Էդիթ Պիաֆ. «Ոչնչի համար չեմ ափսոսում» 

Շանսոնյեի մեծ տիկնոջ դրաման

Ի սկզբանե անամպ չի եղել Էդիթ Ջովաննա Գասիոնի կյանքը: Նա ծնվել է փողոցում: Աղջնակը երևի այնքան էր շտապում լույս աշխարհ գալ, որ շրջիկ կրկեսի մարմնամար զուհի նրա մայրը չհասցրեց հիվանդանոց հասնել: Դստերը խնամելու համար ևս մայրը ժամանակ չուներ, ու երբ ամուսնուն էլ ռազմաճակատ տարան, Էդիթը հայտնվեց մորական ալկոհոլասեր տատիկ-պապիկի տանը: Մանկիկը վերջիններիս չէր հետաքրքրում և խնամքի ու գորովի փոխարեն` նրան գինի խմել էին սովորեցնում: Կարճատև արձակուրդ գալով, հայրն աղջկան վերցնում է գինեմոլներից և հանձնում կնոջը, ով հասարակաց տան տնօրեն էր: Բայց միայն այստեղ` «սիրո քրմուհիների» շրջապատում Էդիթը երջանիկ պահեր ապրեց. նրա հանդեպ հոգատար էին, լողացնում էին, մազերն էին հարդարում, գեղեցիկ զգեստներ հագցնում:

Դպրոցի ճանապարհը, սակայն, նրա առջև արագ փակվեց. իմանալով, թե որտեղ և ում հետ է ապրում աղջնակը, տնօրինությունը անմիջապես նրան հեռացրեց: Դա Էդիթին առանձնապես չվշտացրեց, և նա «գնաց» փողոց, ուր հոր հետ վաստակում էր` անցորդների համար երգելով: 15 տարեկանում, իրեն լիովին ինքնուրույն համարելով, աղջիկը հեռացավ հորից` իր հետ տանելով խորթ քրոջը` Սիմոնային: Քույրերը սկսեցին ապրել էժանագին հյուրանոցում և վաստակել` փողոցներում երգելով: 17 տարեկանում շանսոնյեի ապագա տիրուհին դուստր ունեցավ, ով, սակայն, հազիվ 2 տարի ապրեց` չդիմանալով կենցաղային այն պայմաններին, որոնցում ապրում էին մայրն ու մորաքույրը:

Կյանքի ապտակները ցավեցրել, բայց չեն թուլացրել Էդիթին: Շուտով նա նոր երկրպագու է ունենում. գիշերային ակումբի տեր Լուի Լեպլեն Էդիթին տանում է իր հաստատություն ու հենց ինքն էլ հորինում է Պիաֆ` թարգմանաբար` ծիտիկ, ճնճղուկ բեմական կեղծանունը:

Ճակատագիրը, սակայն, դառնության բաժակը ետ չէր քաշել Էդիթից. Լեպլեն շուտով սպանվում է: Ու քանի որ նրա մասին չարախոսում էին, թե հակում ունի տղամարդկանց հանդեպ, բոլորը երես են թեքում նաև հանգուցյալի սիրուհուց: Միայն թատերական գործակալ Ռեյմոն Ասսոն է աջակցության ձեռք մեկնում Պիաֆին` դառնալով նրա սիրեկանն ու ուսուցիչը: Նա երիտասարդ կնոջը գրել ու կարդալ է սովորեցնում, նրա համար երգեր հեղինակում և բարձրացնում փարիզյան խոշորագույն ABC մյուզիք-հոլի բեմ: Պիաֆն առանձնանում էր իր թեթև վարքով, ինչպես ասում են` ձեռնոցի նման, փոխում էր տղամարդկանց:

Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ նրա կյանքում հայտնվում է գեղեցկատես բռնցքամարտիկ Մարսել Սերդանը: Ամերիկայում տեղի ունեցած նրանց ծանոթությունն իսկապես սեր էր` առաջին հայացքից: Սերդանը, չբաժանվելով կնոջից ու 3 երեխաներից, չթաքցրեց նաև իր զգացմունքները: Հատուկ մամլո ասուլիս հրավիրելով հայտարարեց, որ սիրում է Էդիթին:

1949-ին հերթական դժբախտությունն է թակում Պիաֆի դուռը: Համերգային շրջագայության մեկնելով ԱՄՆ` Պիաֆը համոզում է, որ Մարսելն այնտեղ էլ լինի իր կողքին: Սիրահարին տեղափոխող ինքնաթիռը, սակայն, կործանվում է: Կորուստը ծանր էր, բայց Էդիթը կոփվել էր` ցավեր հաղթահարելով:

Հնոտիներ հագնելով նա հարբած երգում էր փողոցներում: Մարսելի կորստյան ցավն ի վերջո որոշում է մեղմել` ամուսնանալով Ժակի հետ: Դա էլ չի օգնում, և նրանք բաժանվում են: Եվ սկսվում է Պիաֆի անսթափ կյանքը: Ավտովթարից հետո մորֆի օգտագործելով` երգչուհին կախվածության մեջ է ընկնում թմրանյութերից: Սևեռուն մտքեր, սպիտակ տենդ, ինքնասպանության փորձեր... Այս բոլորն ապրելով` Պիաֆն անսպասելիորեն որոշում է բուժվել ու նորից բեմ դուրս գալ: Ու հենց այդ ժաանակահատվածում էլ` մինչև 1961 թ. նա հասնում է առավելագույն հաջողությունների, մեծագույն հռչակի: 1961-ը, սակայն, դառնում է նրա վախճանի սկիզբը, երբ իմանում է, որ ինքը տառապում է քաղցկեղով: Միանգամից սկսում է նիհարել` կշռելով ընդամենը 33 կիլոգրամ: Որքան էլ ընկճված, սակայն շարունակում է պարբերաբար դուրս գալ հիվանդանոցից` համերգներ տալու: Ավելին, ամուսնանում է 27-ամյա գեղեցկատես հույն երգիչ Թեոֆանիս Լամբուկասի հետ:

Մահից առաջ էլ երգչուհին հասցնում է երջանկություն վայելել հոգատար տղամարդու գրկում և իր արվեստի երկրպագուների ստվար բանակ հավաքել:

7 տարի անց` 48 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքում աշխարհահռչակ երգչուհին: Վատիկանը արգելում է «մեծ մեղսավոր» տիկնոջը պաշտոնական հոգեհանգստյան պատարագ մատուցել: Փոխարենը` երգչուհուն իր վերջին հանգրվան էին ուղեկցում նրա արվեստի ավելի քան 40 հազար երկրպագուներ...