ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ


Բավական էր միջազգային մի շարք վերլուծաբաններ խոսեին պարենային համակարգում խորացող խնդիրների մասին, որպեսզի հայ ներկրող գործարարները կայծակնային արագությամբ բարձրացնեին մի շարք ապրանքների գներ£ Առաջին հերթին «ուշադրություն դարձնելով» ալյուրին ու բուսական յուղին` ձեթին: Եվ վերջին օրերին արդեն ալյուրի գինը բարձրացել է 12-14 տոկոսով, ձեթի գինը` մոտ 15 տոկոսով: Ներկրողներից ոմանք այս բարձրացումները պայմանավորում են դոլար-դրամ հարաբերակցությամբ, երբ նկատելի է դարձել դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ, ինչն առաջին հերթին բացատրվում է հետտոնական ավանդույթով: Հայաստանում, ի տարբերություն աշխարհի բոլոր երկրների, Ամանորի և Սուրբ Ծննդի նախօրյակին աճում են կենսամթերքների գները, ինչն էլ հետտոնական շրջանում ստեղծում է դոլարի փոխարժեքի արհեստական բարձրացում: Սակայն ոչ բոլորն են ալյուրի թանկացումը բացատրում «դոլարային տարուբերումներով». ըստ որոշ գործարարների հայտարարության` այժմ ալյուրը ներկրվում է ոչ թե Ռուսաստանից, այլ` Ղազախստանից, իսկ սա նշանակում է ճանապարհային ծախսերի ավելացում: Հետևաբար, ճանապարհածախսը գումարվում է ապրանքի գնին: Մի երրորդ խումբն էլ ալյուրի գնի բարձրացման մեջ տեսնում է Փոթիի նավահանգստում տիրող «սպեկուլյատիվ» իրավիճակը, երբ Ռուսաստանից ու Ղազախստանից ներկրված ալյուրն այստեղ վաճառում են 400 ԱՄՆ դոլարով` նախկին 200-ի փոխարեն… Հասկանալի է, որ բոլոր բացատրություններն էլ ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր: Հատկապես նրանք, ովքեր ամեն ինչ կապակցում են Փոթիի նավահանգստում հաստատված գներին, մեկ անգամ ևս հաստատում են, որ Հայաստանում որոշ ներկրողներ ոչ թե առաջնորդվում են ներկրումների համակարգում հաստատված կանոններով և սկզբունքներով, այլ պարզապես զբաղվում են վերավաճառքով£ Արդյունքում ներքին շուկայում ստեղծվում է անցանկալի լարվածություն` առավել խորացնելով սոցիալական խճողումները: Գնաճը համաշխարհային շուկայում օբյեկտիվ գործընթաց է` պայմանավորված բազմաթիվ գործոններով£ Մինչդեռ հայաստանյան շուկայում գնաճը շատ հաճախ արհեստական է` միտված գերշահույթ ապահովելու ներկրողներին և նրանց, ովքեր զբաղվում են հացամթերքների արտադրությամբ: Պատահական չէ, որ մեզանում ամենաշահավետ ոլորտներից մեկը հացաթխման արտադրությունն է, քանզի այստեղ վաղուց վարժվել են որևէ ստանդարտի չհամապատասխանող քաշի գերակայությանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 110 դրամով վաճառվող մատնաքաշը կշռում է 250-ից 300 գրամ, ինչն էլ նշանակում է, որ մեկ կիլոգրամ հացը Հայաստանում արդեն արժե 340-440 դրամ: Սա, իհարկե, իր տեսակի մեջ բացառիկ «ռեկորդ» է, ինչը հաստատում է, որ հացը մեզանում ամենաթանկ կենսամթերքների ցանկում է: Առավել շահեկան է դարձել «խաչապուրու» և թխվածքաբլիթի արտադրությունը, քանզի այստեղ շահույթը գերազանցում է 80 տոկոսը: Բնականաբար, թե´ ներկրողները, թե´ հացաթխմամբ զբաղվողները գործում են որոշակի պայմանավորվածությունների սահմաններում` գիտենալով, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը կարձագանքի այս ամենին միայն այն ժամանակ, երբ իրենք հասցրած կլինեն ապահովել իրենց գերշահույթը: Ապացույց` հավկիթի հետ կապված պատմությունը, որը տարեմուտին ցնցեց ներքին շուկան: Մինչ նշյալ հանձնաժողովը և Գյուղնախարա րությունը կցկտուր բացատրություններ կտային` այդ ոլորտում գործողները միլիոնավոր դրամների գերշահույթ ապահովեցին` մոլորեցնելով հանրությանը: Տնտեսական մրցակցության հանձնաժողովում, իհարկե, խոստացել են ուսումնասիրել ալյուրի և բուսական յուղի թանկացման պատճառները, համապատասխան հետևությունների հանգել… Բայց… Մինչև ցամաք առուն ջուր գա…

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ