ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԲՆԱՎԵՐՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ԴԱՌՆԱԹԱԽԻԾԸ

Հայաստան-Սփյուռք թատերակամուրջ

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում Ադրիանա Սևան Նիկոլսի «Գիշեր Երզնկայի վրա» դրամայի առաջնախաղը մեր գենետիկ ցավի կսկիծով համակեց հանդիսականներին: Արտավազդ Օղիդանյանի տոհմի վերջին շիվի` օտարի հողում ծլարձակած թոռնուհու «արյան կանչով», նորահայտ վավերագրի արժեք ունեցող այս դրաման միանգամայն հավաստի էր իմաստավորում անպատիժ հոշոտված, սպանդից մազապուրծ աշխարհով մեկ ցիրուցան եղած մեր ազգի թուրքահպատակ տոհմածառի արմատախիլ գոյատևումը: Առաջին անգամ մեր բեմում Հայոց ցեղասպանության գեղարվեստական կերպարը ներկայանում էր իր մեկդարյա համապատկերով, այլ ոչ թե սոսկ հնամենի ահասարսուռ ազգակործան իրողություն: Շատերի համար հայտնություն եղավ նաև բեմադրության հեղինակը` Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում մասնագիտացած Վարդան Գառնիկին (Հովհաննիսյանը): Հայաստանում առաջին անգամ բեմադրված դրամատիկ պատմության հուզառատ տպավորությամբ «Ավանգարդը » զրուցեց 90-ականներից Նյու-Յորքում հաստատված 60-ամյա բեմադրիչի հետ: Վերջինիս հայանպաստ թատերական գործունեությունն օտար ափերում այդ երեկո գնահատվեց նաև ՀՀ մշակույթի նախարարության «Նարեկացի» հուշամեդալին և ՀՀ սփյուռքի նախարարության ու ՀԹԳՄ ոսկե մեդալներով:

Հովհաննես Շիրազի «17-ամյա ռադիոն»

- Ձեր մանկության ամենավառ հուշերը, բեմական գենետիկ նախադրյալները...

- Ամբողջ տոհմածառիս պատկերն ինձ համար հստակ է: Պապս Կարսի Մավրա գյուղում է ծնվել: 2 անգամ է գերդաստանով գաղթել Հայաստան: 5 զավակ է կորցրել ու փյունիկի նման հառնել մոխիրներից: Գաղթի ճանապարհին Դրոն ավագ որդու կնքահայրն է դարձել: Պատմում էր, թե ինչպես է Վարդան Մամիկոնյան խաղացել մի ներկայացման մեջ: Հայտնի դարբին էր և տարբեր գյուղերում գիտեին նրա մուրճի զորությունը: Երեխաներն էլ տարբեր վայրերում են ծնվել: Հորաքույրներս` Քուչակում, հորեղբայրս` Կարսում: Մեծ Հայրենականից հետո Գերմանիայից ԱՄՆ է տեղափոխվել. նրա պատմությունն էլ մի լեգենդ է, ինդուստրիալ դիզայներ էր: 1957-ին թողարկված հայտնի «Շևրոլետի» վահանակը նրա դիզայնով է արված: Հայրս` ամենակրտսերը, Աշտարակի շրջանի Փարպի գյուղում է ծնվել: Ապա տեղափոխվել են Երևան, Սարի Թաղում տուն կառուցել: 3 տարեկան էի, երբ առաջին անգամ հորս տեսա բեմի վրա, Սարի թաղի կուլտուրայի տանը կազմակերպված ներկայացում էր Շիրվանզադեի «Չար ոգին». Գիժ Դանել էր խաղում: Հետո «Նամուս»-ում Սեյրան էր... Ինքն էր հիմնականում կազմակերպում ներկայացումները: 3 եղբայրներով տանը բացում էինք ալբոմը, խաղում ներկայացումների լուսանկարներով: Հայրս ճանաչված, հյութեղ ասմունքող էր, Շիրազ շատ էր կարդում: Իր 7 զավակների հետ մի հայտնի լուսանկարը հորս այսպես է մակագրել Շիրազը. «Հայաստանի ռադիոն արդեն 17 տարի արգելել է ինձ իր բեմը, դու, սիրելի Գառնիկ, եղար իմ ամենալավ ռադիոն»: Խմբեր էլ էր կազմակերպում, շրջաններում համերգներով հանդես գալիս: Եղբայրներս չէ, բայց ես լրջորեն տարվեցի բեմով: Նախ, Պիոներ-դպրոցականների պալատում ասմունքի խմբակ էի հաճախում, Ալեքսանդր Ադամյանն էր վարում: Հայկական ռադիոն երբեք չի լռում մեր տանը և հիմա էլ, երբ ռադիոյով լսում եմ նրա ընթերցումները, նոր եմ հասկանում, թե որքան զուսպ ու ճիշտ էին նրա դասերը: Մանկապատանեկան, երիտասարդական մի քանի ասմունքի փառատոներում, նաև Ուրախների և հնարամիտների ակումբի մրցույթներում ինքս էլ հաջողություններ եմ ունեցել: 8-րդում համադասարանցիներիս հետ մի փոքր բեմադրություն արեցի` հատված «Գիքորից», շուկայի տեսարանը: Միշտ կազմակերպ չական ջիղ եմ դրսևորել: Դպրոցն ավարտելուց հետո ուզում էի Թատերականի ռեժիսորական բաժինն ընդունվել: Հայրս ասեց. «Գործ չունես, դժվար ճանապարհ է, ֆրանսերեն դպրոց ես ավարտել, ավելի լավ է գնաս համալսարանի ռոմանոգերմանական բաժինը, լավ թարգմանիչ կդառնաս, լեզվաբան...»: Համաձայնեցի` պայմանով, որ չընդունվելու դեպքում միևնույն է Թատերական եմ դիմելու: Հուրախություն ինձ, 1 միավորով դուրս մնացի: Շատ ուրախացա: Բայց հաջորդ տարի Թատերական էլ չընդուն վեցի, մասնագիտականներին պատրաստ չէի, գնացի բանակ, 2 տարի հետո վերադարձա, Վահրամ Վրույրի աղջկա` Էմմա Արամովնայի մոտ պատրաստվեցի, ավելի վստահ դիմեցի: Երբ հարցրին, թե ինչու եմ ուզում ռեժիսոր դառնալ, պատասխանեցի` ուզում եմ Վարդան Աճեմյանի նման ռեժիսոր լինել, ծիծաղեցին... Վարդան Աճեմյանն էլ էր ընդունելության հանձնախմբում, նախագահը Մարատ Մարինոսյանն էր: 2-րդ կիսամյակից տեղափոխություն եղավ` Գրիգոր Մկրտչյանին տարան Լենինական, Երվանդ Ղազանչյանին բերեցին Երևանի դրամատիկական թատրոնի տնօրեն, մենք դարձանք վերջինիս ուսանողները:

Կայացման տատասկոտ ճանապարհ

- Ինչո՞վ են հիշարժան ուսանողական տարիներն այսօրվա հեռվից:

- 3-րդ կուրսում բեմադրելու փորձեր էինք անում, իրար հատվածների մեջ դերեր խաղում: Իմը Դյուրենմաթի «Հրեշտակը իջնում է Բաբելոն»-ից էր, հետաքրքիր աշխատանք արեցինք նկարչի` Մարտինի հետ...Դերերիցս` տպավորվել է Սեղանապետը Պուշկինի «Խրախճանք ժանտախտի պահին» փոքր ողբերգության մեջ: Երանելի էին մեր նախադիպլոմային պրակտիկայի մոսկովյան ժամանակները: Ամեն մի դիտածս ներկայացում վարպետության մի արտասովոր դասընթաց էր: Մի անգամ էլ Ղազանչյան Հակոբի հետ գնացքով 15 օր ճամփորդեցինք` ներկայացումներ դիտելու կանգառներ անելով: Եղանք Ռիգայում, Կիևում, Լենինգրադում... Անմոռանալի դասեր էին Մեծ դրամատիկ թատրոնում Տովստոնոգովի «Պարգև», «Խոլստոմեր» ներկայացումները... Երբ կուրսով Մոսկվայում էինք, Երվանդ Ղազանչյանը Հունաստանից վերադարձին այնտեղ կազմակերպեց տարբեր թատրոններում մեր մասնակցությունը նրանց ստեղծագործական հախուռն առօրյային... Նախադեպը չունեցան Էֆրոսի գոգոլյան «Մեռած հոգիների» փորձերը... Շատ տաղանդավոր բեմադրիչների գործեր եմ տեսել հետո, մանավանդ Նահանգներում, Բրոդվեյի թատրոններում, Կենտրոնական պուրակում 1957-ից անցկացվող ամենամյա Շեքսպիրյան բացօթյա ոչ կոմերցիոն, բայց շռայլ բեմադրական հնարավորություններով փառատոներին, հանրահայտ արտիստների մասնակցությամբ. Էֆրոսն ինձ համար անգերազանցելի գագաթ մնաց...

- Իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտու՞մ...

- Անկեղծ ասած, կոնկրետ մեր ինստիտուտից զարմանալիորեն քիչ տպավորություններ եմ մտապահել: Դերասանի վարպետությունից դիպլոմայինի շրջանն էր ամենահիշարժանը ` «Մի քաղաքի պատմությունը»: Բոլորս էինք ոգևորված աշխատում, մեկս մյուսիս լրացնում, գունեղացնում: Գլուպովոյի քաղաքացիներից մեկն էլ ես էի: Նույն գործը որպես ռեժիսուրայի դիպլոմայինս արեցի: Ղազանչյանի լրացուցիչ առաջադրանքներով շարունակեցի հղկել բեմադրությունս, նրա հետ նոր միզանսցեններ դրեցինք, ՊՀԹ-ի խաղացանկ ընդգրկվեց: Հիշում եմ, քննարկման ժամանակ Երվանդ Ղազանչյանը ասեց. «Այն խելոք մտքերը, որ բեմից ձեզ ասում էի, շատերը Վարդանն էր հուշել»: Այս խոսքերը որպես ամենաբարձր գնահատական եմ միշտ հիշում: Մեծ ռեզոնանս ունեցավ երգիծական նուրբ շտրիխներով արված ներկայացումը: Բայց միայն որպես դերասան ընդգրկվեցի թատրոնում, 5 տարի աշխատեցի: Ապա, որպես ռեժիսոր ինքնադրսևորման նպատակով, ընդունեցի Կապանի թատրոնում աշխատելու Հակոբ Ղազանչյանի հրավերը: Առաջին ինքնուրույն գործս «Հեքիաթն էր 4 նմանակ եղբայրների մասին»: Վերամշակեցի, երազային ուղղվածություն տվեցի` տատիկի կերպարը բարի փերի դարձավ: Նկարչի` Ռոբերտ Կամոյանի հետ, ով նաև ռեժիսորական կրթություն ուներ, բացառիկ էրուդիցիա, գունեղ լուծումներ, վառվռուն թատերային ձևավորում գտանք: Հետո բեմադրեցի Ֆիլիպոյի «Ցիլինդրը», որտեղ կային միանգամայն նոր մարդկային փոխհարաբերություններ, որոնք չկային պիեսում: Գիգի Տեր-Գրիգորյանի «Թռչնակը վանդակում», Վարդգես Մովսիսյանի «Փախուստը», որը պարզապես պետք է բեմադրվեր... Վերջապես` Շեքսպիրի «Փոթորիկը»... Եվ այսպես 7 բեղմնավոր տարիներ, որոնք ինքնավստահություն ներշնչեցին, մասնագիտական կայացման փորձառություն տվեցին..

Նորօրյա սփյուռքահայը

- Փաստորեն Դուք էլ ինքնակամ սփյուռքահայ դարձաք...

- Մոտ 3 տարի տևեց մինչև վերջնական որոշում ընդունեցի ընտանիքով Նահանգներ տեղափոխվելու: Երկու եղբայրներս վաղուց էին այնտեղ հաստատվել: 1988-ին առաջին անգամ ոսկերիչ եղբորս հրավերով տիկնոջս հետ մեկ ամսով մեկնեցինք Նյու-Յորք: Եղանք նաև Լոս Անջելեսում: Ճակատագրական դարձավ Դիսնեյլենդ այցելությունս: Վերադարձա Կապան և տիկնիկային թատրոն բացեցի տեղի դրամատիկի հովանու ներքո... Դեկորացիան և տիկնիկները կնոջս հետ պատրաստեցինք` գիշերը ցերեկ դարձրած: Միայն մի ներկայացում բեմադրեցինք` Պանչատանտրայի «4 ընկերները», որով շրջագայեցինք մեծ հաջողությամբ: 4-ով էինք խաղում` կինս, 2 տղաներս և ես... Ըստ էության ընտանեկան թատրոն էր, մինչ այժմ էլ փայփայում ենք տիկնիկներն ու դեկորացիաները... Հայրս մահացավ... ...92 թիվն էր... Ռմբակոծության տակ խաղացինք Իվ Ժամյակի «Մսյո Ամիլկարի» ներկայացումն էլ ու... Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում մշտական բնակության վերջնական որոշումս կայացրի:

- Ձեր նախապատվելի դրամատուրգները, բեմադրական չիրականացած երազանքները:

- Շատ հնարավորություն չեմ ունեցել իմ ծրագրածը բեմադրելու: Ինձ համար միշտ հետաքրքիր է եղել հայ դասական դրամատուրգիան: Դեռ ինստիտուտի տարիներից, երբ շատերը ռուսամետ կամ եվրոպամետ էին, ոչ ոք չէր մտածում հայկական դրամատուրգիայի մասին: Հնաոճություն էր համարվում Սունդուկյան կամ Շիրվանզադե, Նար-Դոս կամ Պարոնյան բեմադրելը: Ես ունեմ մի գործ, որ վերնագրել եմ «Անկեղծ մարդը կամ Աստվածատուր», որն ընդգրկում է «Խելոքն ու հիմարը», «Բարեկենդանը», «Անբան Հուռին» և «Անխելք մարդը»: Հերոսը նուjնն է` Անկեղծ մարդը: Ամբողջ կյանքում Թումանյանի հեքիաթներն եմ բեմադրել և դեռ չեմ հոգնել, էլի բան կա բեմադրելու, օրինակ` «Կացին Ախպերը»: Հիմա աշխատում եմ «Զանգակատան» մի հատվածի վրա, որ Խրիմյան Ճեմարանի ուսանողների հետ պետք է անենք: Այս պահին ժամանակակից հայ դրամատուրգների պրպտուն ընթերցանությամբ եմ կրկին տարված` մշտապես վերադառնալով Աբովյանի հանճարեղ «Վերքին»:

- Նահանգներում, ասում են, սիրողականության գիրկն է գլորվել թատերարվեստը: Կարողացա՞ք Ձեր մասնագիտական փորձառությանը հարիր ասպարեզ գտնել:

- Բոլոր հանրակրթական դպրոցները (ոչ հայկական) ունեն կատարողական արվեստների իրենց կենտրոնները` կերպարվեստի ու թատերական խմբերով, փողային և սիմֆոնիկ նվագախմբերով, երգչախմբով... Նաև` դահլիճները: Այդ դպրոցներում ներկայացումներ են բեմադրվում Բրոդվեյի շոուներից: Թոռնուհիս դրանցից մեկում է սովորել ֆլեյտա նվագել: Նյու-Յորքում առաջին իսկ օրվանից հայկական եկեղեցու առաջնորդարանին կից գործող շաբաթօրյա Խրիմյան ճեմարանում թատերական խմբակ սկսեցի վարել: Ամիսը 1 անգամ էլ հավաքվում են շրջանի բոլոր շաբաթօրյա դպրոցների սաները: Թումանյանի գրեթե բոլոր հեքիաթներն ենք ներկայացրել: Իրադարձային հանդիսություններ ենք ժամանակ առ ժամանակ նաև բեմադրում: Բացի հայանպաստ լինելուց, դրանք նաև պահանջված ու սիրված են տեղի հայության կողմից: Թեքեյան մշակութային միությունում էլ 4 տարի աշխատեցի: Կապս թատրոնի հետ այս կերպ չխզվեց երբեք: Մի ժամանակահատված եղավ, որ մի քանի թատերական խմբեր ծնվեցին: Հիմնականում սիրողներ են, բայց ընտրություն ենք անում շնորհալիներից, ովքեր մեծ խանդավառությամբ են մասնակցում բեմադրական աշխատանքներին:

- Ինչպե՞ս մտահղացաք հայաստանցի թատերասերներին անծանոթ Ադրիանա Սևան Նիկոլսի «Գիշեր Երզնկայի վրա» դրամայի բեմադրությունը:

- Համազգային կրթամշակութային միությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ներկայացում անելու հրավեր արեց: Խստապահանջ մոտեցմամբ արդեն մերժվել էին առաջարկված պիեսներից մի քանիսը, որոնց թվում ինձ քաջ ծանոթ Հրանտ Մարգարյանի 2 պիեսն էլ: Ակտիվորեն ներգրավվեցի պիեսի փնտրտուքում: Համացանցում գտա Ադրիանա Սևան Նիկոլսի «Գիշեր Երզնկայի վրա» դրաման, որն առաջին անգամ Սան Ֆրանցիսկոյում բեմադրել էր ինձ ծանոթ Թորանջ Եղիազարյանը: Համացանցային հաղորդակցությամբ սկսեցի համագործակցել Ադրիանայի հետ: Ի դեպ, նա նաև դերասանուհի է, իր առաջին մենախաղը ինքն էլ ներկայացնում է: «Երզնկան» 4 տարում է գրել, խմբավորել է իրենց տոհմամատյանի նյութերը, երկար շրջել Հայաստանում ու Երզնկայում... Դժվար էր համակերպվում անհրաժեշտ կրճատումներին. նյութը մասունքի պես թանկ է իրեն: Հետո, իհարկե, շնորհակալ եղավ, կուռ հավաքվեց պիեսը, ավելի դինամիկ դարձավ: Ձեռնարկեցինք թարգմանությանը` անգլերեն թողնելով ԱՄՆ-ի տեսարաններում ամերիկացիների հետ երկխոսությունները, Թուրքիայի տեսարաններում թուրքերինը` թուրքերեն... Ինձ գրավող պահերից էին թեմայի մեկդարյա ընդգրկումը, վերհուշի կինոհնարք հուշող ժամանակային անախրոնիզմը: Այնտեղ խաղացինք Նյու Ջերսիի դպրոցներից մեկի դահլիճում: Նախնական ընտրություն էի արել դերասանների, որոնք, լինելով սիրողներ, թեմայով նեշնչվածությամբ գուցե, առավելագույն կենտրոնացմամբ խաղացին, փորձերն անում էինք եկեղեցու սրահում մինչ ամերիկյան դպրոցի դահլիճում ներկայացնելը... Երևանյան դերասանախմբում էլ, չէ՞, գլխավոր հերոսուհու` Ալիսի դերակատարները` Սիրանուշ Լազյանն ու Լարիսա Ղևոնդյանը, մասնագիտական կրթությունը, փաստորեն, թատրոնում են ստացել, իրենց շնորհները բացահայտել ռեժիսորական խնդիրներին հետամուտ լինելով: Լարիսան, ըստ իս, հասուն դերասանուհու հայտով է այսօր բեմում հանդես գալիս: ԵՊՀԹ երիտասարդացած տաղանդավոր դերասանախմբի հետ աշխատանքային գործընթացը երկուստեք ստեղծագործական հաճույք պարգևեց: Նյութն այնքան էր հոգեհարազատ ամենքին, որ մեծ ներշնչանքով էին կերպարանափոխվում մի քանի գործող անձանց դերերում: Տեխնիկական և նյութական հանգամանքների բերումով, ցավոք, հնարավոր չեղավ ամբողջ դահլիճի վրա տոհմածառի ծավալման հնարքն ապահովել: Ներկայացումը վաղուց պատրաստ էր, երբ ուշացումով Հայաստան հասան Վարդիվար Քեշիշյանի վրձնած դյուրասահ պաստառները, որոնց կիրառությամբ էապես խթանվում է թատերախաղի տեմպոռիթմը: Վստահ եմ, քանիցս խաղարկվելով, «Գիշեր Երզնկայի վրա» ներկայացման հուզական ատաղձն առավել թանձր ու ներգործուն կդառնա: Եվ ապրիլին երևանյան «Երզնկան» իր ողջ ներուժով կկախարդի Ադրիանա Սևան Նիկոլսին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ