ՆՈՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ Չի° ԼԻՆԻ


Անցյալ շաբաթ մեր ներքաղաքական կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը Նախագահի հանդիպումն էր երկրում պաշտոնապես գրանցված կուսակցություններից 50-ի ղեկավարների հետ: Խոստմանը հավատարիմ` Նախագահը խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրել էր Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի շուրջ քննարկումներ անցկացնելու: Մեր նորանկախ երկրի ողջ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Նախագահը ամբողջ ժողովրդի համար կենսականորեն կարևոր հարցի շուրջ այդ կարգի քննարկում է կազմակերպում: Հազիվ թե հրավիրվածների առնվազն մի մասին երես առ երես հանդիպելու հեռանկարը մարդկայնորեն շատ հաճելի էր նրան: Բայց Սերժ Սարգսյանը հաղթահարել էր անձնական համակրանքներն ու հակակրանքները և հրավիրել էր գործող բոլոր 64 քաղաքական ուժերի ղեկավարներին, բացառությամբ, թերևս, Հայ Ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի: Համենայն դեպս, ՀՀՇ-ական աղբյուրները պնդում էին, թե «Տեր-Պետրոսյանը այդպիսի հրավեր չի ստացել, իսկ ստանալու դեպքում էլ, միևնույն է, չէր ընդունի»: Այս վերջին հավաստումը, իրոք, որևէ կասկած չի հարուցում: Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարը դեռ մինչև հիշյալ հանդիպումն էր հայտարարում, թե «քննարկելու բան չկա, քանի որ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման մադրիդյան սկզբունքները պաշտոնապես չեն հրապարակվել»: Տարօրինակ պատճառաբանություն էր, քանզի նույն այդ «Մադրիդյան սկզբունքների» պաշտոնապես հրապարակված չլինելն ու դրանցից հասարակության անտեղյակությունը ամենևին չի խանգարում Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա դուդուկի տակ պարողներին` ամենուրեք տարփողելու, թե այդ սկզբունքները Հայաստանի համար, իբր, ամենևին բարենպաստ չեն: Ավելին, դրանք, իբր, տանում են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու, ազատագրված տարածքները միակողմանիորեն վերադարձնելու և Աստված գիտե, թե է՞լ ինչ «դավաճանության»: Այդ կարգի մերկապարանոց հայտարարություններով է, որ մեր ծայրահեղ ընդդիմադիրները, Սերժ Սարգսյանի բառերով` «մի բաժակ ջրում փոթորիկ են բարձրացնում», փորձում են դարձյալ շիկացնել հասարակական մթնոլորտը: Հենց ներքաղաքական մթնոլորտի լարվածության թուլացում թույլ չտալու դիտավորությամբ էլ Հայ Ազգային Կոնգրեսին անդամակցող կուսակցությունների ղեկավարները, բացառությամբ մարքսիստի, շինծու պատճառաբանություններով Նախագահի հրավերը մերժել էին ու չէին ներկայացել կազմակերպված քննարկմանը: Եվ դա հարուցել էր հանդիպման հրավերն ընդունած ուժերի հանդեպ նույն հրավերը մերժածների անսանձ ու անզուսպ ատելությունը: Նրանք հաջորդ օրն իսկ, անգամ ուղղակի Լևոն Տեր Պետրոսյանի շուրթերով, պիտակավորվեցին որպես «հասարակության մեջ որևէ կշիռ ու հեղինակություն չունեցող քաղաքական դիակներ»: Ցավալի է, բայց փաստ` ծայրահեղ ընդդիմադիրները նույնիսկ համազգային նշանակություն ունեցող այնպիսի մի խնդրում, ինչպիսին Արցախյան հակամարտության հնարավոր խաղաղ կարգավորումն է, չեն ցուցաբերում երկրում համընդհանուր համերաշխություն հաստատելու նվազագույն պատրաստակամություն: Ավելին, շարունակում են ոչ միայն «թշնամի» համարել ու այպանել իշխանություններին, այլև վիրավորել բոլոր նրանց, ովքեր իրենց հետ չեն: Իշխանությունները, տվյալ դեպքում` անձամբ Նախագահ Սերժ Սարգսյանը, այս պարագայում շատ ավելի լայնախոհ է, զուսպ, հավասարակշռված ու հանդուրժող: Որովհետև գիտակցում է, որ քննարկվող հարցը, իր բառերով, «Սերժ Սարգսյանի խնդիրը չի, Ղարաբաղի խնդիրն է»: Այդ բարձր գիտակցությամբ էլ հարցը, փակ ռեժիմով, քննարկվեց ամբողջ 5 ժամ: Մեր տեղեկություններով, Նախագահը կրկնել էր հակամարտության խաղաղ կարգավորման այն բոլոր սկզբունքները, որոնց կարող է համաձայնել Հայաստանի ղեկավարությունը և որոնք հանրահայտ են մեր ժողովրդին: Այն է` Ադրբեջանի կազմից դուրս ԼՂՀ ինքնորոշման իրավունքի հարգում, Հայաստանի և ԼՂՀ միջև ցամաքային ուղղակի կապի առկայություն և Արցախի անվտանգության միջազգային վստահելի երաշխիքներ: Քննարկմանը մասնակցած անխտիր բոլոր 50 կուսակցությունների ղեկավարները ելույթի հնարավորություն էին ստացել, ազատ ու անկաշկանդ մթնոլորտում շարադրել էին իրենց տեսակետները, մոտեցումները, պատկերացումները: Նրանցից բառացիորեն ոչ մեկը Նախագահի կողմից իրականացվող բանակցային գործընթացի վերոհիշյալ երեք կետերը ընդունել-չընդունելու նվազագույն անհամաձայնություն չէր հայտնել: Նույնիսկ առաջարկություն էր եղել այդ առթիվ քվեարկության միջոցով միասնական փաստաթուղթ ընդունելու և ստորագրելու մասին: Իհարկե, սա չի նշանակում, թե հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների հարցում միակարծություն կա: Խնդրո առարկա հանդիպման ժամանակ արտահայտվել են ամեն կարգի տեսակետներ` ծայրահեղ ռոմանտիկականից մինչև սթափ-իրատեսական: Եղել են նույնիսկ 1921 թվականի Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու, Նախիջևանի ազատագրման հարցը դնելու և այլ մոտեցումներ: Սակայն մեծամասնությունը ցուցաբերել է զուսպ ու հավասարակշռված կեցվածք, եղել է Արցախյան հակամարտության այնպիսի համապարփակ, փոխզիջումային լուծման կողմնակից, որը բավարարի թե° Հայաստանին ու ԼՂՀ-ին, թե° Ադրբեջանին, բացառի նոր պատերազմը և տարածաշրջանային լարվածութան մեծացումը, հիմքեր ստեղծի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հայկական երկու պետությունների հետագա համագործակցության համար: Դատելով Նախագահի հետ հանդիպման մասնակիցների դրական արձագանքներից, քննարկումը երկուստեք օգտակար է եղել, նպաստել է փոխադարձ վստահության ամրապնդմանն ու թյուրըմբռնումների չեզոքացմանը: Ուստի կարելի է հուսալ, որ տվյալ խնդրի շուրջ հասարակության մեջ արհեստականորեն նոր լարվածություն հրահրելու հետագա փորձերը, որոնք, չենք տարակուսում, եղել են ու դեռ կլինեն, այլևս լուրջ վտանգ չեն ներկայացնի երկրի ներքաղաքական կայունության համար:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ