ԱԶՆԻՎԸ

Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

ԲԱՆՏԱԽՑԻ երկաթի դուռը շըրըխկոցով փակվեց, ու փոքրիկ տոպրակով երիտասարդ կինը մի ընդհանուր հայացք գցեց ոչ լավ լուսավորված սենյակին: Չորս հատ երկհարկանի մահճակալներ կային: Հենց այդպիսին էլ պատկերացրել էր բանտախուցը:

- Անունդ ի՞նչ է:

- Ազնիվ,- պատասխանեց նորեկը:

- Դու էն Երևանյան լճի մոտ կանգնող Ազնիվը չե՞ս:

- Հա, ես եմ:

Ազնիվը փարթամ մազերով, քիչ մուգ մաշկով, հաճելի երիտասարդ կին էր: Զուսպ, բավական խելացի հայացք ուներ:

- Առաջ արի:

Ազնիվը գնաց ձայնի ուղղությամբ: Ձայնի տեր կինը կողքի թեքվեց մահճակալի վրա, վեր կենալու շարժում արեց:

- Չստերս տակն են, կռացի, հանի:

Ազնիվը կարծես անորոշ թմբիրից արթնացավ: Հայացքը սրվեց, հետ քայլ արեց:

- Ինքդ կռացիր, վերցրու:

Կինը հանկարծակիի եկավ:

- Յա˜աաաաաա,- ու ճարպկորեն ցատկեց մահճակալից:

Անսպասելի հարվածից Ազնիվը հայտնվեց գետնին: Քիչ անց, երբ ուշքի եկավ, սենյակում լռություն էր: Նստեց տեղում:

- Ազնիվ, այստեղ արի,- լսվեց մի փափուկ ձայն պատի տակ դրված մահճակալից:

Ազնիվը բարձրացավ հատակից, ուղղեց շորերը, մոտեցավ:

- Նստիր,- իր մահճակալին տեղ բացեց պառկած կինը:

- Դրսում եղանակը ո՞նց էր:

- Անձրևը քիչ առաջ կտրվեց,- քթի տակ պատասխանեց Ազնիվն ու ձեռքով սեղմեց հարվածից տնքացող քունքը:

- Ի՞նչ ես արել:

- Մարդ եմ սպանել,- կտրուկ պատասխանեց Ազնիվը:

- Արժանի՞ էր,- սևեռուն նայեց կինը:

- Արժանի´ էր,- չուշացավ պատասխանը:

- Բարձրացիր, իմ վերևում կքնես:

Պառկեց, բայց քունը չէր տանում: Աշխատում էր տեղում հնարավորինս քիչ շուռումուռ գալ: Այդպես էլ քնեց:

Հաջորդ օրը կանանցից ոչ ոք չէր նկատում Ազնիվի ներկայությունը: Միայն ճաշի ժամին իր առաջին հարկի հարևանուհին` Արաքսին, ձեռքով նշան արեց.

- Նստիր կողքիս:

Աչքի տակով սկսեց ուսումնասիրել սեղանակից կանանց, բայց հարվածողի դեմքը այդպես էլ չհիշեց:

Ուտելիքը կուլ չէր գնում:

- Հը՞, դուրդ չի՞ գալիս,- քմծիծաղեց Արաքսին,- կեր, լավ-վատ մի արա, սոված կմնաս:

- Չէ, լավ-վատ չեմ անում: Ղարաբաղում պատերազմի ժամանակ ավելի տհաճ բաներ եմ կերել:

- Ղարաբաղու՞մ,- հարցական նայեց Արաքսին:

Խոսակցությունը շարունակվեց, երբ փակվեց մետաղյա ծանր դուռը:

- Ասում ես պատերազմի ժամանակ Ղարաբաղու՞մ ես եղել: Քանի՞ տարեկան էիր:

- Քսան,- պատասխանեց Ազնիվն ու հասկացավ` Արաքսին սպասում է, որ ինքը շարունակի:

Մյուս կանանցից մի երկուսն էլ տեղավորվեցին դիմացի մահճակալի եզրին: Զգաց, որ ինքն էլ պատմելու, խոսելու ցանկություն ունի, ինչը հազվադեպ էր պատահում: Ընդհանրապես չէր սիրում իր մասին խոսել, բայց հիմա գուցե Արաքսու փափուկ ձայնն ու ջերմ մայրական աչքերն էին տրամադրում խոսել: Հիսունն անց այդ կնոջ մեջ, չնայած մեղմությանը, մի տեսակ ուժ կար, որ վստահություն էր ներշնչում:

- Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսում էի, երբ Դուշամբեում բռնկված հայտնի հակահայ հիսթերիայի ժամանակ հորս բարձրաստիճան տաջիկ ընկերը օգնեց, որ մեր ընտանիքը ապահով տեղափոխվի Հայաստան,-- առանց այլևայլության սկսեց Ազնիվը:- Հայրս ծնունդով ղարաբաղցի էր, բարձրագույն կրթությունը ստացել էր Բաքվում: Գերազանց տիրապետում էր ադրբեջաներենի նույնիսկ բարբառային ձևերին: Իշխանությունների խնդրանքով նա աշխատանքի անցավ հատուկ ծառայություններում: Ղարաբաղյան պատերազմի թեժ տարիներն էին. նա շատ անելիք ուներ: Ես չցանկացա այլևս ուսումս շարունակել, քանի որ ինձ հետ չունեի ոչ մի փաստաթուղթ: Երևանն ինձ համար նոր աշխարհ էր, և ես դժվար էի ընտելանում: Հայրս անմիջապես անցավ իր պարտականություններին և երկար ժամանակով հաճախ էր տանից բացակայում: Մենք երբեք չէինք իմանում նրա գտնվելու վայրը: Գիտեինք միայն, որ ինչ-որ տեղ կռվում էր Ղարաբաղում: Վերջին անգամ նրա բացակայությունը շատ երկարեց: Լուր առանք, որ Բաքվում նա բացահայտվել ու ձերբակալվել է: Ամենաբարձր մակարդակով անգամ մարդիկ խառնվեցին, բայց հորս մասին որևէ ստույգ տեղեկություն այդպես էլ չհաջողվեց ստանալ: Անորոշությունը սպանում էր մեզ: Գիշերները հաճախ էի արթնանում մորս հեկեկոցներից, որքան էլ նա աշխատում էր լացը թաքցնել քրոջիցս ու ինձանից: Հենց այդպիսի մի գիշեր էլ որոշեցի` պիտի գնամ Բաքու, ինքս գտնեմ հորս: Այդ միտքը դարձավ իմ կյանքի գերագույն նպատակը:

…Սկսեցի ամեն օր գնալ, շրջել մոտակա զինկոմիսարիատի բակում: Ես արդեն Բաքու հասնելու պլան ունեի: Այդ օրերին զինկոմիսարիատները հանգիստ չունեին, աշխատում էին օր ու գիշեր, ազատամարտիկների խմբեր էին կազմում, ինչով հնարավոր էր օգնում էին, օժանդակում, ավտոմեքենաներ տրամադրում նրանց` Ղարաբաղ հասնելու համար: Գնացող-եկող ազատամարտիկներից շատերին արդեն դեմքով էի ճանաչում: Պլանս իրագործելու համար պետք է ծանոթանայի նրանցից որևէ մեկի, երիտասարդ կամավորականի հետ: Ընտրությունս կանգնեց մի համակրելի տղայի` Համիկի վրա: Ծանոթացա, մի քանի հանդիպումից հետո իմացա, որ նրանց ջոկատը պատրաստվում է Ղարաչինար գնալ: Առանց այս ու այն կողմ ընկնելու, հայտարարեցի, որ սիրահարված եմ իրեն, առանց նրա կյանք չունեմ, բացի այդ, ես էլ եմ ուզում կռվել Հայրենիքիս համար, այնպես որ` իր հետ ես էլ մեկնելու եմ Ղարաչինար: Դժվար էր, բայց իրեն էլ, ջոկատի հրամանատարին էլ համոզեցի: Ճիշտ է, անփորձ, լավ պահած աղջիկ էի, բայց միշտ էլ, դեռ փոքրուց, աչքի էի ընկնում իմ համարձակ, ինքնուրույն, նույնիսկ արկածախնդիր որոշումներով, ինչը վախեցնում էր մորս, բայց հորս կողմից արժանանում էր խրախուսանքի:

Մի խոսքով, երբ ջոկատի տղաներով փակ բեռնատարը շարժվեց, ես հենց ընթացքի ժամանակ թռա, բարձրացա մեքենայի թափքը: Տանը մայրս ու քույրս ոչինչ չգիտեին, միայն մեկ շաբաթ անց հաջողվեց նրանց լուր ուղարկել գտնվելուս տեղի մասին:

…Համիկը` իմ առաջին տղամարդը, կարգին տղա դուրս եկավ: Նա շատ էր անհանգստանում ինձ համար, հոգ էր տանում, թվում էր` իսկապես սիրահարվել էր: Բայց ընդամենը մեկ օրից հասկացա, թե ուր եմ եկել, թե ինչ ասել է պատերազմ: Ու վախ, սարսափ մտավ մեջս: Ամեն կրակոցի հետ ես սպանվում էի: Ոչ Համիկի սերն էր օգնում, ոչ հոգատարությունը: Գլուխս կորցրել էի: Բայց… Այդ վիճակը երկար չտևեց: Մի գերբնական ուժ եկավ վրաս, ուշքի եկա, որ ես նպատակ ունեմ, պլան ունեմ իրագործելու, չեմ եկել այստեղ սեր-սեր խաղալու: Մի քանի օրից ասացի, որ գնում եմ, այլևս չեմ դիմանում, վերադառնում եմ Երևան ու հեռացա: Բայց Երևան գնալու փոխարեն, գնացի այլ ուղղությամբ: Փնտրում էի այնպիսի մի վայր, որտեղից հեշտ կլիներ անցնել որևէ ադրբեջանական գյուղ ու իմ իմացած ադրբեջաներենի պաշարով հասկացնել, որ տաջիկ եմ, փախել եմ հայ ամուսնուցս, ուզում եմ վերադառնալ իմ մուսուլման եղբայրների մոտ: ԵՎ այդպես կհասնեի Բաքու: Ահա, այդպիսին էր իմ ծրագիրը: Հասա մի դիրքի, որտեղից պարզորոշ երևում էր ադրբեջանական գյուղը: Շրջանից եկած կամավորական մի ջոկատ էր դիրքը պահում: Ազնիվ, քաջ, նվիրյալ տղաներ էին: Ասացի, որ ուզում եմ իրենց հետ մնալ, օգնել ինչով, ինչքանով կարող եմ: Դժվարությամբ համոզեցի ջոկատի հրամանատարին, բայց նա խոստացավ` առաջին իսկ հնարավորության դեպքում ինձ վերադարձնել Երևան, ասաց` պատերազմը աղջկա տեղ չէ: Հետո, գիշերը քնած ձևանալով, լսեցի, թե նա ինչպես էր զգուշացնում տղաներին, որ զուսպ մնան, հանկարծ չմոտենան ինձ, ի՞նչ իմանան, գուցե ես տառապում էի վեներական կամ ինչ-որ վատ հիվանդությամբ, այդ պատճառով էլ, մահն աչքիս առած, հայտնվել եմ այդտեղ:

Որոշ ժամանակ մնացի: Մի օր էլ կեսօրին, երբ կրակոցներ չկային, առանձնացա, իբրև հիգիենայի հարցերով: ՈՒ գնացի: Մի ժամից հայտնվեցի ադրբեջանական համարյա դատարկ գյուղում: Տներից մեկի բակում պառավ տեսա, մոտեցա, ջուր խնդրեցի: Հետո հորինած «հեքիաթս» պատմեցի հայ ամուսնուցս փախչելու մասին: Խնդրեցի, թույլ տա` մի քանի օր իր մոտ մնամ: Պառավս նույնիսկ ուրախությամբ համաձայնեց: Այդ ընթացքում թուրքերենիս պաշարը բավական լավացրի: Մի օր էլ համոզեցի պառավին, թե ` որտե՞ղ բարեկամ ունի, տանեմ իրեն իր բարեկամի մոտ, ապահով տեղում թող մնա: Համոզվեց: Գնացինք, երեկոյան կողմ հասանք մի քանի գյուղ ավելի խորքում գտնվող ավանի: Բարեկամն ընդունեց մեզ, բայց առաջին իսկ պահից զգացի, որ կասկածանքով է նայում ինձ: Եվ իսկապես, առավոտը շուտ հայտնվեցին երկու ասկյար, թևիցս քաշեցին, թե` գնացինք, նստեցրին մեքենան: Հայտնվեցինք ինչ-որ ռազմական բազայում: Ստուգելուց հետո գցեցին մի սենյակ ու կարծես մոռացան իմ մասին: Զգում էի, որ դրսում մի բան է կատարվում: Ասկյարները իրար խառնված` տանում-բերում էին: Կեսօրին դարպասները բացվեցին, նեղլիկ պատուհանից տեսա ավտոմեքե նայից իջնող մի քանի բարձրաստիճան սպաների, որոնցից մեկը, ինչպես հետո համոզվեցի, ուկրաինացի էր: Արդեն երեկոյանում էր: Գրասեղանի վրա պառկած` ննջում էի: Ո´չ վախ կար մեջս, ո´չ անհանգստություն, անասնական մի անտարբերություն էի զգում, ինչը տարօրինակ է թշնամու որջում գտնվող քսանամյա կնոջ համար: Դռան մեջ բանալու չխկոց լսեցի, արագ իջա սեղանի վրայից: Դուռը բացվեց, մի ասկյար ձեռքով կանչես ինձ.

- Գյալ:

Հանգիստ, լուռ ու մունջ հետևեցի նրան: Հաջորդ պահին հայտնվեցի մի մեծ սենյակում, ուր օղու և ուտելիքի տհաճ հոտը խփեց քթիս: Բազմոցին փռված բարձրաստիճան ասկյարներից մեկը մոտեցավ ինձ, հարցրեց անունս:

- Գյուլնար:- Իբրև ամաչելով` գլխիկոր պատասխանեցի ես:

Ասկյարը ոտից գլուխ տնտղեց ինձ, ինչ-որ բան ասաց մյուսներին, որը չհասկացա, բայց նրանք հռհռացին, հետո դարձավ ինձ սենյակ բերող ասկյարին:

- Տար սրան, նստեցրու մեքենաս:

Ասացի, որ զուգարան եմ ուզում, ինչի վրա ուկրաինացին անզուսպ քրքջաց, հավանաբար հասկանում էր ադրբեջաներեն և ուկրաիներեն մի հիշոց շպրտեց իմ հասցեին: Կես ժամից շարժվեցինք: Անցնում էինք գյուղերի միջով, մոտենում ճակատային գծին: Եվ իսկապես, ռմբակոծությունից տեղ-տեղ վնասված մի գյուղում մեքենայից ինձ իջեցրին երկհարկանի տան բակում: Մոտեցող թուրք կնոջը վարորդը ինձ հետ կապված հանձնարարություններ տվեց, իսկ բարձրաստիճան ասկյարը մտավ շտաբում ծառայող հարևան տուն:

Թուրք կինը ինձ ուղեկցեց տուն, ցույց տվեց լոգարանը, նոր սպիտակեղեն բերեց: Ես լողացա, կարգի բերեցի ինձ: Թուրք կնոջ հետ ճաշեցինք, բայց զգուշացա նրան հարցեր տալուց: Հետո նա ինձ տարավ մի սենյակ, ասաց, որ դա Զաիրի սենյակն է, այստեղ նստեմ, սպասեմ նրան: Հասկացա, որ Զաիրը ինձ այստեղ բերող բարձրաստիճան սպան էր: Հանգիստ էի, չէի վախենում, բայց ներսս տակնուվրա էր լինում: Չէ՞ որ ես ծրագրել էի հասնել Բաքու, բայց նորից հայտնվում եմ ճակատային գծում: Քիչ հետո եկավ Զաիրը: Գլխիկոր կանգնեցի նրա առաջ, կցկտուր պատմեցի «հեքիաթս», ասացի, որ ուզում եմ հասնել Բաքու, այնտեղից էլ` հարազատ Տաջիկստան: Զաիրը ուշադիր լսում էր, հետո դանդաղ մոտեցավ, բռնեց մազերիցս ու ատրճանակը դրեց քունքիս.

- Ո՞վ ես:

Կողմնորոշվելու համար ընդամենը մի պահ էր ինձ պետք: Ճանապարհին, մեքենայի մեջ արդեն մտովի մի քանի անգամ խաղացել էի անելիք-ասելիքս:

(Շարունակությունը` հաջորդիվ)