Հայի կարոտն էր թևածում...


Հավատ, գրականություն, գիտություն… Եվ հանճարեղ հայորդաց մի աստղաբույլ, որոնց թողած անհատնելի ժառանգությունը լուսավորել ու լուսավորելու է ազգիս տարեգրությունը: Ժամանակների շունչը դարձած պանծալի անուններ, որոնց 100-ամյա հոբելյանների խորհրդով է օծվում 2008 թվականը: Այդ խորհրդի վերհառնումը ոգեղեն մեր ընթացքի վերահաստատումն է, որ փաստում է ևս մեկ անգամ, որ Վազգեն I Վեհափառ, Վիկտոր Համբարձումյան ու Վիլյամ Սարոյան ունեցող ազգը կարո°ղ է և իրավունք ունի դարերի հետ ու հազարամյակների անունից խոսելու: Եվ, որպես մեր ազգային պարծանք` հայոց 3 հանճարներին նվիրված հանդիսությունը` Հովհաննես Շիրազի անունը կրող միջնակարգ դպրոցում, մեր մշակութային արժեքների անկեղծ գնահատանք էր, իսկապես: Հայ ոգու դաստիարակության շիրազյան ավանդույթներին հավատարիմ այս կրթօջախում, իր տեսակի և ներկայացման ձևի մեջ, թերևս, անկրկնելի այս միջոցառումը ոչ միայն սոսկ խոնարհում էր Վազգեն կաթողիկոս, Վիլյամ Սարոյան և Վիկտոր Համբարձումյան մեծությունների առջև, այլև յուրօրինակ հաստատումը հայոց դարավոր հավատի, գիտության, գրականության, մշակույթի, հայոց լինելիության անխափան երթի: Մինչ կրթօջախի բակում Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակներում երևանյան աշունը ներկայանում է իր ողջ շուքով, բերք ու բարիքով, հայկական համադամ ուտեստներով, դպրոցի դահլիճում Վիլյամ Սարոյանի գրական հերոսին կերպավորող «լրագրավաճառ» փոքրիկը կրթօջախի «Շիրազյան խոսք» թերթի հերթական համարն է նվիրում ներկաներին: Դպրոցի սաները հետաքրքիր դրվագներ են ներկայացնում մեծերի կյանքից ու գործունեությունից, ասույթներ կարդում նրանց մասին: Դպրոցի երգչախմբի անզուգական կատարմամբ վերստին հայի կարոտն է թևածում` «Կռունկ»-ի թախծալուր կանչով: Այդօր ևս, Շիրազի անվան դպրոցում տարբեր ոլորտների երախտավոր բազմաթիվ հյուրեր կային. Բյուրականի աստղադիտարանի, Իսահակյանի անվան գրադարանի, Անդրանիկի թանգարանի աշխատակիցներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր հայրեր, Հովհ. Շիրազի Վանանդ որդին, ասմունքող Վերա Հակոբյանը, Շենգավիթ համայնքի արհմիության նախագահ Սիրանուշ Խլղաթյան, ակադեմիկոս Յուրի Զոհրաբյանը, Էրեբունի-Երևան թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, Մոսկվայի տան տնօրեն Գոռ Պետրոսյանը, «Դիպված» հաղորդաշարի հեղինակ Զավեն Կարապետյանը… ծնողներ, թաղամասի բնակիչներ: Ներկա էին նաև Հայոց բանակի զինվոր Պետրոս Մարտիրոսյանի ծնողները` Մարգարիտա և Վարդան Մարտիոսյանները: Ուշարժան է, որ Մարտիրոսյանների ընտանիքը հովանավորել էր դպրոցի սաների սննդի մեկ ամսվա ծախսերը: Հնչող ելույթները ևս մեկ անգամ արժևորում էին մանկավարժական կոլեկտիվի, կրթօջախի և նրա եռանդուն տնօրինուհի Սուսաննա Կիրակոսյանի նվիրումը` դպրոցին, սերնդակրթության շնորհակալ գործին: Յուրի Զոհրաբյան. ակադեմիկոս, ՀՀ ուռոլոգիայի կենտրոնի տնօրեն - Ես հիացած և անկեղծորեն զարմացած եմ, որ մեր օրերում կարելի է հանդիպել նմանատիպ կրթօջախների: Դպրոցի գեղեցկությունը, աչք շոյող մաքրությունը մեկ անգամ ևս վկայում են, որ այստեղ առկա է հոգատար ու խնամքոտ ձեռքը: Ցանկանում եմ երախտիքի խոսք հղել դպրոցի ղեկավարությանը, հանձին` տնօրեն Սուսաննա Կիրակոսյանի, և մաղթել վերընթաց հաջողություններ: Վանանդ Շիրազ - Յուրաքանչյուր անգամ ներկա լինելով դպրոցում ավանդույթ դարձած և շարունակաբար կազմակերպվող գրական-երաժշտական ցերեկույթներին` անմեկին հպարտություն եմ զգում, որ այս կրթօջախը կրում է հայրիկիս` Հովհ. Շիրազի անունը: Ես տանտիրոջ իրավունքով շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին և ողջունում եմ մանկավարժական կոլեկտիվին այսպիսի արժանավոր սերունդ կրթելու և դաստիարակելու համար: Միաբան-Սարկավագ (Ստեփան Շախքյան) - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ Վարդան աբեղա Նավասարդյանի կողմից մեր անկեղծ սրտի օրհնութ յունն ու խնդակցությունն ենք բերում այս գեղեցիկ միջոցառմանը: Այսօր մենք հավաքվել ենք` հիշելու և արժևորելու մեր մեծերին, մեր հանճարներին, ովքեր հարուստ գրական ժառանգություն են ավանդել մեզ: Ուշարժան էր, որ այս կրթօջախում հիշվեց ու մեծարվեց Վազգեն I Հայրապետը, ով իսկապես սիրված էր համայն հայության կողմից և պատմության դժնդակ տարիներին իր ժողովրդի հետ էր: Մայր Աթոռից ցանկանում եմ իմ բարեմաղթանքները հղել դպրոցի ուսուցիչներին` նրանց մաղթելով քաջ առողջություն, երկար տարիների կյանք: Եվ աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որպեսզի Ձեր գործունեության մեջ միշտ հաջողությունների հասնեք: Զավեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Դիպված» հաղորդաշարի հեղինակ. - Սիրելի ուսուցիչներ, ձեզ կարելի է հերոսներ անվանել, որովհետև հանրապետության համար դժվարին տարիներին հերոսաբար շարունակեցիք սերունդներ կրթել: Ես խոնարհվում եմ ձեր առաջ: «Դիպված» հաղորդաշարը և Ձեր մանկավարժական կոլեկտիվը նույն ազգանվեր առաքելությունն ունի: Շնորհակալություն դպրոցի տնօրինությանը, որ այսքան մեծ ջանքեր է ներդրել: Հավատացնում եմ Ձեզ, որ եթե ես լինի հանրապետության նախագահը, անվերապահորեն Ձեզ հերոսի կոչում կշնորհեի: Գոռ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Մոսկվայի տան տնօրեն. - Հովհ. Շիրազի անվան դպրոցը ևս պատկանում է այն դպրոցների շարքին, որտեղ առաջին հերթին կարևորվում է երեխայի հայեցի դաստիարակությունը: Եվ այս միջոցառումը դպրոցի հագեցած առօրյայի լավագույն վկայությունն է: Մենք էլ այսուհետ ևս կշարունակենք` մեր ուժերի ներածին չափով օգտակար լինել կրթօջախին: Իսկ դպրոցի վաստակաշատ տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը, օրվա խորհուրդների առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակիցներին ու բոլոր ներկաներին, անթաքույց հպարտությամբ փաստեց. - Մեր երեխաներին կարելի է համեմատել ճերմակ ու մաքուր ստվարաթղթի հետ, և մեզանից` ուսուցիչներից է կախված` նրանք մաքուր կմնա՞ն, թե՞ բծերով կծածկվեն: Երբ աշխատանքից հոգնած տուն եմ վերադառնում և մտորում եմ անցնող օրվա մասին, հասկանում եմ, որ ստացված արդյունքը համազոր է այն քրտնաջան ու անդուլ աշխատանքին, որ կատարում է դպրոցի մանկավարժական կոլեկտիվը: Ցանկանում եմ երախտիքի խոսք հղել մեր բոլոր ուսուցիչներին` անմնացորդ նվիրումի համար, և մեկ անգամ ևս հիշեցնել, որ հզոր պետության երաշխիքը կայացած դպրոց ունենալն է: Հիրավի, անհնար է դպրոցը պատկերացնել առանց մանկակրթության երախտավորների: Իսկ Հովհ. Շիրազի անունը կրող դպրոցի մանկավարժական կոլեկտիվը գիտե կարևորել կրթության ու հայեցի դաստիարակության խնդիրները: Եվ այդ պատասխանատու աշխատանքում իր անուրանալի ներդրումն ունի դպրոցի բազմափորձ ու հոգատար տնօրինուհին` Սուսաննա Կիրակոսյանը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ