Կիմ Չեն Ինի նոր սանրվածքը


Ասողներ կլինեն, թե պետության ղեկավարի սանրվածքն ինչո՞ւ են քննարկում էս ամենատես լրագրողները: Ո՞նց չքննարկեն, երբ դա պարտադրվում է ուսանողներին...

Հյուսիսային Կորեայի առաջնորդը փոխել է իր արտաքին տեսքը: Փհենյանում քաղբյուրոյի անդամների հետ վերջին հանդիպմանը նա ներկայացել է մազերի նոր կտրվածքով: Ամերիկյան PeoΘle հանդեսն էլ իսկույն նկատել է, որ այդ սանրվածքը հիշեցնում է դերասան Ուիլ Սմիթի վարսահարդարումը` 1990-ական թվականներին:

Լրագրողների աչքից չի վրիպել նաև, որ քաղաքական գործիչը նորովի է «ձևավորել» հոնքերը ևս:

Առաջնորդի «բախտ» է. ոչ մեկն անտարբեր չի մնում նրանց քայլերի ու արտաքինի հանդեպ: Եվ «նորացված» Կիմի լուսանկարներն ակնթարթորեն տարածվել են համացանցում: Դատելով այդ լուսանկարներից` ԿԺԴՀ ղեկավարի արտաքինում չի փոխվել միայն ավանդական ֆրենչով կոստյումը:

Անցյալ տարի մարտի վերջին ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Փհենյանի բուհերում սովորող արական սեռի ներկայացուցիչ ուսանողներին պարտադրել են սանրվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի նման: Ճիշտ է, հետագայում պարզվեց, որ մայրաքաղաքի բուհերին այդ առնչությամբ ընդամենը բանավոր հանձնարարություն է իջեցվել: Սակայն իշխանական կամքի գրավորն ու բանավորը ո՞րն է: Ուսհաստատությունների ղեկավարներն էլ դա լավ գիտեն և «բանավոր հանձնարարությունը» պարտադիր պայման են հռչակել:

Դրանից առաջ ԿԺԴՀ-ում տղամարդիկ կարող էին ընտրել թույլատրելի 10 սանրվածքներից որևէ մեկը: Կանանց հանդեպ ավելի մեղմ էր վերաբերմունքը. նրանք կարող էին ընտրություն կատարել թույլատրելի 18 սանրվածքներից:

Ի՞նչ արած. սա էլ բազմադեմ ժողովրդավարության դրսևորումներից մեկն է. ժողովրդա-դեմոկրատիայի դեմքերից մեկը: