Մարդը ծեր է, հոգնած


 

Հետո՞ ինչ, որ մերթընդմերթ հոխորտում է: Հետո՞ ինչ, որ Նոբելյան մրցանակակիր է ու հռչակված է տերություն քանդելու մասնագետ: Ամենազավեշտալին այն է, որ Գորբաչովին մինչ օրս «մեծարում» են որպես «ԽՍՀՄ նախկին գլխավոր քարտուղար»: Ներոնն էլ պատմության մեջ մնաց որպես Հռոմն այրող:

Դե, խորհրդային վերջին «գենսեկ»-ները ճանաչված էին համաժողովներում քնելու իրենց թուլությամբ: «Գենսեկից» հետո ԽՍՀՄ առաջին ու միակ նախագահ Գորբաչովն էլ, հավատարիմ իր նախորդների ավանդույթին` քնել է... Նոբելյան դափնեկիրների գագաթնաժողովում: 81-ամյա քաղգործիչն, ի վերջո, ծեր է, հոգնած ու փափուկ բազկաթոռին բազմած` «աչքը կպցրել» է Չիկագոյում: Թարսի պես` չիկագոցիք շա˜տ ուշադիր են. սպասարկող անձնակազմն անգամ անտարբեր չէ հյուրերի հանդեպ: Եվ մատուցողուհին նրբանկատորեն զովացուցիչ է առաջարկել` ընդհատելով Միխայիլ Սերգեևիչի մրափը:

Իսկ նոբելյանցիները հավաքվել էին` քննարկելու օրավուր տարածուն դարձող աղքատության, կրթության անբավարար որակի և սպառազինությունների հիմնախնդիրները: Եվ հանճարեղ եզրահանգում են արձանագրել. այդ հիմնախնդիրները հնարավոր է լուծել` եթե համաշխարհային առաջնորդները համաձայնեն լրջորեն քննարկել դրանք և դրանցում երիտասարդ ու առաջադեմ մարդկանց ներգրավեն:

Առնվազն Նոբելյան մրցանակի դափնեկիր պետք է լինել` տարրական այս ճշմարտությունը վերծանելու համար: