Գոնե մեկ հարցում` միասնական


Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս հոկտեմբերի կեսերին փորձում էր հավատացնել, թե Համաժողովրդական շարժման պայքարի սառեցման միակ շարժառիթը ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հասունացած վտանգներն են և ոչ թե ընտրազանգվածի հիասթափությունը կամ սպասվող անձրևոտ ու ցուրտ եղանակները, այն ժամանակ նրա մտահոգութ յուններն ավելի անկեղծ Իսկ արդեն նախորդ շաբաթ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած կլոր սեղանը վերջնականապես հաստատեց Հայ Ազգային Կոնգրեսի պարագայում բոյկոտի` իբրև «պայքարի» ամենանախընտրելի եղանակ լինելու իրողությունը: Ավելին, խորհրդակցություն-կլոր սեղանին Կոնգրեսի մինուճար ներկայացուցչի` արտիստ-մարքսիստի մասնակցությունն ավելի շատ ոչ թե բոյկոտն էր ճեղքում, այլ Ղարաբաղի խնդրի հանդեպ թիմի հայեցողական վերաբերմունքը, ինչպես նաև արմատականների անհարգելի բացակայությունն էր ավելի ընդգծուն դարձնում: Առավել ևս` դժվար է վերհիշել մի որևէ այլ համանման միջոցառում, որտեղ նման լրիվ կազմով ներկայացած չլինեին հայրենի քաղաքական դաշտի մյուս երևելիները… Ինչ խոսք, Մարզահամերգայինում էին գտնվում նաև այնպիսի «ուժեր», մարդ-կուսակցություններ, որոնց երկարամյա գոյությունն ու շարունակական անգործությունը գոնե իրենք իրենց համար կդժվարանան պատճառաբանել. բայց այդ հանդիպման գլխավոր առանձնահատկությանն անդրադառնալու նպատակը բնականաբար, այս մի գնահատականն ընդգծելը չէ: Սա այն բացառիկ դեպքն էր, երբ բոլոր քաղաքական ուժերին կլոր սեղանի շուրջ համախմբելու նախաձեռնությունն անվերապահորեն հաջողվեց: Մանավանդ` Նախագահ-կուսակցություններ ձևաչափով հանդիպում երբևէ տեղի չէր ունեցել: Խորհրդակցությունը նախաձեռնողը` Սերժ Սարգսյանը, անշուշտ, ղարաբաղյան հիմնահարցի քննարկումն է°լ ավելի համակողմանի դարձնելուց բացի, կարևոր քայլ արեց` վերջին շրջանում կարծեք թե մոռացված քաղաքական երկխոսության թեման օրակարգային դարձնելու ուղղությամբ: Եվ եթե արմատականների կանխակալ վերաբերմունքը դեռ ինչ-որ տեղ կանխատեսելի էր, ապա մյուս քաղաքական ուժերին ևս ընձեռված տեսակետներ արտահայտելու յուրօրինակ հնարավորությունն անկասկած կարևորագույն քայլ էր. հատկապես իրավիճակը լիցքաթափելու առումով: Իրավիճակ, որն ավելի շատ ինքնաբերաբար էր լարվել: Ղարաբաղյան հիմնահարցը դրանից առանձնապես չշահեց, բայց ինչպես ծանոթ գործիչներից մեկն է ժամանակին նկատել, երբ քննարկելու ուրիշ ոչինչ չի լինում, հայրենի քաղգործիչները սկսում են Ղարաբաղի հարցի մասին խոսել… Համենայն դեպս, վերջին շրջանի ակտիվ խմորումները ասվածն այս կամ այն կերպ հաստատում են: Մինչև խորհրդաժողովը պարտք կատարելու նման մի բան էր դարձել. ամեն մի կուսակցապետ իրեն ստիպում էր ինչ-որ ընդհանրական, երբեմն էլ ոչինչ չասող հայտարարություններ հրապարակել, նույնատիպ ասուլիսներ հրավիրել: Մինչև որ գործը նույնիսկ տարածքներ փոխանակելու առաջարկին հասավ: Կանխատեսելի էր, որ խորհրդաժողովին նույնպես կուսակցությունների ղեկավարները նույնքան ընդհանուր տեսակետներ են հնչեցնելու: Սակայն միայն այն հանգամանքը, որ կլոր սեղանին հաջորդած ճեպազրույցներից չխուսափած կուսակցապետերը ամենայն լավատեսությամբ են գնահատել թե° կլոր սեղանը, և թե° հիմնախնդրի հեռանկարները, արդեն իսկ շատ բան է ասում: Համենայն դեպս, քաղաքական ուժերը նախ միմյանց, իսկ հետո նաև իշխանություններին, ինչու չէ` նաև նույն Ադրբեջանին ու այս ամենին ուշի-ուշով հետևող արտաքին աշխարհին կարողացան ապացուցել, որ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ միասնական դիրքորոշում ունեն: Ասել է թե` վստահում են օրվա իշխանութ յանն ու համակարծիք են հիմնախնդրի լուծման ուղղությամբ իշխանության ու Հանրապետության Նախագահի կատարած-կատարելիք քայլերին: