ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ


Աշխարհում առկա քաղաքական գործընթացների, մեր երկրի վրա դրանց ազդեցության մասին է հարցազրույցը` քաղաքագետ, ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: -Փենսիլվանիայի հետազոտական կենտրոնի փորձագետների կարծիքով` իրենց երկիրը կորցրել է հետաքրքրությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ, ինչը կարող է նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը: -Ես չեմ կարծում, թե որևէ երկիր, մանավանդ` Միացյալ Նահանգների պես երկիրը, կարևորագույն խնդրի նկատմամբ կարող է կորցնել հետաքրքրությունը: Մեզ համար մտահոգիչ պետք է լինի այն հանգամանքը, որ ընդհանրապես պատերազմի վտանգը կա: Բոլորն են հասկանում, որ պատերազմ սկսելը շատ ծանր գործ է ցանկացած պետության համար, մանավանդ` այս տարածաշրջանում£ Մենք տեսանք 2008-ին Վրաստանի վիճակը: Այսինքն, պատերազմ սկսող երկիրն ինքն էլ հասկանում է, որ հետևանքները հաշվարկելը շատ դժվար է, և ուժի հավասարակշռությունը միայն կողմերի բանակներով չի որոշվում: Պատերազմի մասին խոսելիս հարկավոր է դիտարկել, թե միջազգային քաղաքականությունն ինչպես է զարգանում: Ադրբեջանը փորձում է տարբեր երկրներից «դաբրո» ստանալ, միջազգային հանրությունից աջակցություն ունենալ` նման քայլի դիմելու համար: Բայց մինչև հիմա պարզ երևում էր, որ ուժային կենտրոնները կտրուկ դեմ են նման գործողությունների և անընդհատ կողմերին կոչ են անում զերծ մնալ նման քայլերից: Սակայն ոչ ոք չի կարող ասել, թե ինչ-որ մի պահի նման պատերազմը գերտերություններին պետք չի գա` ուրիշ, օրինակ, Իրանի, Թուրքիայի կամ Կասպից ծովի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: Ես չեմ պատկերացնում, որ առանց գերտերությունների շահագրգռությունների` Ադրբեջանը նման քայլի դիմի: Պատերազմ սկսող երկրները, սովորաբար, վատ ապագա են ունենում: -Շահագրգռությունների մասին հիշատակելիս նկատենք, որ Ադրբեջանն անցյալ տարվա վերջին լուրջ քայլեր նախաձեռնեց «Նաբուկո» գազային նախագծի մաս կազմելու համար: Խոսքը 400 կմ-անոց, 3 մլրդ դոլար արժողությամբ գազամուղ կառուցելու մասին է, որով Շահ Դենիզ հանքավայրից գազը պետք է Եվրոպա արտահանվի: Դա այդ պետություններին չի՞ շահագրգռի` Ադրբեջանին աջակցելու: -Նման շահագրգռություն կարող է լինել Արևմուտքի կողմից: Բայց նաև անհրաժեշտ է տեսնել, թե այս տարածքում հիմնական ազդեցիկ ուժը` Ռուսաստանն ինչպես կնայի այդ ամենին: Դժվար է միակողմանի դիտարկել իրավիճակը: Հնարավոր է` Ռուսաստանն էլ շահագրգռված լինի պատերազմ հրահրել` ուրիշ նպատակներով£ Ասենք` տարածաշրջանում տեղադրի իր զորքերը և չթույլատրի նման էներգետիկ նախագծերի իրականացումը: Շատերն են այս մասին խոսում Արևմուտքն էլ հասկանում է, որ Ադրբեջանին պատերազմի հարցում աջակցելու դեպքում կարող է բոլորովին հակառակ արդյունքը ստանալ: Այս պատճառով էլ շատ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ պնդում են, որ էներգետիկ նախագծերը կարող են ընդհանրապես զսպել որևէ պատերազմ: Նման նախագծերի դեպքում շատ կարևորվում է դրանց անվտանգության ապահովումը: Ադրբեջանը փորձում է անվտանգության խնդիրն իր ուզածով կազմակերպել. Թուրքիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր է կնքել ու շտապ վավերացրել այն: Բայց Թուրքիան դեռ չի վավերացնում, որովհետև բոլորն են հասկանում, թե ինչպես կարող է փոխվել իրավիճակը տարածաշրջանում, եթե նման պայմանագիր լինի: Անվտանգության խնդրում կոնսենսուս չկա. յուրաքանչյուրը փորձում է յուրովի անվտանգություն ապահովել: Ընդհանուր կոնսենսուս չկա, և պատերազմի վտանգն այդտեղից է գալիս: -Նախորդ տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը: Ձեր կարծիքով այդ ուղղությամբ ինչ-որ բան կարո՞ղ է փոխվել: Հատկապես, եթե նկատի ունենանք Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ վերջերս Կիպրոսում Հայաստանի նախագահի կոշտ, բայց արդարացի գնահատականները : - Անցյալ տարին ցույց տվեց, որ Թուրքիան շատ բարդ իրավիճակում է: Քաղաքական, հասարակական շրջանակներում բոլոր խոսակցություններն ու հույսերը, թե Թուրքիան փոխվում է, չիրականացան: Այդ երկիրը ներքին շատ մեծ խնդիրներ ունի. խնդիրներ ունի նաև աշխարհի հետ: Այն դեռ պատրաստ չի քաղաքականություն վարել` ճանաչելով գործընկերների իրավունքները: Այնտեղ գործող հին քաղաքական ավանդույթներին գումարվել է նեոօսմանական վարակը, որն այսօր իշխող կուսակցությունը դրել է արտաքին քաղաքականության հիմքում: Ամենուրեք փորձում է հարաբերություններ ստեղծել` սեփական հավակնություն-նկրտումներով, սեփական պայմաններով միայն` առանց դիմացինի պայմանները հաշվի առնելու: Բնականաբար, Հայաստանը փորձում է գործընկերներ գտնել այն երկրների շրջանում, որոնք Թուրքիայի հետ նմանատիպ խնդիրներ ունեն: Կոնկրետ` Կիպրոսի և Հունաստանի հետ: Նախագահի այցը ես այդպես եմ բնորոշում: Թուրքիան ցեղասպանություն իրականացրած երկիր է, և ցեղասպանության ճանաչման խնդիրն ամենևին էլ անցյալի հարց չէ, այլ` ապագայի£ Իսկ Թուրքիան չի կարողանում իր մեջ ուժ գտնել այդ խնդիրը լուծելու համար և ցանկություն էլ չունի: Այդ երկիրը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար: Կար ժամանակ, երբ այդպիսինն էր միլիտարիստական Ճապոնիան, որը մեծ կորուստներ տվեց ու փոխվեց: Թուրքիայից եկող վտանգը բոլորն են տեսնում, և այդ պատճառով էլ զսպող ուժը, ճնշումը շատ մեծ է: Այդ երկիրը հույս ունի, թե հարաբերություններ հաստատելով Իրանի, Արաբական երկրների հետ, կհաղթահարի այդ ճնշումները: Բայց արդյունքում… 50 տարվա բարեկամ Իսրայելը թշնամի դարձավ Թուրքիային: Նրա համար բարդ իրավիճակ է ստեղծվել Միջերկրական ծովում. Իսրայելը, Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը… Ի վերջո, Ռուսաստանն էլ երկարաձգեց իր ռազմակայանի այստեղ` Հայաստանում գտնվելու ժամկետը: Այսօր Թուրքիայի առաջխաղացմանը հակադրվող քայլերն են ավելի շատ, ինչը բնական է: Ոչ ոք թույլ չի տա, որպեսզի տնտեսական աճ և 600 հազարանոց բանակ պահող երկիրն իր քմահաճույքները պարտադրի, որովհետև հասկանում են, որ նման երկիրը վաղը պատուհաս կդառնա բոլորի համար: Ես համոզված եմ` դեռ կստիպեն, կպարտադրեն Թուրքիային հանգիստ մնալ և դրա համար ամեն ինչ անելու են, Ղարաբաղյան խնդիրն էլ են օգտագործելու: - Հարավային Սուդանում անկախության հանրաքվեն օր առաջ շտապեցին ողջունել Եվրամիությունն ու ՄԱԿ-ը, չնայած` վերջնական արդյունքները հրապարակվելու են միայն փետրվարին: Ո՞րն է միջազգային հանրության շահագրգռության աղբյուրը£ Մի՞թե միայն նավթը: - Ոչ: Ընդհանրապես, քաղաքականության մեջ էներգակիրների գործոնը մի քիչ շատ ենք ուռճացնում: Մենք ապրում ենք մեծ փոփոխությունների դարաշրջանում. համաշխարհային նոր կարգ է առաջ գալիս£ Այն, ինչ ստեղծվեց Խորհրդային Միությունից, Հարավսլավիայից, հիմա տեղափոխվում է Աֆրիկա: Կարծում եմ` միջազգային հանրությունը հանգել է այն մտքին, որ հարկավոր է ստեղծել նման մի օրինակ, որի միջոցով կատարվելիք փոփոխությունները կփորձեն հանգիստ իրականացնել: - Այդպիսի օրինակ էր նաև Կոսովոն: - Իհարկե: Կոսովոն օրինակ էր, երբ մետրոպոլիայի կողմից ճնշվող տարածքն անկախ ճանաչվեց: Կա նաև Ռուսաստանի տարբերակը` Աբխազիան ու Օսեթիան: Աշխարհը դեռ չի ընդունում այդ տարբերակը, բայց վաղը կարող է և ընդունել: Այսինքն, տարբեր օրինակներ են մշակվում` աշխարհի քաղաքական քարտեզի վերաձևումն իրականացնելու համար: Դա արդեն պահանջ է ամբողջ աշխարհում, և միջազգային հանրությունն այն իրականացնելու գործիքներ պետք է ունենա: - Նախորդ տարվա վերջում մեր ԱԺ-ում դրված էր ԼՂՀ ճանաչման հարցը: Ձեր կարծիքով, այդ հանգամանքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հիմնախնդրի հայանպաստ լուծման համար: - ԼՂՀ միջազգային ճանաչման առնչությամբ Հայաստանում կարծիքներն էապես տարբեր են: Այս հարցում մեզանում դեռևս նորմալ բանավեճ չի ծավալվել: Առանձին սոցիալական կայքերում եղել են նման փորձեր, բայց ընդհանուր հասարակական բանավեճ չկա: Հարկավոր է լրջորեն քննարկել, թե ստեղծված միջազգային իրավիճակն ինչքանով է նպաստավոր, որպեսզի երկիրը պաշտպանված լինի£ Կամ, ինչպիսի՞ն է պատերազմի ռիսկը. պետք է հաշվարկել ռեսուրսները… Ոչինչ չի քննարկվել, և ես չեմ տեսնում, թե քաղաքական դաշտն ու հասարակությունը պատրա՞ստ են այդպիսի բանավեճի:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ