Արմատական փոփոխությունների ժամանակը


(Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

- Դիտորդների կարծիքովՂարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում կարծես նոր միտումներ են նկատվում: Ըստ Ձեզ, ի՞նչ միտումների մասին կարող է խոսք լինել, որո՞նք են այդ նոր միտումները:

- Ներկայում հակամարտության կարգավորումը կարծես ամերիկացիների ակտիվացման պայմաններում է անցնում. տարածաշրջանի հանդեպ ամերիկացիների ուշադրությունը կարծես թե մեծացել է: Այդ է վկայում մասնավորապես այն հանգամանքը, որ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահող Ուորլիքն առաջին անգամ համաձայնեց առանձին հարցազրույց տալ Ղարաբաղի լրատվամիջոցին, ինչն անմիջապես նկատվեց Ադրբեջանում և դատապարտվեց վերջինիս կողմից: Ինքնին այս հանգամանքն ինչ-որ վերաբերմունք է պարունակում. ավելի կարևորվեց Ղարաբաղյան գործոնը: Մինչ այս էլ Ուորլիքը ակնարկում էր, թե արժի, որ Ղարաբաղն էլ ինչ-որ պահի մասնակցի բանակցություններին: Իսկապես, Մինսկի խմբի քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխություններ, որոշակի վերաբերմունք տեսնում ենք:

Ձեր նշած փոփոխությունները շատերն են զգում: Հարցն էլ հենց այն է, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը:

- Կարելի է ենթադրություններ անել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ տիկին Նուլանդի այցի ֆոնին: Նա Ղարաբաղի առջև շատ սուր դրեց ադրբեջանցի դիվերսանտ ներին վերադարձնելու հարցը: Ղարաբաղի դատարանն է որոշում կայացրել դիվերսանտների վերաբերյալ, իսկ Միացյալ Նահանգներն ինչ-որ պահանջ են դրել, որի մեջ վեճ գոյություն ունի: Այդ վեճը քիչ է վերաբերում Հայաստանին, որովհետև անմիջական պատասխանատուն Ղարաբաղն է: Սա էլ բավական հետաքրքիր է. առաջին պլան է մղվում Ղարաբաղը, նրա գործոնն է առաջ գալիս: Ակներև է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ը սկսել է ավելի կոնկրետացնել իր նպատակները: Չմոռանանք, որ մինչև Նուլանդի այցը պետքարտուղարության ավելի ցածրաստիճան չինովնիկ հայտարարություն էր արել Հայաստանի հետ անվտանգությանն առնչվող հարցերում համագործակցությունը խորացնելու մասին: Այդ հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը խոչընդոտ չէ հայ-ամերիկյան անվտանգության համագործակցության խորացման ճանապարհին: Մենք այս ամենում նոր տարրեր ենք տեսնում և դրանցում ակնհայտ է Միացյալ Նահանգների ցանկությունը` շատ ավելի մեծ դեր ունենալ այստեղ: Սա միանշանակ է. ռուսական կողմը կարծես ստվերում է մնում այս գործընթացներում, մենք հատուկ ինչ-որ բաներ չենք տեսնում Ռուսաստանի կողմից: Նույնիսկ գնահատականներ չկան:

Գուցե Ռուսաստանն ավելի շատ զբաղված է Ուկրաինայո՞վ:

- Եվ Ադրբեջանով, Կասպից ծովի խնդիրներով: Ադրբեջանի հետ Ռուսաստանի կապերը շատ ինտենսիվ են զարգանում, իսկ Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը խստացրել են իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ: Նկատելի է, որ վերջինս Ռուսաստանի հետ է հարաբերությունների կարգավորման ոլորտում է հայտնվում:

Բայց այդ ամենն արդյո՞ք վատ չի անդրադառնա Հայաստանի վրա, որովհետև նման իրավիճակների միջով անցյալ դարասկզբին մենք արդեն անցել ու կորցրել ենք շատ բան: Հիմա նույնը չի՞ կրկնվի:

- Էս ամենը շատ լուրջ է: Մեր խնդիրն է` հետևել տեսնել, թե ինչ տենդեցներ կան թաքնված: Պատմությունը մեզ ցույց է տվել, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ցանկացած մերձեցման ժամանակ Ռուսաստանը հեշտությամբ հանձնում է Հայաստանի շահերը: Ներկայում Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները բավական լարված են` Գյումրիի դեպքերից հետո: Ռուսաստանի պահվածքը դաշնակցի պահվածք չէ: Նույնը` Ադրբեջանին զինելու հարցում: Ռուսաստանը փաստորեն սկսեց միակողմանի իրեն այդպես պահել, և կառուցողական հարաբերությունների հաստատման պատրաստակամություն մենք տեսնում ենք այլոց կողմից. ամերիկացիներն են օգնություն առաջարկում, եվրոպացիներն են ասոցացման պայմանագրի նոր տեքստ բերում: Այս ամենը պատահականություններ չեն, սա երկրի դիքորոշում է, որը լրջորեն փոխվում է: Եթե հիշում եք, Գյումրիի դեպքերից անմիջապես հետո այստեղ եկավ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը և ասաց, որ Հայաստանը պետք է լրջորեն ընտրություն կատարի: Չգիտեմ` մենք արդյոք հասկացա՞նք, ինչի մասին էր ակնարկում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

- Ի դեպ, վերջերս մեր կառավարությունում հաստատվեց Որոտանի ՀԷԿ-ը ամերիկացիներին վաճառելու հարցը: Այսպիսով կարծես ճեղքվում է մենաշնորհը. էներգետիկան դադարում է միայն մեկ պետության` Ռուսաստանինը լինել:

- Լավ է, որ դուք եք դա նկատում, և ոչ միայն դա: Այդ ՀԷԿ-ը գտնվում է Սյունիքում, Հայաստանի, Ղարաբաղի և Իրանի սահմանին մոտ: ԱՄՆ-ը այդպիսով իր ներկայությունն է հաստատում այդ կարևոր հանգուցային տարածքում: Նշանակում է` լուրջ պլաններ ունի Հայաստանի հետ: Պատահական ոչինչ չկա. Ռուսաստանն էլ կոնկրետ գոտիներում է ներկայություն հաստատում ու հզորացնում, Ուկրաինայում ինչ-ինչ հաջողությունների հասավ…

Հնարավո՞ր է, որ այդ ամենը երկու հզորների պայմանավորվածության արդյունք էր:

- ՄԱԿ-ը ճանաչեց դա, և այդ ամենը վկայում է, որ այստեղ կա նաև համաձայնություն, պայմանավորվածություն: Այսօր պարզորոշ է, որ նոր միտումների մեջ չեզոքացվում են անցյալում եղած պայմանավորվածությունները և դրանց փոխարեն նորերն են առաջանում. մեծ փոփոխություններ են կատարվում:

Այսինքն, աշխարհը մտել է մեծ փոփոխությունների ժամանակաշրջան:

- Այո, արմատական փոփոխություններ, որոնք պատմականորեն չեն էլ եղել:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ