«ԱՎԱՆԳԱՐԴ» շաբաթաթերթի գլխավոր խմբագրին


Հարգելի խմբագիր. Դուք միշտ պահանջում եք հատկապես քննադատական հոդվածներում պահպանել ծայրահեղ օբյեկտիվություն, փաստերը ներկայացնել համակողմանի վերլուծությամբ` հիմնավորելով թե° դրականը, թե° բացասականը: Տուրք չտալ հոռետեսությանը և իհարկե չառաջնորդվել անձնական շահերով: Եվ այս կարճ ժամանակահատ վածում թղթակցելով «Ավանգարդ»-ին` ինքս էլ համոզվել եմ, որ չխեղաթյուրված փաստերով անկողմնակալ վերլուծությունները շատ ավելի օգտակար կարող են լինել: Սակայն լրագրողն էլ նույն երկրի քաղաքացին է և նա էլ հաճախ դառնում է կենցաղային, սոցիալական անլուծելի հիմնախնդիրների զոհը: Հուսով եմ` այս պարագայում չեք պահանջի հետամուտ չլինել ՀՀ օրենսդրությամբ ամրագրված` իրավունքներիս պաշտպանությանը: Այնպես ստացվեց` իմ և Երևանի քաղաքապետարանի շահերը բախվեցին. բաժնային սեփականության (ծպեղնահարկ) մեջ գտնվող իմ բաժինը չկամեցա զիջել Երևանի քաղաքապետի հովանավորյալ` մեր շենքի 2-րդ մուտքի 2-րդ հարկի N 12 բն. բնակիչ Յուրա Սահակյանին: Գիտեի, որ օրենքը ոչ մեկին թույլ չի տալիս խլել ինձ հասանելիքը, և միամտաբար հավատում էի, թե պաշտպանված եմ օրենքով: Պարզվեց` Երևանի գլխավոր ճարտարապետը, Երևանի քաղաքապետն ու Յու. Սահակյանը հավատարիմ են` «Օրենքը խախտվելու համար է ստեղծված» բանաձևին: Օրենքներից մի քանիսը շահարկելով, մի մասն էլ կոպտորեն խախտելով ու այս ամենը քրեականության հետ ներդաշնակելով` արտոնյալ Յու. Սահակյանին և մեր շենքի` Վարդանանց 15, 2-րդ մուտքի N N 12, 14, 16, 19 և 20 բնակարանների սեփականատերերին շենքի 1-ին և 2-րդ մուտքերի ծպեղահարկում մանսարդային հարկ կառուցելու N 263 շինթույլտվություն ու ճարտարապետահատակագծային առաջադրանք տվեցին: Մի հարցնող լինի. 2-րդ մուտքի բնակարանների սեփականատերերը ի՞նչ գործ ունեն 1-ին մուտքի տանիքի հետ: Նրանց «արտոնյալությունը» ապացուցում է նման հարցով քաղաքապետարան դիմած 2-րդ մուտքի վերջին հարկի N 18 բն. նախկին սեփականատեր Սերգեյ Պողոսյանին քաղաքապետարանից տրված պատասխանը. «Երևանի քաղաքապետի 2004 թ. որոշմամբ` շենքերի ձեղնահարկերի, մանսարդային հարկերի քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվում են, որպես կանոն բոլոր սեփականատերերի (ընդգծումը` Տ. Մ.) կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մեկ միասնական կառուցապատողին»: Իսկ մենք` 1-ին մուտքի վերջին հարկի N 7 և N 8 բնակարանների սեփականատերերս` Քաջիկ Զաքարյանը, Տիգրան Մարտիրոսյանը և Սերգեյ Պողոսյանը նույնիսկ բանավոր կարգով մեր համաձայնությունը չէինք տվել կառուցապատողների թիմին: Ի դեպ` Սահակյանը իրենց մուտքի հարևաններին, որպես կառուցապատողներ, ընդգրկել է քաղաքաշինական փաստաթղթերի մեջ, որպեսզի արդարացվի իր ախորժակի մեծությունը. 360 քմ: Բայց առկա է նոտարական վավերացում ունեցող «Համաձայնություն»-ը, որում նշված է, թե այդ կառուցապատողներն իրենց բաժինը զիջում են Յու. Սահակյանի դստերը` Լիա Սահակյանին: Պատկերացնո՞ւմ եք, դատարանը նույնիսկ բավարարեց մեր հայցն ընդդեմ կառուցապատողների և քաղաքապետարանի: Քաղաքապետը խիստ զայրանալով, մի քիչ էլ երևի զարմանալով դատավոր Վազգեն Լալայանի «անհեռատեսությունից», անձամբ Վերաքննիչ բողոք ներկայացրեց ՀՀ Վերաքննիչ դատարան: Տեսնվա՞ծ բան է: Եվ ինչի՞ դեմ էր բողոքում «օրինապաշտ» պաշտոնյան. իր իսկ ընդունած որոշմա՞ն, ՀՀ օրենսդրությա՞ն, թե՞ կեղծ փաստի հիման վրա իրենց տրամադրած ապօրինի փաստաթղթերի անվավերականության: Արդյունքում` 2005 թ. քաղաքաշինական փաստաթղթերում կառուցապատող է ճանաչվել 2002 թ. մահացած Լիլյա Չալախյանը: Թե ինչպե՞ս է հանգուցյալը դիմել քաղաքապետարան, պետական այրերը կամ Յու. Սահակյանը անձա՞մբ են բանակցել Լ. Չալախյանի ուրվականի հետ` ինձ հայտնի չէ: Քանի որ` քրեական պատկերը ամբողջական լինելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածն էր պակասում, դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նենգափոխեցին անդրշիրիմյան աշխարհի հետ կապված «հրաշագործությունը»` մերժելով քրեական գործ հարուցել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նշված վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կ. Կարապետյանը մերժումը պատճառաբանում է. «Լիլյա Չալախյանի անունից, որևէ մեկը հանդես չի եկել և նրա փոխարեն որևէ փաստաթղթի տակ չի ստորագրվել»: Այդ դեպքում ի՞նչ իրավասությամբ է Ֆեդյա Չալախյանը` հանգուցյալի եղբայրը, վերը նշված համաձայնությունում իր բաժինը զիջում Լիա Սահակյանին, երբ նա ոչ կառուցապատող է, ոչ էլ սեփականատեր: Նշանակում է Լիլյա Չալախյանի փոխարե՞ն է համաձայնություն տվել: Իրենց բնակարանից մյուս կառուցապատողի` Ելենա Սերդյուկովայի փոխարեն, ով Չալախյանների մայրն է, չէր կարող ստորագրել, քանի որ նա այդ ժամանակ դեռ ողջ էր: Կամ Յու. Սահակյանը կարո՞ղ է ցույց տալ Լիլյա Չալախյանի կողմից տրված լիազորագիրը իրեն` Ֆեդյա Չալախյանին: Ինձ թույլ եմ տալիս Արդարադատության 2-րդ դասի խորհրդականին հուշել փաստաթուղթ բառի իմաստաբանությունը. Փաստ (արմատ) + ա (հոդակապ)+ թուղթ (արմատ) բարդ բառը նշանակում է փաստ ամրագրող թուղթ: Իսկ Յու. Սահակյանը, փաստորեն, կեղծել է Լիլյա Չալախյանի մահվան փաստը: Եվ դա չի կարող պատահականության արդյունքում ստացված վրիպում լինել, ինչպես սահակյանական թևն է չքմեղանում: Դրանից բացի Սերդյուկովան 89 տարեկան էր և նրանց բնակարանը գտնվում էր 2-րդ մուտքի վերջին հարկում, իսկ այժմ Սերդյուկովան նույնպես մահացել է, և Լիլյա Չալախյանը, եթե շատ էլ կամենա, չի կարող Յու. Սահակյանից իր բաժինը ետ ուզել: Մանսարդամոլի համար վտանգավորը վերջին հարկի բնակարանների սեփականատերերն էին: Սա՞ է մեր արդարադատությունը, երբ 2-րդ դասի խորհրդականը նման պարզ հանգամանքը չի նկատում կամ էլ չի կամենում նկատել: Հետո էլ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ցավակցական երանգով փաստում է, որ մեզանում դեռ գործում է «ակն ընդ ական, ատամն ընդ ատամ» սկզբունքը: Լա°վ, բա ինչպե՞ս վարվի քաղաքացին, երբ իրեն գցելով օրենսդրական փակուղու մեջ, մղում են ծայրահեղ քայլերի` «Լինչի դատաստանի»: Ամենքը չէ, որ կուլ կտան` իրենց ունեցվածքի խլումը: Ինչ վերաբերում է սեփականության իրավունքիս հետագա պաշտպանությանը, Վ. Լալայանի` արդարադատության առումով եզակի մնացած վճռից հետո, դատական ատյաններում մեր հայցապահանջները չորս տարբեր նիստերում էլ մերժվեցին: Եվ բոլոր հինգ նիստերում էլ քաղաքապետարանի ներկայացուցիչ Դ. Ազիզյանն իր սուրբ պարտականությունն էր համարում որպես իրենց իրավացիության հիմնավորում բարձրաձայնել «Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի» 23-րդ հոդվածը: Կարծես քաղաքապետարանի օրհներգը լիներ այդ հոդվածը: Գլխավոր հովանավորյալ Յու. Սահակյանը, օգտվելով անարդար վճիռներից, քանդեց մեր տանիքը և սկսեց իր կառուցապատումը` պես-պես քաղաքաշինական կոպիտ խախտումներով: Դրանք, իհարկե, չի նկատում քաղաքապետարանը: Իսկապե՞ս մեր ժամանակներում ազնվությունը ժամկետանց արժանիք է դարձել: Զարմանալի է նաև այն, որ մեր հայցապահանջները մերժող վճիռ կայացնողներից մեկն էլ նույն դատավոր Վ. Լալայանն էր` փաստորեն ինքն իրեն հակասելով: Դատավարական խախտումների գոհարներից է դատավորներ Ն. Հովսեփյանի, Տ. Սահակյանի և Մ. Ասատրյանի կայացրած վճիռը (2007 թ. 5 հոկտեմբերի), որում նշվում է. «Դատաքննությամբ պարզվեց, որ վիճելի տարածքի կառուցապատումը ավարտվել է, իսկ Յու. Սահակյանի և մյուսների սեփականության իրավունքը գրանցվել է անշարժ գույքի կադաստրում»: Մինչդեռ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Կենտրոն տարածքի ստորաբաժանումից իմ հարցմանը պատասխանում են, որ Վարդանանց 15 հասցեում կառուցված ձեղնահարկի նկատմամբ պետական գրանցում չի կատարվել: Պարզ չ՞է, որ դատավորները կեղծիք են թույլ տվել և նրանց վճիռը կեղծիքի վրա է հիմնված: Այս ամենից հետո համոզվելով, որ մեր դատական համակարգում արդարություն ակնկալելն անիմաստ է, ճարակված դիմեցի երկրի Վարչապետ Տիգրան Սարգսյանին` ներկայաց նելով ողջ եղելությունը մանրամասնող հրապարակումներ: Կառավարության աշխատակազմը նամակս վերահասցեագրել էր Արդարադատության նախարարությանը, որպեսզի քաղաքապետի ձեղնահարկային «կոշտուկը» չտրորի: Այդ գերատեսչությունն էլ գրում է, որ հարցի լուծումը իրենց իրավասության շրջանակներից դուրս է: Կարծում եմ` Վարչապետին չիրազեկեցին դիմումիս ընթացքի մասին, այլապես նա հազիվ թե թույլ տար նման «կարուսելը». «Ցանկացած վարչական որոշում, որը սահմանափակում է մարդու իրավունքները, անընդունելի է լինելու մեզ համար». սրանք պարոն Տ. Սարգսյանի խոսքերն են, որոնք չէին կարող հենց այնպես հնչել: Ուզում եմ հավատալ նաև ՀՀ Սահմանադրությանը, որի 31-րդ հոդվածում պարզ հայերենով գրված է` ոչ մեկին չի կարելի զրկել սեփականությունից: Իսկ ես ցանկանում եմ իմ սեփականությունը հեռու պահել զավթիչ ձեռքերից: Իմանալով, որ «բոլոր ճանապարհները տանում են Հռոմ», նույն հարցով դիմեցի նաև ՀՀ Նախագահին: Բայց այս ճանապարհն էլ ինձ տարավ «Զախարյանի արքունիք». ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատակից Արթուր Ֆիդանյանն էլ` աչք փակելով քաղաքաշինական, քրեական և ընդհանրապես օրենսդրական խախտումների վրա, ինձ նստեցրեց իրենց հայտնի մեխանիզմով գործող «չինովնիկական կարուսելը», և ես նորից հայտնվեցի քաղաքապետա րանի դռների առջև, որտեղից պետք է ստանայի իմ դիմումի պատասխանը: Իսկ այստեղից պատասխանում են, որ Նախագահին ուղղված ի դիմումին ընթացք տալ հնարավոր չէ: Ակամա համակվում եմ միջնադարյան տաղերգու Ֆրիկի հոռետեսությամբ. Մէկին հարամն յաջողի Մէկին հալալըն կորընչի: Ի՞նչ է ստացվում. եթե ունևոր չես, ապա չփորձես հանկարծ ապրել, դու պետք է միայն հարմարվելով գոյատևես:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ