ԵԹԵ ԿՅԱՆՔՈՒՄ ԷԼ «ՃՇՏՈՎ»-Ը ՀԱՂԹԵՐ…


Մանրազնին վերլուծելու ու հիշողությունը ծանրաբեռնելու անհրաժեշտություն չկա. հայկական ժամանակակից սերիալներն ու մերօրյա իրականությունն աստիճանաբար դժվարությամբ են զանազանվում, և ըստ ամենայնի հեռու չէ նաև դրանց` անճանաչելիորեն միմյանց նմանվելու ժամանակը: Իսկ մինչ այդ նույն գլուխկոտրուկը, թե սերիալներն են իրականությունն արտապատկերում, թե դրանք հենց իրականության բնական ու ամբողջացված արտացոլումն են, չարժե առանձնապես կարևորել… Թեև ավելի հավանական է, որ այստեղ պարզապես կինոշարժերն ու մեր առօրյան ավելի շատ մեկը մյուսին են փոխլրացնում` վերջնարդյունքում աստիճանաբար, բայց հիմնավորապես իրենց ուրույն տեղն զբաղեցնելով հանրային կյանքում: Հեռուստակրիմինալի հաղթարշավը որքան էլ հաստատուն լինի, միևնույն է, այդ մի թակարդից խուսափելը հեշտ է. հայտնի ու «թեժ» ժամերին ծանոթ հեռուստաալիքները դիտելուց ընդամենը հրաժարվել է պետք: Իրական կյանքը սակայն դժվար է հատվածաբար ապրել… Մանավանդ, երբ հասարակությանը շուրջկալած կրիմինալը մեզ պարտադրված օղակն աստիճանաբար էլ ավելի է սեղմում: Կարճ ասած, «անշառ կյանքով» ապրելը մեզանում հետզհետե դժվար է դառնում, քանի որ ներկա ժամանակներում ամենաօրինավոր մարդն անգամ կարող է հանցագործության որոգայթներում հայտնվել կամ էլ նույնիսկ այդ ամենի պատահական զոհը դառնալ: Իսկ մարդիկ, հաստատ, ավելի անուշադիր, անփույթ չեն դարձել: Ուղիղ հակառակը. հանցագործություններն են այնչափ շատացել, որ ոչ մեկը ամեն օր ու ամեն ժամ տեղի ունեցող այլանդակությունների մեջ ոչ միայն չներքաշվելու, այլ նույնիսկ չտուԺելու երաշխիքը չունի: Թափանցիկ ու հրապարակային գործունեության շրջանակներում ոստիկանությունն այլևս սկսել է չխուսափել թվեր հրապարակելուց: Ու ինչպես նախորդ շաբաթ հայտնի դարձավ, վերջին շրջանում միայն Երևան քաղաքում օրական արդեն առնվազն տասը հանցագործություն է արձանագրվում, որոնց շարքում իրենց ծանրակշիռ տեղն ունեն հատկապես ծանր հանցագործությունները: Եթե փորձենք ինքնամխիթարվել` պնդելով, թե առանձին քրեական խմբավորումների «ռազբորկաները» հասարակական թարախաբշ տիկների պայթյուններով կամ, որ նույնն է, նման խմբավորումների աստիճանական ինքնաոչնչացմամբ են ավարտվում, ապա երկու կարևոր հարցեր դարձյալ անպատասխան են մնում: Այսպես, օրը ցերեկով մայրաքաղաքում սուրացող մահաբեր գնդակները հաճախ չեն շրջանցում նաև անմեղ մարդկանց: Այդ ի՞նչ աստիճանի է հասել ոստիկանության անգործությունը, որ մեզ սկսել է հուսադրել նույնիսկ քրեական խմբավորումների չհայտարարված պատերազմների արդյունքում վերջիններիս հնարավոր կազմալուծումը` զենքի ու նյութական միջոցների վատնումը ու, մեղա Աստված, մարդկային կորուստները: Ահա թե ինչու սերիալի չար հերոսի անփառունակ վախճանը, որը թեկուզ ծամծված ու հոգեմաշ ընթացքով է վերջնակետին հասնում, մեզ այդչափ հոգեհարազատ է թվում: Ու այստեղ է, որ ֆիլմային վենդետաները սիրելի են դառնում զանգվածների համար, փառավորում նրանց հոգիները: Ինչպես վերևում նշեցինք, մեզանից և ոչ մեկն էլ անխոցելի չէ, ուստիև սերիալային ողբերգությունը կամ չարի վերջը, ամեն մի անպաշտպան քաղաքացու բարոյական հաջողության գեղարվեստականորեն արտահայտված ինքնամխի թարանք է դառնում: Ի վերջո, մարդիկ խաղաղ ու օրինավոր կյանքով ապրել շատ են ուզում, բայց ինչպես մեր կյանքը, այնպես էլ հայկական հեռուստասերիալները սկսվեցին բոլորովին այլ սյուժեով ու աստիճանաբար… քրեականացան: Պնդել, թե քրեական պատմությունները հասարակական մեծ պահանջարկ ունեն, ճիշտ չի լինի, քանզի ավելի քան ակնհայտ է, որ մեր շուրջը տեղի ունեցող անօրինականություններից ու ապօրինություններից բոլորս էլ մահու չափ ձանձրացել ենք: Ու հենց սրանում է սերիալների ու իրական կյանքի հետաքրքիր հակադրությունը, երբ դժվար է դառնում հասկանալը, թե կրիմինալն ատող հանրությունը ինչու և ինչպես է տարվում քրեական այդչափ անհեթեթ պատմութ յուններով: