Անմոռուկների դառնաթախիծ համանվագը

«Ոչ միայն չմոռանալ, այլև հիշել և պահանջել...»


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) ունենալով փորձառության և վարպետացման կայուն լծակներ` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի առաջնորդությամբ ամրակայում է արդի հայ կատարողական ներուժի միջազգային բարձր համարումը: Ու նաև երաժշտության համամարդ կային դյուրընկալ լեզվով հանրաճանաչում է մեր ազգային արժեքների անկրկնելի գրավչությունը: Միաժամանակ ՀՀ մշակութային չինովնիկներին իր իսկ օրինակով հավաստում է արվեստի այլևայլ ոլորտներում շնորհաշատ նոր սերնդի պատշաճ կայացման մարտավարության աննախադեպ արգասաբերությունը:

Բոլորովին վերջերս ՀՊԵՆ-ը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի շնորհիվ, երկրորդ անգամ պաշտոնական նվագախմբի կարգավիճակով մասնակցեց Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնին:

Ոչ միայն հայ երաժիշտները, այլև փառատոնի գեղարվեստական ղեկավար իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն և տարազգի բոլոր մենակատարները խորին խոնարհումով կրում էին մեր 100-ամյա անամոք ցավի խորհրադանիշ «Անմոռուկ» կրծքանշանը: Հանրային հուզմունքի անսպասելի հզոր պոռթկում է հարուցել «Ալ Բուստանի» բազմամարդ հանդիսասրահներում Ջանլուկա Մարչիանոյի հայանպաստ մարտակոչը.

- Բազում անգամներ ընկերոջս` Սերգեյ Սմբատյանի հետ զրույցներում նշել եմ, որ ճանապարհորդելիս աշխարհի տարբեր ծայրերում միշտ հանդիպել եմ գոնե մեկ հայի: Դա գուցե և զվարճալի թվար, սակայն այդչափ մեծ սփյուռքը նշանակում է` ինչ-որ բան ժամանակին սխալ է եղել: 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի հարյուրավոր մտավորականներ և հոգևոր առաջնորդներ... Տղամարդիկ սպանվում էին, կանայք, երեխաները, տարեցները տեղահանվում ճամբարներ, պահվում սոված, քշվում Սիրիական անապատ: Ավելի քան 1.5 մլն մարդ նահատակվեց Հայոց ցեղասպանության ընթացքում: Սա ժամանակակից աշխարհում իրագործված ամենամեծ ցեղասպանությունն էր: Պատմությունը մեզ սովորեցնում է գիտակցել և երբեք այլևս չկրկնել անցյալի սխալները, փոխել կյանքի ընթացքը դեպի ավելի լավը: Կարծում եմ` երաժշտությունն ունակ է փոխանցելու այս ամենը, քանի որ թարգմանության կարիք չունի, դիմում է ուղղակիորեն մարդկային սրտերին... Այս հրաշալի նվագախմբի հետ ցանկանում ենք լսարանին հասցնել «Անմոռուկի» միտքը` ոչ միայն չմոռանալ, այլև հիշել ու պահանջել...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ