ՔԱՂԱՐԵՆԱ. Վրաստանի Նախագահի հայաստանյան այցի շուրջ


Երեք օր առաջ աշխատանքային այցով Երևանում էր Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին: Վրացական լրատվամիջոցները նախապես հայտարարում էին, թե Սահակաշվիլին Երևան է ժամանելու պետական այցով (որը դիվանագիտական պրակտիկայում պետությունների ղեկավարների ամենաբարձր մակարդակի այցերի թվին է պատկանում), ենթատեքստում ընդգծելով, թե վրաց ղեկավարն այս տարին սկսում է հենց բարեկամ Հայաստան բարձր մակարդակի այց կատարելով: Սակայն պարզվեց, որ հայկական կողմը Սահակաշվիլիին այդքան բարձր մակարդակի այց կատարելու հրավեր չէր ուղարկել: Այսինքն, հարևան պետության ղեկավարի հայաստանյան այցի նախաձեռնությունը կարող էր նաև… իրե´նը լինել: Այնուամենայնիվ, անկախ այցի դիվանագիտական աստիճանից, Երևանում Միխեյիլ Սահակաշվիլին և նրա գլխավորած պատվիրակությունն արժանացան ամենաջերմ ընդունելության: Հյուրի հետ իր նստավայրում առանձնազրույց ունենալուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի իր պաշտոնակցին անմիջապես ուղեկցեց «Սինոփսիս-Արմենիա» գիտա-արտադրական միավորում, ուր երկու պաշտոնատարներն անձամբ մրցանակներ հանձնեցին համատեղ պայմանավորվածությամբ Երևանում անցկացված հայ և վրացի աշակերտների 1-ին օլիմպիադայի հաղթողներին£ Իհարկե` հանդիսության ժամանակ չզլանալով սիրալիրություններ շռայլել թե´ երկու ժողովուրդների հազարամյա բարեկամության, թե´ երկու պետությունների ներկայիս ջերմ հարաբերություն ների, թե´ միմյանց հասցեին: Մեծ հաշվով` ընդունելության արտակարգ ջերմությունը, կատարվող հրապարակային շեշտադրումներն արդարացի էին: Այս մոլորակի վրա հազիվ թե գտնվեն մեզ նման ուրիշ երկու հարևան ժողովուրդներ ու պետություններ, որ հազարամյակների ընթացքում գրեթե երբեք սուր չեն բարձրացրել միմյանց վրա: Հակառակը, գրեթե միշտ եղբայրաբար սատարել են իրար: Դեռևս 450 թվականին, Ավարայրից մեկ տարի առաջ, մեր մեծ զորավար Վարդան Մամիկոնյանը Խաղխաղի (այժմյան Ղազախի) մոտ տեղի ունեցած ճակատամարտում գլխովին ջախջախեց պարսիկ զորավար Սեբուխտի 20 հազարանոց բանակը, որը պատրաստվում էր արշավել Վրաստան: Միջին դարերում վրաց հզոր թագուհի Թամարի ամենավստահելի զորավարները, վրաց զորքերի ամիր-սպասալարները կամ սպարապետները հայազգի Իվանե և Զաքարե Երկայնաբազուկ իշխաններն էին: Նրանց ազգանուններն էլ վրաց վայ-պատմաբաններից ոմանք թարգմանել-վրացականացրել են` դարձնելով «Մխարգրձելի»: Երևի չեն ուզում խոստովանել, որ Թամար թագուհու իշխանության հենարանը նախ և առաջ հայերն են եղել: Հենց Իվանեի ու Զաքարեի խնդրանքով էլ Թամարն իր իշխանությանն է միացրել մեր պատմական Լոռին, որովհետև այն ժամանակ մենք պետականություն չունեինք, և այդ կերպ Լոռվա հայ բնակչությունը փրկվել է օտարների ասպատակություններից: Այս իրողությունը նկատի առնելով է, որ վրաց որոշ կարճամիտ ազգայնականներ մինչև հիմա էլ թմբկահարում են, թե իբր Լոռին…«վրացական հող է»: Մոռանում են, որ Թամար թագուհուց հազարավոր տարիներ առաջ կամ նրանից հետո այդ հողը երբեք վրացական չի եղել: Այդպիսիների վրդովեցուցիչ կեցվածքն էր պատճառը, որ Հայաստանի ու Վրաստանի 1-ին հանրապետություն ների տարիներին զորավար Դրաստամատ Կանայանը ստիպված եղավ հրով ու սրով վրացական զորքերից մաքրել Լոռվա մեր հողերը: Կանայանի հեծելազորն արդար զայրույթով արշավեց Թբիլիսի և վրացիների թախանձագին խնդրանքներից հետո կանգ առավ քաղաքի պատերի տակ… Տա Աստված` սա այդպես էլ միակ դեպքը մնա մեր պատմության մեջ, երբ հայ և վրաց զինվորները բախվել են մարտադաշտում… Իսկ ընդհանրապես, եթե վերանանք առավելաբար վրաց ազգայնամոլներից բխող այս կարգի հակահայ դրսևորումներից` երկու ժողովուրդների բարեկամությունն իսկապես դիմացել է ժամանակների փորձությանը: Շատերս ենք հիշում, թե ինչպես դեռ 1978-ին, Հայաստանի և Ռուսաստանի միավորման 150-ամյակի տոնակատարության օրերին, Վրաստանի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Շևարդնաձեն մեր Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացած հանդիսավոր նիստի ժամանակ խոսելով հայերի ու վրացիների առասպելական նախնիներ Հայոսի ու Քարթլոսի եղբայրության մասին, հայտարարեց. -Իսկ մի՞թե չի եղել, որ մենք…վիճենք…: Եղե´լ է, մեզնից յուրաքանչյուրը ձգտել է ապացուցել, որ ավագ եղբայրն ինքն է, որպեսզի ավագի իրավունքով առաջինն ինքը մերկացնի սուրը և օգնության շտապի կրտսերին… Սահակաշվիլիին Երևանում ընդունելիս` նմանօրինակ շեշտադրումեր կատարեց նաև Հայաստանի նախագահը` ընդգծելով, թե` - Ի՞նչ բարեկամություն, եթե մրցակցություն չլինի…Բայց մենք միշտ մրցակցել ենք այլ բաներով` ո՞ւմ գրականությունն է ավելի լավը, ո՞ւմ թատրոնն է ավելի հին…: Մի խոսքով` ջերմության պակաս իսկապես չկար: Սահակաշվիլին նույնիսկ հատուկ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին` «Վրաստանին ցույց տված օգնության համար»: Ինքը փակագծերը չբացեց, և դժվար է ասել, թե ի՞նչ օգնության մասին էր խոսքը: Միգուցե հասարակական լայն լսարանին հայտնի չէ, բայց չի բացառվում, որ Հայաստանը, կոնկրետ Սերժ Սարգսյանը որոշակի գաղտնի միջնորդական ջանքեր գործադրած լինի` հենց Սահակաշվիլու մեղքով 2008-ին սանձազերծված վրաց-ռուսական բախումը շատ չխորացնելու, վրաց նորօրյա պետականության գոյությունը փրկելու հարցում: Իսկ միգուցե Սահակաշվիլին նկատի ուներ ա՞յն, որ Հայաստանն այդպես էլ չենթարկվեց գայթակղությունների և մինչև այժմ էլ պաշտոնապես չի ճանաչել Հարավային Օսիայի ու Աբխազիայի պետական անկախությունները: Ինչպես էլ լինի` հաճելի էր Վրաստանի ղեկավարի շուրթերից այդ կարգի երախտագիտություն լսելը: Ցավոք, չենք կարող նման բան ասել հենց իր մասին: Մինչև երկրի նախագահ դառնալը, երբ Միխեյիլ Սահակաշվիլին դեռ վրացական «վարդերի հեղափոխության» առաջնորդն էր, մեր հեռուստաընկերություններից մեկի նկարահանող խումբը մեկնել էր Թբիլիսի և նրա հետ հարցազրույց էր արել: Այդ հարցազրույցում ապագա նախագահը խոստացել էր, թե հենց որ իշխանութունը նվաճի` կվերանայի Վրաստանի վրայով դեպի Հայաստան առաքվող բեռների սակագները: Իշխանութ յունը նվաճելուց հետո նա իր խոստումը…«կատարեց»` հակառակ իմաստով. Վրաստանի վրայով Ադրբեջան առաքվող բեռների սակագները թողեց նույնը, իսկ Հայաստան առաքվող բեռների յուրաքանչյուր մեկ տոննայի սակագինը…բարձրացրեց 1 դոլարով: Իր իշխանության բոլոր մնացած տարիներին էլ Միխեյիլ Սահակաշվիլին վարել և վարում է ընդգծված ադրբեջանամետ ու թուրքամետ քաղաքականություն. հաճույքով մասնակցում է Հայաստանը շրջանցելով նավթագազային խողովակաշարեր կառուցելու թուրք-ադրբեջանական ծրագրերին: Ճիշտ է, ազնվություն է ունեցել Անկարայում բարձրաձայնելու նման քաղաքականության անթույլատրելիության մասին` ինչպես խոստացել էր ՀՀ 2-րդ նախագահին, բայց դրանից այն կողմ չի գնացել: Սահակաշվիլին հավանություն է տվել նաև հակահայ այլ ծրագրերի, օրինակ` Գյումրին շրջանցելով Կարս-Ախալքալակ-Թբիլիսի երկաթուղագիծ կառուցելուն: Էլ չենք ասում, որ վճռականապես չի հակազդում Ջավախքը հայաթափելու, այդ բնիկ հայկական տարածքները թուրք-մեսխեթցիներով բնակեցնելու չարամիտ նպատակներին: Իսկ դա կործանարար է լինելու նախ և առաջ Վրաստանի համար: Այդ երկրի հայկական ազգաբնակչությունը, կոնկրետ ջավախահայությունը` երբեք չի կարող սպառնալիք հանդիսանալ Վրաստանի պետականության ու ամբողջականության համար, իսկ ահա ազերիական տարրը` կարո´ղ է: Զուր չէ, որ այժմ Բաքվում ոմն «քաղաքական գործիչ» Բորչալի հայտարարում է Ադրբեջանի կազմում «Բորչալուի Ինքնավար Հանրապետություն» ստեղծելու անհրաժեշտության մասին, իսկ դրա տակ հասկացվում է այժմյան Վրաստանի… Բոլնիսի ենթաշրջանը… Կյանք է, կպատահի: Սահակաշվիլին դեռ շատ երիտասարդ է, սխալներ է անում, միգուցե դեռ էլի կանի: Միայն թե բարեմաղթենք, որ դրանք…անուղղելի չլինեն ու մեծ վնասներ չհասցնեն ո´չ մեր բարեկամ վրաց ժողովրդին, ո´չ նրա այժմյան պետականությանը:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ