբոյով, մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի, հաղթել եմ, ունեմ մեդալներ: Սա էլ է մրցաշար, ուղղակի հիմա ամեն հաղթանակի համար վճարելու են: Մի´ անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի…

- Բայց սա մարտեր է առանց կանոնների, դու կարող ես վնասվածք ստանալ, անգամ մահանալ…

- Ու դու կարծում ես` ես այդքան հեշտ կլքե՞մ քեզ: Հույս չունենաս, մինչև զավակիս չտեսնեմ, մինչև ոտքի չկանգնեցնեմ, մինչև չպարեմ թոռանս հարսանիքին` ինձ մահ չկա…

- Արմեն ջան, բայց…ինձ պետք չէ, ես աշխատանքի կընդունվեմ…

- Եվ ի՞նչ պիտի անես…

- Ամեն ինչ, աման կլվանամ, հատակ կմաքրեմ, պետք եղավ նաև` զուգարան…

- Բավական է, ես դա թույլ չեմ տա: Քանի կոպեկ արժի կյանքս, որ իմ կենդանության օրոք կինս կեղտոտ գործերով զբաղվի…

- Վախենում եմ, վատ կանխազգացում ունեմ, չեմ ուզում քեզ վտանգի ենթարկես, զավակս պիտի հայր ունենա…

- Մարտի գնացող զինվորի հետևից չեն լացում, դա վատ նշան է, հետո ի՞նչ պիտի անենք, ոչ ես, ոչ դու դեռ չենք աշխատում, իսկ բժշկի փողը պետք է տալ հիմա: Աստծո առջև ես եմ պատասխանատու քո ու զավակիս համար: Կյանքում դժվար պահեր շատ են լինում, սա դրանցից մեկն է, ես վաղ թե ուշ աշխատանք կգտնեմ, ամեն ինչ լավ կլինի, ուղղակի փողը պետք է հիմա…

- Արմեն, իսկ հակառակորդդ ով է լինելու, արդեն գիտե՞ս…

- Ինձանից մի քսան տարով մեծ մարդ է, սպորտով չի զբաղվել: Կարծում եմ` հեշտությամբ կհաղթեմ: Պիտի հաղթեմ, այլ ելք չունեմ..

Հետո մոտեցավ մատուցողը, բերեց պատվերը, նրանք լռեցին: Կարենը մտահոգ զույգի կողմը նայեց, նրան հուզել էր ակամա լսածը: Առաջին մղումը մոտենալ ու նրանց փող առաջարկելն էր: Հետո հասկացավ, որ դա անիմաստ ու անհասկանալի կլինի: Հասկացավ, որ առաջիկա մարտում իր հակառակորդը հնարավոր է այս երիտասարդը լինի: Բնազդորեն զննեց հնարավոր հակառակորդին. մկանուտ, ամուր տղա էր երևում: Հետո աննկատ զննեց աղջկան: Նրան հուզեց այն գորովն ու անհանգստությունը, որ տեսավ նրա աչքերում ու լսեց նրա խոսքերում:

- Մի՞թե ես արժանի չէի այսպիսի վերաբերմունքի… Աստված իմ, ինչի՞ համար… Լավ, ինչ եղել է` անցել է, հիմա մի բան եմ խնդրում միայն` թող սա իմ հակառակորդը չլինի…:

Նոր էր դուրս եկել սրճարանից, երբ բջջայինը զանգեց. տեղեկացնում էին, որ առաջիկա մարտում իր հակառակորդը սամբիստ է լինելու:

- Թող լինի սամբիստ, նրան էլ կհաղթեմ: Այս հաղթանակը ինձ նույնքան անհրաժեշտ է, որքան նրան, հաղթելուց հետո կգտնեմ նրան ու կօգնեմ: Գոնե մի բան մինչև վերջ ավարտին հասցնեմ, Նունեն ճիշտ էր, ես ոչինչ երբեք ավարտին չեմ հասցրել, այս անգամ մինչև վերջ կգնամ,- խոստացավ ինքն իրեն:

Վերջապես եկավ մրցամարտի օրը, Կարենը առավոտյան վեր կացավ, սափրվեց, ցնցուղ ընդունեց և դուրս եկավ տանից ու սկսեց աննպատակ քայլել: Զարմանալիորեն հանգիստ էր, առաջիկա մարտի մասին աշխատում էր չմտածել: Ուղղակի մտքից դուրս չէր գալիս այն աղջկա աչքերում տեսած տագնապը ամուսնու համար, տղամարդու պատասխանը, թե փող չկա, բայց պե´տք է. ու ինչ էլ լինի` կվաստակեմ: Ինքը երբեք թույլ չէր տվել, որ Նունեն այսպիսի հուսահատ վիճակ ապրեր:

…Նշանակված ժամին նա արդեն մարզադահլիճում էր: Անցավ բուժզննումը ու մտավ հանդերձարան: Հանգիստ էր: Հետո հայտարարեցին իր անունը, ու մտավ ռինգ: Ռինգը ցանցապատ, կլոր տարածք էր: Դահլիճի տարբեր անկյուններից լուսարձակների լույսը սկզբում կուրացնում էր, բայց շուտով աչքերը սովորեցին լույսին, ու ինքը սկսեց զանազանել դահլիճում նստածներին: Իր մարտը առաջինը չէր, դրանից առաջ էլի մարտեր էին եղել, և հանդիսատեսը արյան համը տեսած գիշատիչի նման հուզված և գրգռված էր: Հետո ռինգ մտավ հակառակորդը. սրճարանի տղան էր: Հասակով իրենից կարճ է, ուրեմն պետք է թույլ չտալ, որ մերձամարտ լինի. մերձամարտում իր երկար ձեռքերը կխանգարեն, պետք է նրան հեռավորության վրա պահել, այդպես ինքը առավելություն կունենա: Նայեց դիմացինի աչքերին, ավելի շուտ զգաց, քան տեսավ` նա լարված հայացքն ուղղել էր դահլիճ: Ինքը նայեց նույն ուղղությամբ և տեսավ նրա կնոջը: Վերջինս երկու ձեռքերը միացրել ու մոտեցրել էր դեմքին, կարծես աղոթելիս լիներ: Հանկարծ մի անսովոր կարեկցանք զգաց այդ զույգի նկատմամբ: Լավ է, որ այդ պահին հնչեց մարտը սկսելու մեկնարկը: Հակառակորդը մեկնարկից հետո անմիջապես նետվեց առաջ: Դա կանխատեսելի էր, չէ՞ որ սամբիստ էր, ինքը գիտեր, որ եթե կարողանա բռնել իրեն, ապա, որպես սամբիստ, իրեն կհաղթի, սկսեց խույս տալ, բայց մի տեսակ կարեկցում էր դիմացինին ու խույս տալուց չէր հարվածում: Գևորգի դասերը իրենց արդյունքը տալիս էին, ինքը նկատում էր, որ հարձակվելիս դիմացինը խոցելի է դառնում:

- Ուրեմն փորձը քիչ է, կհաղթեմ, բայց մինչ այդ թող մի փոքր հոգնի,- որոշեց ինքը:

Դա սխալ որոշում էր. ժամանակը իր օգտին չէր աշխատում, դիմացինը ավելի երիտասարդ ու դիմացկուն էր: Հետո անընդհատ խույս տալով չեն հաղթում: Զգաց, որ սկսում է հոգնել, դիմացինի արագությունը գնալով աճում էր, իրենը` պակասում: Հանկարծ դիմացինը մի անսպասելի ցատկով հայտնվեց թիկունքում ու մի հուժկու հարված հասցրեց երիկամներին, մի պահ ցավից աչքերն ասես մթնեցին, երերաց և հաստատ կընկներ, եթե հակառակորդը ձեռքը չբռներ: Հենց դա էր, որ փրկեց իրեն, քանի դեռ հակառակորդը փորձում էր սամբոյի հնարք բանեցնելով իրեն գետին տապալել, բայց ինքը մի հուժկու հարված հասցրեց դիմացինի կրծքին` սրտի շրջանում: Հակառակորդը բաց թողեց ձեռքը ու երերալով մի քանի քայլ հետ քաշվեց: Հարվածը պիտի տապալեր նրան, սակայն պարզվեց դիմացինը բավականաչափ ուժեղ ու դիմացկուն էր: Մի քանի վայրկյան երկուսն էլ կանգնած շունչը հետ էին բերում: Հետո դիմացինը նորից նետվեց առաջ, ինքը նորից խույս տվեց, բայց այս անգամ հարվածեց: Անցավ հակահարձակման. ինքը գիտեր, թե որտեղ ու ինչ ուժով հարվածի ու հարվածում էր, հուժկու հարվածները իրար էին հաջորդում, հարված դեմքին, կրծքավանդակի շրջանին, փորին: Դիմացինը նման շրջադարձ չէր սպասում, հարվածներից պաշտպանվել չէր կարողանում: Կարենին մի ահավոր կատաղություն էր պատել` ինքնամոռաց հարվածում էր: Դահլիճը ասես խելագարված լիներ, բոլորը բղավում էին: Հասկացավ, որ մարտը դիտարժան է ստացվել: Էլի մի հարված դիմացինի ծնոտին: Հակառակորդը երերալով հետ գնաց, հենվեց ցանցին, դա օգնեց նրան մի կերպ ոտքի վրա մնալ: Կարենը մոտեցավ, վերջնական հարվածը տալու համար բարձրացրեց ձեռքը ու նայեց դիմացինի դեմքին: Դեմքն արյունոտված էր, աչքերում սարսափ, հուսահատություն և ափսոսանք նկատեց: Հասկացավ, որ ոչ թե հարվածից է վախենում, այլ` որ փող չի վաստակելու: Հայացքը հառեց դահլիճին, փնտրեց, գտավ մրցակցի կնոջը. նա արտասվում էր: Իսկ դահլիճը բղավում էր` «խփի, խփի»: Նորից նայեց դիմացինին, գնահատեց իրավիճակը: Հակառակորդը այլևս ընդունակ չէր լինի դիմադրելու, իր հարվածը վերջինն էր լինելու ու իրեն բերելու էր հաղթանակ: Անսահման կարեկցանք զգաց.

- Բայց ինչի՞ս է պետք այս հաղթանակը, ում կամ ինչ պիտի ապացուցեմ: Հաղթանակը սրան է պետք, ոչ թե ինձ,- մտածեց և երկու քայլ հետ քաշվեց: Հետո երերաց ու ընկավ գետին: Դահլիճում լռություն տիրեց, բոլորը լարված նայում էին ռինգին: Պառկած տեղից Կարենը ձեռքի ափով մի քանի անգամ հարվածեց հատակին` որպես հանձնվելու նշան: Ռինգ մտան կազմակերպիչների ներկայացուցիչները, մրցավարը, Կարենին օգնեցին ոտքի կանգնել: Մրցավարը հայտարարեց հաղթողի անունը…

Կարենը ձեռքը մեկնեց հակառակորդին` շնորհավորելու համար: Դիմացինը ամուր սեղմեց Կարենի ձեռքը ու ուշադիր նայեց նրա աչքերին: Աչքերում անսահման զարմանք կար: Հետո նա կարողացավ հազիվ արտաբերել` «Շնորհակալություն»:

Կարենը երկար մնաց հանդերձարանում, երկար ժամանակ ցնցուղ էր ընդունում. հոգնել էր «ինչո՞ւ այդպես արեցիր, ինչո՞ւ հաղթանակդ նվիրեցիր հակառակորդին» հարցերից: Հիմա միայն դատարկություն էր զգում, ոչ մեկին տեսնել չէր ցանկանում: Վերջապես դուրս եկավ և ուշադրություն չդարձնելով իրեն ուղղված հարցական հայացքնե րին` քայլեց դեպի ելքը: Այնտեղ իրեն էր սպասում Գևորգը: Վերջինս ժպտալով իրեն, գրկեց և ասաց.

- Կեցցե´ս, հիմա գնա հանգստանալու, վաղը կխոսենք:

Կարենը վերջապես փողոց դուրս եկավ, արդեն մթնել էր: Փողոցում` մարզադահլիճի դիմաց, կանգնած էր մի կին… Նունեն էր:

(ՎԵՐՋ) 

Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ