Ճանապարհ դեպի թատրոն

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ

Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահն արտասովոր ձևավորմամբ էր ներկայանում Քեն Լյուդվիգի «Մամա միա» («Պահանջվում է տենոր») կատակերգության ներկայացման հանդիսատեսին: Ի նշանավորումն թատրոնի դերասան Արմեն Բարսեղյանի ծննդյան կեսդարյա հոբելյանի` ներկայացված էին նրա երկու տասնյակից ավելի գեղանկարչական աշխատանքները: Շուրջ 20 տարի այս բեմում բեղուն ստեղծագործող դրամատիկցին գեղանկարչական իր ստեղծագործություններն առաջին անգամ ցուցադրում 1997-ից իրեն անսահման հարազատացած հարկի ներքո:

Ճանաչված գեղանկարիչ Գրիգոր Բարսեղյանի որդին իր փոքրիկ նկարակալն ուներ հոր արվեստանոցում: Սիրում էր նկարել, բայց ավելի լրջորեն և ինքնամոռաց տարվել էր «թատրոն-թատրոն» մանկական խաղով և բնատուր ձիրքը հղկում էր, որպեսզի կարողանա դիտարժան դեկորներ պատրաստել իրենց բնակարանում ձևավորած իր տիկնիկային մենաթատրոնի ներկայացումների համար: Երաժշտական ճաշակը զուլալվելով Ջիվանու և Հավասու ժողովրդական երգերի մոր զրնգուն կատարումներով` զարգանում էր ժամանակի պահանջներին և տարիքային նախասիրություններին համարժեք: Առաջին հանդիսատեսները բակային ընկերներն էին, ովքեր այնքան էին հրապուրված Արմենի զվարճալի թատերախաղերով, որ 20 կոպեկով տոմս էին գնում, «մեծավարի» թատրոն-բնակարան հաճախում, ապա հավաքված գումարով քաղցրավենիք էին գնում և միասին էլ «մեծավարի» քեֆ անում: Թատրոնի մասին պատկերացումները հստակվում էին` աբելյանցիների արվեստին հաճախակի հաղորդակցվելով: Իսկ մասնագիտական հիմքերի վրա տեղափոխվեցին, երբ Էդուարդ Քոթանջյանը թատերախմբակ կազմակերպեց Կիրովականի Մշակույթի նորաբաց տանը: Խանդավառ երեխաների ուժերով 100 տեղանոց դահլիճում ցուցադրված «Ձախորդ Փանոսն» ու «Ռիմ-տիմ-տիմ արջուկի արկածները» տիկնիկային ներկայացումներով սկսեցին շրջագայել Լոռվա գյուղերով ու պիոներական ճամբարներով: Համընդհանուր թատերապաշտության, մշակույթ ծնող հրաշալի ժամանակներ էին... Ինքնագործ տիկնիկային խմբերի հանրապետական ստուգատես-փառա տոնում լավագույնը ճանաչվեցին` արժանանալով «ժողովրդական» պատվավոր կոչմանը:

Միջնակարգում սովորելիս էլ ակտիվ մասնակցություն էր ունենում արտադպրոցական միջոցառումներին: Պատի թերթերն էր գունազարդում, պլակատներ ձևավորում: «Մի բուռ ծիծաղ» երգիծական մանրապատումների նրա բեմականացման հաջողությունը դուրս հորդեց դպրոցական դահլիճի պատերից: Որևէ մեկն այլևս չէր կասկածում, որ Արմեն Բարսեղյանը թատրոնի համար է ծնվել: Այդուհանդերձ, դպրոցից հետո անմիջապես չընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Չընկրկեց: Դիմեց Սունդուկ յանի անվան թատրոնի ստուդիա, ընդգրկվեց Խորեն Աբրահամյանի, ապա` Սոս Սարգսյանի կուրսում: Ուսումնառության 3 տարիների ընթացքում, ըստ էության, մասնագիտա ցավ Արմեն Էլբակյանի և Նիկոլայ Ծատուրյանի հետևողական ուղղորդմամբ: Փոքր դերերով հանդես գալով Սունդուկյանի անվան թատրոնում` զուգահեռ սովորեց մեծանուն Զավեն Տատինցյանի արվեստանոցում: Ուսանողական տարիներից մշտապես զբաղված եղավ ռադիոյի և հեռուստատեսային թատրոնների բեմականացումներում:

Մելպոմենեի բարեհաճությամբ գտավ ստեղծագործական նախանձելի թատերահարթակ, երբ 1997-ից ընդգրկվեց Դրամատիկում: Առաջին շեքսպիրյան դերը խաղաց` «Հուլիոս Կեսար» սենատոր Սինա: Ալդո Նիկոլայիի Մարիոն ինքնավստահություն ներշնչեց և սիրով ողջակիզվեց «Սպանել սիրո համար» կատակերգության երկարակեցության պահպանմանը համախոհ դարձած խաղընկերների զորակցությամբ: Կերպավորման գունապնակը հարստացրին Սգանարելը («Ակամա բժիշկ»), Սատանան («Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»), Բենվոլիոն («Ռոմեո և Ջուլիետ»), Ռոսը («Մակբեթ»), Ագոստինոն («Ցիլինդր»), Լեպորելլոն («Դոն Ժուան»), Տիսաֆերնը («Մոռանալ Հերոստրատին»), Երկրորդ տղամարդը («Բարև, սրիկաներ կամ Բոլերո»)... Մի քանի տասնյակ տարաժանր կերպավորումներ, որոնք կյանքի կոչվեցին տարբեր բեմադրիչների համաստեղծագործությամբ: Միայն մի անգամ կրկին բեմում հանդիպեց սիրելի Լիզային` իր Սիմոնի «ալպիական մանուշակին», անխոցելի «Չեզոք գոտում»: Ինքը երբևէ այլևս պարապուրդի չմատնվեց:

Վերընթաց հասունացման հաճելի տառապանքի երանելի պահեր ապրեց հատկապես ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի սրաչք, տաղանդավոր փորձառութ յամբ պահպանվող կառուցիկ թատերահամակարգում: Եվ դեռ երկար կվայելի, քանի որ «անհիշելի ժամանակներից» արդեն չկա որևէ բեմադրություն, որտեղ Արմեն Բարսեղյա նը ընդգրկված չլինի: «Ավտոբուսի» նրա «Խելացին» էր գուցե ոգեշնչել թատրոնի գեղարվեստական ղեկավարին` վստահելու նույն Ստրատիևի «Մաքսիմալիստի» բեմադրութ յունը Արմեն Բարսեղյանին: Առաջին բեմադրությունն էր անելու մեծահասակների համար: Մինչ այդ «Ծուռն ու շիտակը», «Արամն ու արքայադուստրը», «Երջանկության բանալին» մանկական ներկայացումներին էր շունչ տվել դրամատիկում: Սրդողած երկյուղածությամբ ձեռնամուխ եղավ «Մաքսիմալիստին», Խանդիկյանի գեղարվեստական ղեկավարությամբ հարթեց ուշագրավ գտնված բեմադրակառույցը: Հաջողությունը նոր թռիչքի թևեր տվեց: Երկրորդ բեմադրությունը չուշացավ. նույնիսկ մշտապես հանդիսատեսա յին պահանջարկ ունեցավ «Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակին»:

Հավատարիմ մնաց նաև իրեն անչափ հոգեհարազատացած թատերամանկավարժությանը: «Մանանա» և «Գիտունիկ» հաղորդաշարերով, 2008-ից նկարահանվող 10-15 «Գժուկներով», «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական և «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային փառատոների հիմնադիր կազմում շարունակեց ազնվորեն ծառայել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը: Բազմատասնամյա նվիրումը գնահատվեց ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ Ոսկե մեդալներով, Տիկնիկային գործիչների միջազգային միության հայաստանյան մասնաճյուղի հռչակավոր խորհրդանիշ «Կարապետով»: Եվ, որ պակաս կարևոր չէ, մեծ շուքով մկրտվեց «զտարյուն դրամատիկցի»:

Թատրոնի ճակատագրով ապրող համեստ նվիրյալ է Արմեն Բարսեղյանը` լի ստեղծագործական էներգիայով: Ուստի անավարտ ենք համարում նրա արտիստական դիմանկարը: Վստահ ենք, որ Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռում» բոլորովին վերջերս խաղացած դատախազ Պիեռ Դյուվալին հաջորդելու են նոր դերակատարումներ և բեմադրություններ: 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ