Քեզ «բացակա» չենք դնում


Արդեն որքան ժամանակ` «Ավանգարդի» այս հատվածը քոնն էր. քաղգործիչների, քաղաքագետների, հոգեբանների ու տարբեր այլ բնագավառների ներկայացուցիչ ների հետ հրատապ թեմաներով քո հարցազրույցների սկզբնամասն էր տպագրվում այստեղ: Մեր թերթի նախորդ համարում դեռ քո գրչի արգասիքը կար` երկու հետաքրքիր հարցազրույց: Սակայն այս համարում գրելիքիդ համար չհասցրիր թեմա ու զրուցակից ընտրել: Զգո՞ւմ էիր, որ չես հասցնելու: Երևի´ զգում էիր: Բայց ա´յս անգամ էլ դու ես այս «տարածքի» տերը: Ճիշտ է` ո´չ օրախնդիր հարցերին պատասխան որոնող քո զրույցներով, այլ կորստյանդ հետ չհաշտվող գործընկերներիդ հառաչանքով: Մի խոսքով, այս անգամ էլ քեզ «բացակա» չենք նշանակում, իսկ հետո... Հետո էլ, երևի, շարունակելու ենք մեր հիշողությունների ծալքերում անվերջ «պեղել» պատառիկներ քո խոսքերից, ստեղծագործական մեր վեճերից, որոնք քո պարագայում մի´շտ հումորով, կատակով էին ավարտվում:

Մարդիկ կան, ում հետ կարծես, չես ծանոթանում. առաջին իսկ հանդիպումը թվում է հին բարեկամի հետ շարունակվող մտերմություն: Ու հիմա, երբ փորձում ենք հիշել, թե երբ և ինչպես հաստատվեց «Ավանգարդ»-Արթուր Դոխոլյան անքակտելի կապը: Ի սկզբանե թվում էր, թե դա շարունակվում է վաղուց ի վեր:

Իհարկե, Արթուրն ուներ քաղաքական հակումներ. առավել ևս` ընկերներ քաղաքական տարբեր թիմերում, սակայն երբևէ չառաջնորդվեց այդ հակումներով: Նրա միակ անդրդվելի հակումը արդարությունն էր:

Չափազանց ուղղամիտ էր, և սակավախոսությունը նրան լքում էր միայն այն պահերին, երբ որևէ քաղգործչի կամ քաղուժերի այս կամ այն քայլը, այսուայն հայտարարությունը շրջանցում էր բարոյականությունը:

Ավելին, վերջերս չէր թաքցնում զայրույթը իր հին բարեկամ մի գործիչի դեմ, ում հայտարարություններից մեկը հակապետական էր համարում:

Արթուր Դոխոլյանին հարցազրույց տված անձինք անշուշտ հիշելու են, որ առողջական լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ` որքան պատասխանատվությամբ ու պատրաստակամորեն էր «թակում» իրենց դռները: Հիշելու են, թե որքան մանրամասներ էր փորձում «կորզել»` առաջին հայացքից սովորական թվացող իր հարցերին ի պատասխան: Ասում էր` պարտադիր չէ, որ ամբողջ զրույցը տպագրվի, կարևոր է` ամբողջապես հասկանալ զրուցակցիդ: Եվ որքա˜ն էր ուրախանում, երբ համոզվում էր, որ այս կամ այն գործիչը շահախնդրորեն տեսակետ ու սկզբունք չի փոխել: Նույնքան էլ տխրում ու հիասթափվում էր պատեհապաշտական նկրտումներ նկատելով...

Ֆիզիկական ցավը միշտ հաղթահարելի էիր համարում և տոկում էիր, որ հանկարծ հարազատներիդ չցավեցնես. գիտեիր, որ հոգու ցավն է անտանելի: Ապրել էիր ուզում. հավատում էիր, որ վիրահատված սիրտն ավելի ամրացել և համոզված էիր, որ հարազատներդ իրենց մեծ սիրով, անափ գորովով քեզ փրկելու են ցանկացած ցավի ճիրաններից: Այդպես եղել էր մի քանի անգամ, բայց այս անգամ, Արթուր, նրանք էլ անզոր գտնվեցին: Մտերիմներդ, ընկերներդ, նույնիսկ նրանք, ում հետ վաղուց չէիր առնչվել, մեծ ցավով էին հրաժեշտ տալիս քեզ: Այդ ցավի անունն ափսոսանք է, կոկորդ սեղմող չասված խոսքեր: Երկնային արքայություն քո շիտակ հոգուն և մխիթարութ յուն` հարազատներիդ, մերձավորներիդ: