ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ԱԶՆԻՎ ՄԱՐԴԻԿ…


Սիրելի «Ավանգարդ», ես` 90-ամյա Զինաիդա Բաղդասարովաս, գրիչ չէի վերցնի և հաղորդ չէի անի քեզ ու քո ընթերցողներին իմ վերջին մեկ տարվա ապրումներին, չարչարանքներին, նվաստացումներին ու վերջապես հաղթանակած արդարությանը, եթե այդ դժնդակ ճանապարհին հանդիպած չլինեի բարեպաշտ, ազնիվ, իրենց գործի գիտակ մարդկանց: Մեծ էր զարմանքս, երբ բնակարանիս անվանափոխության կարճված գործով նորից գնացի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժին: Ընդհանուր բաժնի վարիչ Արման Միրզոյանը ոչ թե իր աշխատասենյակում փակված էր, ինչպես անում են բոլոր բաժնի պետերը, այլ իր բաժնի աշխատակիցների հետ ոտքի վրա սպասարկում էր բնակիչներին, սպառիչ պատասխան տալիս բոլորի հարցերին: Քիչ անց հասկացա, որ դա մի պահ չէր, այլ աշխատաոճ: Իր գործին փայլուն տիրապետող բաժնի երիտասարդ պետը արագ կողմնորոշվում էր ու սիրով յուրաքանչյուրին հուշում էր, թե պատին փակցված դիմումի որ ձևից պիտի օգտվի, ինչ գրի, ուր դիմի, հաջորդ քայլը ինչ պետք է անի: Ներս մտնելիս բոլոր պատուհանների առաջ անաղմուկ կանգնած մարդկանց տեսնելով` մտածում էի, թե այսօր այստեղ եմ, մինչդեռ չանցած մի քանի րոպե արդեն շատերի նման իմ խնդիրն էլ լուծված էր: Նման ցնծություն ապրել էի ամիս ու կես առաջ` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից դուրս գալիս, երբ դատավոր Սիմա Հովսեփյանը մանրակրկիտ քննություն վարելով, օրենքի տառը պահպանելով, մի քանի նիստից հետո վճռեց բավարարել իմ դիմումը: Հասկացա, որ ամեն ինչ չէ, որ կորսված էր: Դրանով վերականգնվեց ոչ միայն իմ հավատը, այլև հարևաններիս, բարեկամներիս, շատ ու շատ ծանոթ-անծանոթների, որ քաջատեղյակ էին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Նաիրա Հովսեփյանի անգրագետ ու անհիմն երեք վճիռներին: Խնդիրս շատ էր հասարակ` ամուսնուս մահից հետո չէի կարողանում իմ բնակարանը, ուր գրանցված և ապրում էի շուրջ 40 տարի, անվանափոխել, քանզի ամուսինս ողջ կյանքում կրել էր Բաղդասարով ազգանունը, բնակարանը սեփականաշնորհվել էր Բաղդասարով ազգանունով, սակայն մահվան վկայականը ստանալիս նոր պարզվում է, որ ՀՀ նոր անձնագրում գրված էր Բաղդասարյան (այդ տարիներին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի տված բանավոր կարգադրութ յամբ, իբր ավելորդ քաշքշուկներից խուսափելու նպատակով բոլոր «ով» վերջավորությունները փոխարինվել էին «յան»-ով): Շուրջ մեկ տարի Ա. Կուբանյանն ու Ն. Հովսեփյանը չցանկացան լուծել այդ խնդիրը, երբ բոլոր հիմքերը կցվում էին գործին ու անուն առ անուն նշվում` պետտուրքի վճարման անդորրագիրը, տեղեկանք բնակության վայրից, ամուսնության, սեփականության վկայականների, անձնագրիս, սոցքարտիս, ամուսնուս մահվան, կենսաթոշակային վկայականի և խորհրդային անձնագրի պատճենները և որպես անհաղթահարելի խոչընդոտ` կադաստրի անվանափոխության մերժման մասին տեղեկանքը (պայմանավորված ազգանունների «ով» ու «յան» վերջավորությունների տարբերությամբ): Դատական ատյանը, որ կոչված էր արդարությունը վերականգնելու, մարդու իրավունքները պաշտպանելու, հակառակն էր անում` խեղում էր փաստերը, վիրավորում ինձ ու իմ ժառանգներին: Կարծում եմ կհասցնեմ բողոքս փոխանցել արդարադատության խորհրդին: Ինչևէ…Չեմ չարաշահի ընթերցողի համբերությունը, մանավանդ, որ նպատակս է ցույց տալ այն լավն ու գնահատելին, ինչի կարիքը այնքան զգում են բյուրոկրատական քաշքշուկի զոհերը: Ցանկանում եմ երախտիքի խոսք ասել աշխատանքում չթերացող պաշտոնյաներին` Արման Միրզոյանին և Սիմա Հովսեփյանին, գործը պատվով կատարելու, իրենց բարձրության վրա մնալու համար: Երկար արև ունենաք, հասնեք ու անցնեք իմ տարիքը… Իսկ արաներին, նաիրաներին ու նրանց ժառանգներին անսահման խղճում եմ…Շնոր հակալություն բոլոր բարի ու ազնիվ մարդկանց, ովքեր ինձ հետ էին տաս ամիսների դժվարին փորձությունների ընթացքում:

Զինաիդա ԲԱՂԳԱՍԱՐՈՎԱ