ԱՊՐԵԼՈՎ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ՀՈՂԸ


Վանիկ և Վիոլետա ՕՀԱՆՅԱՆՆԵՐԸ Մարտակերտի Թալիշ գյուղից են: Ճարտարագիտական համալսարանն (նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտ) ավարտելուց հետո նրանց ճանապարհ ները խաչվեցին ու հասկացան, որ ստեղծված են միմյանց համար: Կյանքը խաղաղ հունով առաջ էր ընթանում մինչև 1988 թվականը: Շարժումը, սակայն, շրջադարձեց նրանց ընտանիքի խաղաղ առօրյան, ամեն ինչ փոխվեց: Շարժման առաջին իսկ օրվանից Վ. Օհանյանն ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներից էր: Նրա համագյուղացի, «Թալիշի պաշտպան» վետերանների հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Ապրեսյանն այսօր էլ ջերմությամբ է հիշում Վանիկին ու մյուս ընկերներին£ - Միմյանց ճանաչել ենք մանկուց: Երևանում էինք, երբ շարժումն սկսվեց: Մեր առաջին քայլն էր` միավորվել թալիշցիներով, օգնության ձեռք մեկնել գյուղին: Թալիշը սահմանամերձ տարածք է, երեք կողմից շրջապատված է ադրբեջանական գյուղերով: Ստեղծեցինք 14 հոգանոց մարտական ջոկատ և 89 թ. վերջին մեկնեցինք Թալիշ: Կարճ ժամանակում գյուղում ստեղծվեց մարտական ջոկատ: 1990 թ. հունվարի 27-ին թշնամին հարձակվեց գյուղի վրա: Լավ զինված զորքի դեմ թալիշցիք մարտնչում էին մի քանի զենքերով, կացիններով ու մահակներով: 4-5 ժամ տևած ծանր մարտից հետո թշնամուն մի կերպ ետ մղեցին: Դա ոգևորեց ազատամարտիկներին, և շատերը վերադարձան ու համալրեցին մարտական ջոկատը: Նրանցով կազմավորված մարտական ջոկատի հրամանատար նշանակվեց Վանիկ Օհանյանը, իսկ գյուղի բնակիչներից կազմված ջոկատի հրամանատար` Միքայել Ապրեսյանը: -Հազվադեպ էր տուն գալիս, այն էլ` գործերով. այցելում էր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, օգնում նրանց: Երեխաներս փոքր էին, երրորդ դուստրս նոր էր ծնվել: Երբ անհանգստանում էի, ասում էր. «Գնում եմ, որ ճանապարհը բաց պահեմ. ապրելով ենք հողը պահելու: Մարդ պետք է մնացած կյանքն այնպես ապրի, որ խիղճը հանգիստ լինի…»,- պատմում է Վիոլետա Օհանյանը: Իսկ մարտական ընկեր Մ. Ապրեսյանն ավելի հանգամանորեն է ներկայացնում 90-ականների ծանր գործողությունները… - 90-ի վերջին 91-ի սկզբին Թալիշում սկսվեցին ամենածանր մարտերը: Վանիկի հայրական տանը քննարկում էինք հետագա քայլերը: Վանիկը կսկիծով հարցրեց. «Ի՞նչ է լինելու վերջը…»: Ամեն օր դիրքային կռիվներ էին: Գնալով մարտերը թեժանում էին: Հակառակորդը մեծ ուժով հարձակվեց 1992 թ. փետրվարի 2-ին: Մեր ջոկատները լուրջ դիմադրություն ցուցաբերեցին: Ամենածանր ճակատամարտը եղավ ապրիլի 18-ին. հակառակորդը զինված էր հզոր տեխնիկայով: Շարունակում է կինը` Վիոլետա Օհանյանը. -Մայրս մահացել էր, Երևանից գնացի Թալիշ: Հուղարկավորությունից հետո Վանիկն ինձ ճանապարհում էր Երևան: Հանկարծ ասաց .«Ետ ենք վերադառնում, ժամանակ չկա»: Հարցրի, թե ի՞նչ է պատահել, ասաց. «Գյուղում ծանր մարտեր են»: Զարմանում եմ` ո՞նց իմացավ թշնամու հարձակման մասին: Շտապեց օգնության: Նա անմնացորդ նվիրված էր հայրենիքին: Իրենց ջոկատում Ազո անունով բարձրահասակ ու թիկնեղ երիտասարդ կար: Մի օր հարցրի, թե առանց զենքի ո՞նց եք կռվում, ասաց. «Նայիր բիլակիս հաստությանը, այ, սրանով եմ կռվում»: Որքա՞ն էր դիմանալու Ազոյի բիլակը… Հրամանատարը լավ էր հասկանում, որ գնալով վիճակն ավելի է սրվելու: Համագյուղացիներին հորդորում էր, որպեսզի չլքեն գյուղը և պաշտպանեն վերջին ճիգով, որովհետև սեփական ուժով միայն ելք կգտնեն£ 1992 թ. մայիսի 4-ին թշնամին հարձակվեց Վ. Օհանյանի դիրքի վրա: Մինչ մյուս դիրքերից օգնության կհասնեին` 16 հոգանոց ջոկատը լուրջ դիմադրություն ցուցաբերեց, բայց զոհեր ու վիրավորներ եղան: Ծանր վիրավորվել էր նաև հրամանատարը: Սակայն հաջորդ առավոտ նա նորից մարտադաշտում էր. Թալիշն իրեն էր սպասում… Ցավոք, նույն թվականի հունիսի16-ի անհավասար մարտերից հետո Թալիշը հայաթափ եղավ… Կինը դառնորեն հիշում է. - Վանիկը ֆիզիկապես վիրավոր էր, բայց հոգեպես էլ ծանր ապրումներ ուներ£ Ասում էր. «Մեր պայքարը զուր անցավ, հողը մերն է, մեր հարազատների շիրիմները չենք կարող թողնել: Որ հողը դատարկ եղավ, ու սահման դրվեց, տարիներ հետո ինքնըստինքյան հարմարվելու ենք, որ դա մերը չէ»: Որոշ ժամանակ անց 16 քաջերով ընդգրկվեց Վ. Սարգսյանի մահապարտների գունդ. մահապարտների «Արծիվ-1» դասակի հրամանատարն էր: Մարտնչել է Դրմբոնում, Չլդրանում, Սրխավենդում, Կիչանում… Մարտընկերը հոգու ցավով, բայց նաև հպարտությամբ է պատմում. - Վանիկի միակ նպատակն էր ազատագրել Թալիշը: 93 թ. մարտին նրա գլխավորությամբ ստեղծվեց «Թալիշ գումարտակը»: Սկզբում 60, ապա ևս 120 հոգի ընդգրկվեց այդ գումարտակ: 93-ի դեկտեմբերի 24-ն էր… Մադաղիս-Թալիշ հատվածում էր: Լսելով, որ իր տղաները ծուղակի մեջ են` գնաց նրանց ետևից: Նա գիտեր, որ այլևս ետ չի վերադառնա: Անօրենի գնդակը ընդհատեց քաջի կյանքը: Իսկ մենք միասին որքա˜ն ծրագրեր էինք մշակել, որ մնացին անավարտ… Վանիկ Օհանյանի մահից 4 ամիս անց ազատագրեցին Թալիշը… Ցավոք` նա չհասցրեց տեսնել ազատագրված Թալիշը:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ