Ընթերցողը դառնացած է


Սիրելի «Ավանգարդ», որոշեցի կիսվել քեզ, քո ընթերցողների հետ, քանզի ստի, կեղծիքի մասին գրելն ու խոսելը երբեք էլ ուշ չէ, չունի վաղեմության ժամկետ, արդիական է նաև այսօր:

19 տարեկանից` 1967 թվականից` նախկին մեքենաշինական տեխնիկումում աշխատած, 46 տարի սեպտեմբերի 1-ի զանգի ղողանջի ներքո լսարան մտած, միշտ ուսանողների սերն ու հարգանքը վայելած մանկավարժս, արդեն զրկված եմ այդ բերկրանքից: Զրկված` ոչ թե տկարության, գիտելիքի պակասի, ուսանողներին լսարանում ուսանող զգալ տալու անկարողությունից, այլ մի դրածո տնօրեն Մարինե Գրիգորյանի և ԵՊՃՀ-ի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հասմիկ Պետրոսյանի խաղերի ու ստի պատճառով:

2011 թ. Երևանի պետական արդյունաբերական քոլեջը միացվեց ԵՊՃՀ-ի քոլեջին: Իսկ 2012 թ. Ամանորը շանթեց քոլեջի աշխատակիցներին, երբ իմացանք, որ տնօրեն է նշանակվել ռուսաց լեզվի դասատու Մարինե Գրիգորյանը, ով ոչ մասնագիտորեն էր համապատասխանում այդ պաշտոնին, ոչ էլ առավել ևս մանկավարժության ոլորտում էր փայլում: 2009 թ. քոլեջում աշխատանքի էր ընդունվել որպես ժամավճարային դասավանդող, 2012-ին դարձել հիմնական:

Երկար տարիների իմ աշխատանքային գործունեության ընթացքում (լաբորանտ, գրադարանավարուհի, գրասենյակի վարիչ, կադրերի գծով տեսուչ, դասատու կամ դասախոս` ինչպես կկոչեն քոլեջում դասավանդողին): Հինգ տնօրենի հետ եմ աշխատել, բայց վերջինը...

Մեզ դասաժամեր տրամադրելու մասին, բնական է, պետք է իմանայինք համապատասխան ամբիոններից:

Քանի որ ես գիտեի Մարինե Գրիգորյանի մանկավարժության հետ կապված խնդիրների` լսարանում նրա գործունեության, դասղեկի պարտականություններից ուսումնական տարվա կեսին նրան ազատելու, մանկավարժին ոչ վայել պահվածքի մասին, ինքն ու ամբիոնի վարիչ Հասմիկ Պետրոսյանը որոշեցին ազատվել ինձանից: Մ. Գրիգորյանը ապավինեց իր հովանավորներին, Հ. Պետրոսյանը` Մ. Գրիգորյանից վախին: Ցավ եմ ապրում, որ մանկավարժության բնագավառում էլ ծլարձակում են սուտն ու բանսարկությունը: Ուզում եմ հիշեցնել տիկին Հ. Պետրոսյանին, որ սուտ խոսեց, թե Ա. Ավետիսյանը իմ գործը նայել ու գտել է, թե պաշտպանած չեմ, տարիքս կենսաթոշակի է, և որոշվել է նախապես հայտարարված դասաժամերն ինձ չտրամադրել: Մի՞թե ամոթ չէ այդ տարիքում ստելը, այն էլ ամբիոնի վարիչի կոչումով, հոր դասերը մեզ հրամցնելով (առիթների դեպքում): Ա. Ավետիսյանը հերքեց այդ սուտը: Իմ անձնական գործում կան այնպիսի փաստաթղթեր, որոնք ապահովում էին իմ հետագա մանկավարժական գործունեությունը: Տիկնայք Հ. Պետրոսյան և Գրիգորյան, մանկավարժ ծնվո´ւմ են:

Մինչև այսօր էլ քոլեջի ո՞ր դասախոսն է պաշտպանած: Մ. Գրիգորյանը հոխորտում է, որ իրեն ոչ ոք ոչինչ չի կարող անել: Եթե ես չեմ վայելել հովանավոր ունենալու ապահովությունը, աշխատել եմ իմ մասին կարծիք ստեղծել աշխատանքով, ազնվությամբ, պետք է անպաշտպա՞ն զգայի ինձ:

Իսկ ամբիոնի վարիչ տիկին Հասմիկ Պետրոսյանը արդյոք կապրի՞ այն ցավը, երբ բնակարան չունենա և աշխատանք, երբ, տա Աստված, որ իրեն էլ հեշտությամբ դուռը ցույց տան` առանց գոնե մի շնորհակալության: Հուսամ, այդ օրն էլ կգա:

Տերմինաբանության մասին գիտական թեզ պաշտպանած տիկին Հասմիկ, մեկական համապատասխան տերմին էլ մշակեք Ձեր և Մ. Գրիգորյանի մասին:

Օֆելյա ԱՍԱՏՐՅԱՆ