Ազգային հերոսը` ներշնչանքի աղբյուր


Այսօր ամեն մի հայ ակնածանքով է լցված Հայաստանի ազգային հերոս, Արցախի ազատագրական պայքարի աննկուն մարտիկ Մոնթե Մելքոնյանի նկատմամբ: Նրա մասին շատ է գրվել և դեռ շատ է գրվելու, և նրա սխրանքը հիշվելու է դարեր շարունակ: 1993 թ. արցախյան գոյամարտերում զարկվեց սփյուռքահայ արծիվը` սլացքի պահին: Եվ հենց 1993-ին հիմնադրվեց նրա անունը կրող երիտասարդական մշակույթի կենտրոնը: Այնուհետև 1995 թ. մասնաճյուղեր բացվեցին հանրապետության մարզերում: Իրենց հագեցած ծրագրերի, գործունեության և նվիրված աշխատանքի մասին պատմեց Մոնթե Մելքոնյանի անվան երիտասարդական մշակույթի կենտրոնի տնօրեն Օֆելյա ՂՈՒԼԻԿՅԱՆԸ: - Մշակույթի կենտրոնի բացման ժամանակ ներկա էին հերոսի հայրը, մայրը, քույրը և կինը: Ինչ խոսք, նրանց ներկայությունը մեծ տպավորություն գործեց մասնակիցների վրա և միաժամանակ մեզ պարտավորեցրեց` հավատարիմ մնալ նրա բարի ավանդույթներին, դաստիարակել հայրենասեր սերունդ: Հենց այդ տարվանից էլ ստեղծվեցին ուսանողական, սիրողական, գեղարվեստական խմբեր, որոնք տարիների ընթացքում մեծապես նպաստեցին մեր գործունեությանը: Այնուհետև նա ասաց, որ ազգային մշակույթի զարգացման համար կարևոր է աճող սերնդի մշակութային աշխարհընկալումը: Եվ Մոնթեի անունն ու հայրենասիրությունը երեխաների համար ներշնչանքի աղբյուր են, պատգամ` անառիկ պահելու հայոց Ոստանը: - Դաստիարակության գործում մեծ է մեր կենտրոնի դերն ու նշանակությունը: Եվ պատահական չէ, որ ուսուցողական խմբերի ղեկավարները գիտելիքներ հաղորդելուց բացի, կարևորում են հայրենասիրական դաստիարակությունը: Ամեն տարի Ազգային հերոսի ծննդյան և մահվան օրերին այցելում ենք Մոնթեի հուշաքարին և ծաղիկներով խնկարկում նրա հիշատակը: Սեպտեմբերի 1-ին կրթօջախի նոր սաներին ծանոթացնում ենք Մոնթեի կյանքին և մարտական ուղուն: Կենտրոնում կան վահանակներ, որոնք ներկայացնում են մարտական դրվագներ` արցախյան գոյամարտից, հերոսի խիզախումներից, նրա պարզ ու վճիտ վերաբերմունքը մեր ժողովրդի, իր մարտիկների հանդեպ: Դպրոցներում անցկացվել են «Երբ խոսում են քաջերը» թեմայով շարադրություններ: Լավագույն շարադրությունների հեղինակ աշակերտներին նվիրել են Վարդգես Բաղրյանի «Ավո» գրքույկը, որն անվանի քաջամարտիկի ընկերոջ հուշերն են` գոյամարտի ու նրա հերոսներից մեկի մասին: Այդ գրքույկն, անշուշտ, ներշնչելու է յուրաքանչյուր երեխայի, նրան ճշմարիտ հայրենասիրության դասեր է տալու: Ինչ խոսք, մասնագիտական դասընթացներին համատեղ Օֆելյա Ղուլիկյանը երեխաներին նաև էթիկա և վարվեցողության կանոններ առարկան է դասավանդում` նրանց հոգում ազնվության և պատասխանատվության զգացում սերմանելու անկեղծ մտահոգությամբ: Բազմաբնույթ է կենտրոնի գործունեությունը. այստեղ գործում են մի քանի մասնագիտական խմբեր: - Մեր ազգային նկարագրում,- ավելացնում է տնօրենը,- առանձնահատուկ նշանակություն ունեն ժողովրդական-ազգային պարերը: Այդ խմբի երեխաները մարզային և հանրապետական բազմաթիվ փառատոներում արժանացել են մրցանակների և պատվոգրերի: Այո, տքնաջան և անմնացորդ աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել հաջողությունների: Այդ են հավաստում Մոնթե Մելքոնյանի անվան երիտասարդական մշակույթի կենտրոնի աշխատանքները, որոնց արդյունքները շոշափելի են ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի: Այսօր, ավելի, քան երբևէ, խորն ու իմաստալից դարձնելով ազգային հերոսի կյանքը և մարտական գործունեությունը, մենք` յուրաքանչյուրս, պարտավոր ենք լեգենդ դարձած Ավոյին նվիրված բովանդակալից միջոցառումներ կազմակերպել, ծանոթանալ ու ծանոթացնել նրա սխրանքաներին, մեծարել ու հավերժ պահել նրա հիշատակը: Թեև նա չէր սիրում ճոխություն, սակայն ճշմարիտ հայրենասերին, անվեհեր զինվորին և հրամանատարին մեծարելը մնալու է բոլոր սերունդների սրբազան պարտքը: Եվ պատահական չէ, որ նրա շիրիմը դարձել է ուխտատեղի: Ամեն տարի հարգանքի տուրք տալով ազգային հերոսին` մենք փաստում ենք, որ հերոսներն անմահ են:

Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ