Օրինախախտ հոգեորսները


 

ՀՀ Սահմանադրությունը յուրաքանչյուրիս տալիս է խղճի և մտքի ազատության իրավունք: Հոդված 1-ում ամրագրված է`  «Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր»:

Գրեթե յուրաքանչյուր քրիստոնյա ընդունում է այս օրենքը: Ինքս երբեք այլադավաններին չեմ քարոզում փոխել իրենց կրոնը, սիրել ինձ համար ընդունելի Աստծուն և հաճախել Հայ Առաքելական եկեղեցի: Գրեթե յուրաքանչյուր հայ քրիստոնյա էլ նման կերպ է վարվում: Սակայն խնդիրն այն է, որ այդպես չեն վարվում այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք հոգեորսությամբ են զբաղված, ինչն արգելված է օրենքով:

Վերջերս փողոցում մոտեցան երկու կին, տվեցին փոքրիկ գրքույկ` ասելով, թե «Աստվածաշնչի» մեկնաբանությունն է: Նշեմ, որ մեկնաբանությունից զատ, որն ընդամենը մի քանի տող էր գրոտած` «Եհովայի վկաներ» կազմակերպության խորհրդանշանով, անվանումով, հասցեով և մյուս մանրամասներով: Եվ ուշագրավն այն է, որ այդ ամենը գրված էր միայն վերջում. արդյո՞ք սրա նպատակն այն չէ՞, որ ընթերցենք, գտնենք մեզ հետաքրքիր մտքերը նյութի մեջ, տարվենք որոնումներով և վերջում իմանանք, որ դա տվյալ կազմակերպության գովազդն է: Իսկ ոմանք էլ կարող են միամտաբար անդամագրվել նրանց կրոնին: Կամ մի՞թե հոգեորսություն չէ անընդմեջ տներ հաճախելն ու իրենց դավանանքը քարոզելը: Ավելին, նրանք իրենց քարոզչանյութերը տալիս են անչափահասներին, զանգահարում տներ և խոսում տան անդամների հետ:

Հոգեորսությո´ւն է...

Եվ եթե մենք` քրիստոնյաներս, հարգելով օրենքը, չենք խախտում կրոնի և խղճի ազատության նրանց իրավունքը, ապա ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ այլ կրոնական կազմակեր պության ներկայացուցիչներն ամեն կերպ խախտեն մեր  երկրում ընդունված օրենքը:

Սերինե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ