ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ


Մատաղ սերնդի համակողմանի դաստիարակումն այսօր դարձել է դպրոցի և արտադպրոցական շատ կազմակերպությունների կարևորագույն խնդիրը: Հեռուստաալիքների կազմակերպած ինտելեկտուալ բազմաբնույթ խաղերը, ռադիոյի ուսումնական ծրագրերը շատ են նպաստում աշակերտների ընդհանուր զարգացմանը: Բոլորի համար սիրելի հաղորդում է դարձել «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Գանձերի կղզի» խաղը: Նոյեմբերի 18-ին հեռուստաընկերության տաղավարում եռուզեռ էր. տարվա եզրափակիչն էր, որին մասնակցում էին գարնանային, ամառային և աշնանային փուլերում հաղթող ճանաչված Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 91 դպրոցի «Արամե», ինչպես նաև քաղաքի թիվ 146 և 194 դպրոցների թիմերը: Տարիքային առանձնահատ կություններով խաղը հետաքրքիր էր և բազմաբովանդակ: Ամեն փուլ ուներ իր ուղղվածությունը, և աշակերտները մտավոր ճանապարհորդություն էին կատարում աշխարհի տարբեր հորիզոնականներում, մխրճվում հայ և համաշխարհային երաժշտության, գրականության և պատմության հետաքրքիր ոլորտները: Երեխաների հիշողությունից չի ջնջվի Եվրոխորհրդի ներկայացուցչի ավարտական խոսքն ու նվիրատվությունը կիսաեզրափակիչ խաղում, որին «Արամեն» հասել էր` ամբողջ եթերաշրջանում մասնակից թիմերին հաղթելով և պատվավոր առաջին տեղը գրավելով: Կարևոր և վճռական եզրափակիչ խաղին արամեականները մարտականորեն` հաղթելու վճռականությամբ էին տրամադրված: Միասնական և համախմբված խաղը մասնակիցներին պարգևեց իր ցանկալի արդյունքը. հաղթանակ տոնեցին նաև այս անգամ` Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցչի` տիկին Ս. Գասպարյանի կողմից պարգևատրվելով պատվոգրերով: «Արամե» թիմի անդամներն ու Երևանի թիվ 91 միջն. դպրոցի աշակերտական և մանկավարժական կոլեկտիվներն իրենց շնորհակալությունն են հայտնում «Գանձերի կղզի» խաղի ստեղծագործական ողջ անձնակազմին` հանձին նավապետ Սաշայի և գեղանի բոցմանների` եթերաշրջանում իրենց համբերատարության, խաղը հետաքրքիր կազմակեր պելու համար: Թող շատ լինեն նմանատիպ միջոցառումները, թող բազմապատկվեն դրանք կազմակերպողների թիվն ու մասնակիցների բանակը` հօգուտ համընդհանուր զարգացած սերնդի:

Ս. ԹԱԼԱԼՅԱՆ