Չինական Ամանոր


Երևի թե ողջ աշխարհը հետաքրքրվում է չինական աստղագուշակով (հորոսկոպ): Շատերը նույնիսկ տվյալ տարվա կենդանակերպի «նախասիրություններով» են դիմավորում Ամանորը` չիմանալով, որ այդ կենդանակերպը «գալիս» է ոչ թե հունվարի 1-ին, այլ ավելի ուշ` չինական Նոր տարուն: Ահավասիկ որոշ մանրամասներ` ազգային այդ տոնից:

Այն արդեն սկսվել է, և տոնակատարությունները կարող են ձգվել մի ամբողջ ամիս:

Փետրվարի 19-ին Չինաստանը դիմավորեց 4713 թվականը` ըստ լուսնային օրացույցի: Հիշեցնենք, որ այս տոնը ավանդաբար նվիրված է ձմեռային վերջին նորալուս նին և ամսաթիվը փոփոխական է` հունվարի 21-ից փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում, նորալուսնի օրը:

Չինացիները սովորաբար տարեմուտը, կամ «Գարնան տոնը» դիմավորում են ընտանեկան միջավայրում, և օտար երկրներում հայրենի երկրից հեռու գտնվող հարյուր միլիոնավոր մարդիկ այս օրերին վերադառնում են տուն: Չին ժողովուրդը սիրում է հանգստանալ, և տոնակատարությունները տևում են 15 օր, սակայն կարող են ձգվել մինչև մեկ ամիս:

Ի դեպ, այս տարի գարունն այնտեղ սկսվել է փետրվարի 4-ին, որը նաև Այծի (կամ Ոչխարի) տարվա սկիզբն է:

Ինչո՞ւ 15 օր: Այդ օրերից յուրաքանչյուրն իր հատուկ նշանակությունն ունի: 15-րդ, այսինքն` լիալուսնի օրը լապտերների փառատոն է. մարդիկ փողոց են դուրս գալիս վառվող լապտերներով:

Հազար տարի առաջ Չինաստանը առավելապես գյուղական համայնքներից էր բաղկացած, և Դինաստիան ներկայացնում էր տարվա օրացույցը` ֆերմերների համար: Այդ օրացույց ներառում էր արևային ու լուսնային, ինչպես նաև եղանակային օրացույցները: Այսպիսի տեղեկատվությունը շատ կարևոր էր գյուղացիների համար, որպեսզի գիտենային` երբ ցանել սերմը, երբ տնկել բույսերը, երբ հավաքել բերքը ու նույնիսկ` երբ աշխատանքի գնալ, երբ հանգստանալ կամ աղոթել, երբ նշել տոները:

Արևելքում կարմիր գույնը արև, երջանկություն է խորհրդանշում և պաշտպանում է չար ոգիներից: Ահա թե ինչու չինական Ամանորը դիմավորելու համար տունը լավ մաքրելուց բացի, պետք է զարդարել կարմիր գույներով: Ընդունված են հիերոգլիֆների, պահապան ոգիների, հարստության խորհրդանիշերի պատկերներով զարդարանք ները: Տան տարբեր հատվածներում նաև հասուն մանդարիններով լի մրգամաններ են դրվում` ի նշան հարստության ու բարեկեցություն: Իսկ ծիրանի և դեղձենու ծաղիկները խորհրդանշում են նոր ձեռնարկումները:

Նոր հագուստը պարտադիր է, որպեսզի հին տարվա խնդիրները նոր տարի չմտնեն: Պարտադիր է նաև բարեկիրթ լինել բոլորի, անգամ անհաճո մարդկանց հետ և չարտաբերել տխրություն, դժբախտություն արտահայտող բառեր: