ՄՈՐ ԱՂՈԹՔԸ


Տիրամոր պատկերի առջև մի կին էր աղոթում: Տխրադեմ, դալուկ: Խորունկ աչքերում թախիծն էր ծվարել, բայց այդ աչքերը պատրաստ էին ժպտալ: Հայացքում անափ ցավ կար, բայց երբեմնի ինքնավստահության հետքերը մատնում էին, որ հուսահատվողներից չէ: Հեզ էր ու խրոխտ, փոքր-ինչ վհատված, բայց` չընկրկող: Պահանջկոտ ներողամտություն էր կաթում աչքերից: Զգացվում էր` լա´վ զավակների մայր էր, թեև ալեկոծ էր հոգին: Աղոթում էր կերկերուն ձայնով, բայց աղերսանքում անկոտրում հավատ կար. հուսահատ էր թվում, բայց ներքին ուժ էր ճառագել դեմքին: Աղոթում էր.

- Սուրբ Տիրամայր, բարեխոս եղիր, որ ներվեն որդիքս, ովքեր մեղանչեցին իմ դեմ: Դու լավ գիտես, թե որքան արժանավոր են զավակներս, որոնք փոքր-ինչ տկարացել են այս պահին: Իրենց ու միմյանց հանդեպ հավատն է լքել նրանց, ու սերն է ցամաքել: Դու լավ գիտես, թե ովքեր են իմ զավակները, որ հազարամյակի փոշին ոտքներին` այսօր անուրախ հանգրվանում են հայտնվել: Անհաշտ են դարձել միմյանց ու իրենք իրենց հետ: Ամեն օր նրանց մի մասը լքում է ինձ, հեռանում հայրական տնից: Արդեն մի ամբողջ դար ցրվում են աշխարհով մեկ ու հեռվից կարոտում են ինձ ու իրար: Տիրամա˜յր, օգնիր ատելության որոմը մաքրելու նրանց հոգիներից և թույլ մի տուր` միմյանց դեմ դավեր նյութել: Մեկնածներին հուշիր, հիշեցրու իրենց տան ճանապարհը և իմաստնացրու նրանց: Զավակներիս հոգիներից քերիր անտարբերության ժանգը և ամոքիր ոչնչով չգոհանալու, ուրացումի ախտը: Շեղիր նրանց խոտոր ճանապարհից և հաստատուն դարձրու ընթացքը շիտակ ուղիով:

Սուրբ Աստվածին, բարեխոս եղիր Հոր և Որդու առջև, որպեսզի մի բուռ դարձած իմ երբեմնի շեն օջախը նորից սիրառատ ամրոց դառնա: Պահիր-պահպանիր մեր տունը վայրի բորենիներից պաշտպանող տղաներս: Մեկնածներին, մեղանչողներին թույլ մի´ տուր` ուրախացնեն թշնամուն և օտարի տունը շենացնեն: Ախր ուրիշի տանը հյուր կարելի է լինել, բայց ոչ երբեք` տանտեր: Ախր ուրիշի տանը ծվարում է անտունը, իսկ իմ զավակները տո˜ւն ունեն, որ պապերից են ժառանգել: Եվ հպարտացել են իրենց ծաղկուն օրրանով:

Ներիր նրանց Տիրամայր և օգնիր` ամբողջանալ: Հոգուս պես ծվեն-ծվեն են եղել բայց գիտեմ, որ հայացքներն այստեղ է:

Հուշիր նրանց, Տիրամայր, որ տկարացած ծնողին չեն լքում, այլ ապաքինում են նրան: Հանդիմանի´ր, որ նույն տան զավակները պարտավոր են սիրել զմիմյանս ու ներել, չչարախնդալ և ունեցվածքի կռիվ չմղել իրարու դեմ: Հիշեցրու նրանց, որ «հարուստ ուժեղներ-աղքատ անզորներ», «անօրեններ-արժանապատիվ անտեսվածներ» չար խաղը դեպի կործանում տանող ամենակարճ ճանապարհն է:

Օգնի˜ր զավակներիս, Մարիամ:

Օգնիր` վերագտնել իրենց պապերի արժանապատվությունը: Մանավանդ այսօր, երբ աշխարհից արդարամտություն ենք պահանջում և մեր մեծ տոհմի խոշտանգված անմեղ զոհերի հիշատակը պիտի խնկարկենք: Դարձի˜ բեր նրանց, խաղաղեցրու ալեկոծ հոգիները և բարություն սերմանիր իրենց եղբայրներին հալածող գոռոզամիտ որդիներիս հոգում...

Օրհնի˜ր Մեզ Մարիամ...

Մայր Հայաստանն է այդ Կինը, ում աչքերից արցունքի փոխարեն սեր է հորդում, իսկ հայացքն ասում է` ապաշխարենք, ու յուրաքանչյուրն իր մեղքը գիտակցելու քաջությունը վերագտնի:

ԼՍԵ´ՆՔ ՄՈՐ ԱՂՈԹՔԸ