Հումորով ու տրտմությամբ շաղախված ջազային երեկոն


Մայրաքաղաքային մշակութային առօրյան անկարելի է դառնում լուսաբանել հատկապես տարեվերջի եռամսյակում: Չէ, չես զլանում, պարզապես անհնար է անխոտոր ներգրավված լինել օրավուր ավելի ու ավելի պրկվող ռիթմում: Այդպես, օրինակ, «Ավանգարդի» էջերում տեղ չգտան Հովհաննես Աբելյանի 150-ամյա հոբելյանը նշանավորող հանրապետական տասնօրյակի և ՆՓԱԿ-ի «Մեկ քառակուսի մետր» 10-րդ թատերահանդեսի, «ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի 7-րդ, 12-րդ` «Կին» և «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ իրարահաջորդ միջազգային կինոփառատոների ամփոփ վերլուծականները…

«Տանգո Կարբոն» ֆրանսիական համույթի և մեր տաղանդավոր հայրենակցի հնչեցրած հանրամատչելի թեթևասահ մեղեդիների կենսահաստատ միջավայրում ստացա ճանաչված շեփորահար Վադիմ Էյլենկրիգի ջազային համույթի հրավերը: Վաղօրոք ծանուցված լինելով, որ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը միտված այս երևանյան համերգն անցկացվում է ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակներում, ենթադրում էի, թե «պրոտոկոլային» հերթական միջոցառման եմ մասնակցելու: «Արամ Խաչատրյան» համերգասրահի հենց մուտքի մոտ, սակայն, կարկամեցի: Մայրաքաղաքային մշակութային միջոցառումների ժրաջան ու բարեկիրթ մամլո խոսնակ Դավիթ Գրիգորյանի ազնիվ տագնապն ինձ փոխանցվեց. տոմսերը չէին իրացվել, և ընդարձակ հանդիսասրահը, մեղմ ասած, կիսադատարկ էր... Համերգի մեկնարկին հաշված րոպեներ էին մնացել, հապաղելն անիմաստ էր, վերջին վայրկյաններին ինչպե՞ս մարդաշատ լսարան ապահովես:

- Երջանիկ ենք, որ գոնե դուք հարկ եք համարել մեր համերգը ձեր ներկայությամբ պատվել,- անչար տրտմությամբ սակավամարդ պարտերում ցաքու-ցրիվ տեղավորված ունկնդիրներին ժպտադեմ դիմում է Վադիմ Էյլենկրիգը:

- Երջանկությունը ոչ թե քանակի մեջ է, այլ որակի,- փորձում եմ կենսախինդ «փիլիսոփայական արձագանքով» մեղմել անփառունակ իրադրությունից արդարացիորեն բխած նրա անթաքույց դժգոհությունը:

- Համամիտ եմ, - զվարթանում է հյուրեկ երաժիշտը,- մենք պատրաստ ենք մեր արվեստով ձեզ երջանկացնել, եթե հաստատեք այդ թեզն իրականում: Չնայած մեզ հայտնի են դեպքեր, երբ դահլիճում ընդամենը 40 մարդ է եղել, բայց թերթերը գրել են, թե ասեղ գցելու տեղ չկար: Մի անեկդոտ պատմեմ այս առիթով: Շատ հայտնի թատրոններից մեկի լավագույն մի ներկայացման ընդմիջմանը մի հանդիսատես հանդերձարան է գնում: Աշխատողը զարմանում է. «Ձեզ ամենևին դուր չեկա՞վ»: «Ոչ, ի˜նչ եք ասում»,- եղավ պատասխանը: «Դերասաննե՞րն էին վատ խաղում»: «Հրաշալի էին ամենքը»: «Հապա ինչո՞ւ չեք ուզում մինչև վերջ մնալ»: «Սարսափելի է մեն-մենակ գտնվել հսկայական մութ դահլիճում»...

Խանդավառող ծափողջույններով կատարումները մեջընդմիջող երկխոսությամբ հունի մեջ մտած համերգային ծրագիրը հընթացս ավելի ջերմ մթնոլորտում ծավալվեց: Ներկաները նկատեցին, որ խմբի առաջատարը չի հոգնում իր արվեստակից 3 ընկերներից յուրաքանչյուրի գործիքային մենանվագի հանդեպ իր ակնածանքը սրահին փոխանցել: Մտերմիկ զրույցի հնարքով, կենսասեր հումորով ոգևորում է սաքսոֆոնահար Դմիտրի Մոսպանին, մեր հայրենակից բաս կիթառահար Արմեն Մկրտչյանին, թմբկահար Սաշա (այո, Սաշա) Մաշինին: Նորից ու կրկին հատ-հատ հնչեցնում է նրանց անուններն` իմպրովիզային տևական ամեն մի մուտքից հետո:

- Իվան Ֆարմակովսկի,- զրնգում էր մերթընդմերթ Էյլենկրիգի զվարթ ձայնը, երբ հերթական գործիքավորման հնչեցումը հրաշքով անխաթար պահելով` վիրտուոզ դաշնակահարը կիսակքում էր իրեն տրամադրված անսարք հնոտիի վրա և փորձում կարգի բերել համառորեն լռող ստեղներից որևէ մեկը:- Ի դեպ, վաղը մենք ազատ ենք լինելու, կարող եք Ֆարմակովսկուն հրավիրել կարգի բերելու այս խեղճուկրակ գործիքը: Անվճար:

Նկատելի էր, որ քչերին է հուզում Էյլենկրիգի խոսքի թափանցիկ կծու ենթատեքստը, ուր մնաց` ամոթահար աներ: Միջնարարին, երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչներից ոմանք հայացք գցեցին համերգի սկզբում իրենց տրամադրված թերարժեք հաղորդագրությանը, հանկարծակիի եկան: Պարզվեց, որ ս.թ. սեպտեմբերի 30-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը միջպետական համագործակցության նույն ծրագրի շրջանակներում պատշաճ ներկայացվել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» հայաստանյան ջազային խումբը: Հայկական երախտագիտության թելադրանքով, փաստորեն, Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո պրոդաքշն» (խե˜ղճ Մեսրոպ Մաշտոց,... Հրաչյա Աճառյան) ընկերությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ի պատասխան նախաձեռնել է ռուսական ջազի 2 երեկո` մեկն այս հեղինակավոր համերգասրահում, մյուսը` «Մեցցո» ակումբում...

Առանց ներկաներից որևէ մեկի մարդկային արժանապատվությունը խոցելու և գործիքային ուշագրավ նվագի սահուն մատուցումը վտանգելու, Մայմոնդի անվան դասական երաժշտական մշակույթի ակադեմիայի ջազային ամբիոնի դոցենտը չէր հոգնում արտառոց թերացումները հումորախառն հեգնանքով բարձրաձայնելուց:

Լիահույս ենք, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ով մայրացման շեմին ունկնդրեց Վահագն Հայրապետյանի և Արմեն Հյուսնունցի մասնակցութ յամբ առանձնակի գրավչություն ստացած համերգային ծրագրի վերջին բիսային կատարումները, անտարբերության չի մատնի արտառոց թերացումները: Հենց նույն` հայկական մշտարթուն երախտագիտության թելադրանքով: Չի մոռանա նաև երաժշտական առօրյայի գլխավոր կազմակերպիչներին փոխանցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մշտական ունկնդիրներին հենց մուտքի մոտ վիրավորելու չափ խոցած հաշվիչ դրամարկղի հակամշակութային ներկայությունը, քանի դեռ այն վերջնակա նապես տեղակայված չէ: Փոխարենն ավելի ռացիոնալ չէ՞ր լինի դրան հատկացվելիք միջոցներով ջեռուցել սրահը, որ ելույթ ունեցող երաժիշտները ստիպված չլինեին բերանի գոլորշիով ձեռքի մատները տաքացնել...

...Ի պատիվ 15 տարեկան հասակից ճանաչում գտած Վադիմ Էյլենկրիգի` պետք է խոստովանել, որ վարպետ համերգավարությամբ ոչ միայն նրբանկատորեն շեշտադրում էր ակնհայտ արտառոց բացթողումները, այլև ամենայն պատասխանատվությամբ հանդես էր գալիս հատուկ իր համար Ամերիկյան մայրցամաքում պատրաստված շեփորի սքանչելի մենանվագով:

Նրա անունը, խմբովին թե առանձին, այդպես էլ չհնչեց երկմասանոց համերգի ընթացքում: Երևի ենթադրվում էր, որ ներկաները ուղնուծուծով գիտեն վաղուց բազմաստի ճան մասնագիտացում ստացած, արդի համաշխարհային ջազի ասպարեզում արդեն քառորդ դար բարձր համարում ունեցող հրեական գեներով ռուս շեփորահարին: 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ