Զվարճանքներ խորհրդային տանկերով


Պատերազմ անցած ու հաղթանակով տուն դարձած այդ ռազմամեքենաները պարզվում է նաև լավագույն և հուսալի ձմեռային զվարճասարքեր են: Շվեդիայի քաղաքացիներն ուրախանում են` խորհրդային տանկեր ձեռք բերելիս: Ամենատարբեր պայմաններում ու տեղանքներում, այդ թվում և ձյան միջով, թրթուրավոր այս տեխնիկայի դյուրանցանելիությունն է շվերդներին գայթակղում: Մանավանդ երկրի հյուսիսային Նորլանդի շրջանում բնակվողները, եթե ունեն 100 հազար շվեդական կրոն (մոտավորապես 12 հազար ամերիկյան դոլար), գնում են այդ տանկերը` ձմռանը զվարճանալու (գրել է The LocΖl պարբերականը): Եվ ոչ միայն ձմռանը. տանկը կարող է ճանապարհազուրկ տեղանքով էլ անցնել:

Երկրում մեծ արձագանք է գտել երկվորյակ եղբայրների ինքնատիպ մի գնումը` 1960-ականներին արտադրված խորհրդային լողացող զրահամեքենան: Սակայն հետո եղբայրներն ավելի նպատակահարմար են գտել նույն արժեքով տանկ ձեռք բերել: Բուլղարիայում արտադրված այդ տանկը 60 կմ/ժամ արագություն է զարգացնում հարթ ճանապարհներին և 30 կմ/ժամ` կտրտված տեղանքում: Եղբայրներից մեկը` 25-ամյա Յեսպեր Լայսելը ասել է, որ ձյան վրա շատ ավելի հեշտ է դրա կառավարումը:

Երիտասարդը պատմել է, որ ռազմական տեխնիկա ձեռք բերելու միտքը հղացել է շուրջ մեկ տարի առաջ, երբ եղբայրը ցանկություն է հայտնել արտառոց ինչ-որ իր գնել:

Ի դեպ, ինչպես նշում է newsru.coΗ-ը` ուկրաինական բախումների ընթացքում տանկերի և մարտական մեքենաների հանդեպ մեծացել է նաև ռուսաստանցիների հետաքրքրությունը: Օրինակ, աշնանը Պենզայի մի բնակիչ համացանցում տանկի վաճառքի հայտարարություն է տեղադրել: Ճիշտ է, այդ հայտարարությունը հետո վիրուսային գովազդ է համարվել, սակայն դա ավելի շուտ կարելի է զինտեխնիկայի առցանց առուվաճառքի փորձ համարել: Ավելին, հայտարարության հեղինակը, կամ վաճառվող տանկի տերը անցյալ դարի 60-ականներին արտադրված մարտամեքենայի արժեքն էլ է նշել` 3,8 միլիոն ռուբլի: Իսկ նշած հեռախոսահամարը, որով բնականաբար պետք է, որ հետաքրքրվեին պատկան մարմինները, չի պատասխանել ոչ մի զանգի: