ՆՈՐԻՑ` ԹՂԹԵ ՇԵՐԵՓԸ


 

Ինչպես արդեն գիտենք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915-ի դեպքերին նվիրված ամենամյա ելույթում դարձյալ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը` փոխարենն ասելով «Մեծ եղեռն»: Այսինքն, հերթական անգամ ամերիկյան խորամանկությունն է դարձել գերակա` ապացուցելով, որ ժողովրդավարական հռչակված երկրում չկան բարձրագույն արժեքներ, այլ կան բարձրագույն շահեր և դիվանագիտական խաղեր:

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Ամերիկայի հայկական կազմակերպությունները հաղորդագրություններ էին տարածել` կոչ անելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հաստատել Հայոց ցեղասպանության փաստը և կատարել նախընտրական իր խոստումը, որի շնորհիվ էր նա ստացել ամերիկահայության ձայները, ապահովել իր հաղթանակը:

- Նախագահ Օբաման ապրիլի 24-ին հնարավորություն ունի իրական իմաստ հաղորդել ցեղասպանությունների կանխարգելման մասին իր խոսքերին` հերքելով Անկարայի կողմից սահմանված «լռության կանոնը» և պահելով Հայոց ցեղասպանության իրական դատապարտման ու հիշատակելու մասին իր խոստումը, _այսպես էին արտահայտվել մի շարք ամերիկահայ գործիչներ, ովքեր վստահ էին, որ նախընտրական ժամանակաշրջանում, երբ Օբամայի վարկանիշը մեծ անկում է ապրել, նա կարտասաներ երկար սպասված «ցեղասպանություն» եզրույթը:

Ապրիլի 24-ի նախօրյակին Օբաման Հոլոքոստի հիշատակին ԱՄՆ-ի ազգային թանգարանում ունեցած ելույթի ընթացքում ասել էր, թե «զանգվածային դաժանությունների և ցեղասպանության կանխումը Միացյալ Նահանգների բարոյական պատասխանատվությունն ու ազգային անվտանգության հիմնական շահն է»: Եվ այսքանից հետո նա հանկարծ հանդես է բերում մի կեցվածք, ինչը վկայությունն է այն իրողության, որ ԱՄՆ նախագահը, հավատարիմ մնալով իր երկրի որդեգրած սկզբունքներին, ցանկացած պահի կարող է արհամարհել պատմական իրականությունն ու ամեն ինչ հարմարեցնել սեփական շահերին: Իհարկե, «Մեծ եղեռն» եզրը համահունչ է «Ցեղասպանություն» եզրին, սակայն միջազգային ընկալումներով ընդունվածն է միայն հասանելի շատերին, քանի որ ցեղասպանությունը հստակ ձևակերպում է:

Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ միջազգային դիվանագիտության մեջ կարևորը ոչ թե զգացմունքներն են, հուզական բացատրությունները, այլ ճշգրիտ արտահայտ ված իրատեսությունը: Ուրեմն, այլևս պետք չէ հավատալ տարբեր խոստումների, այլևս պետք չէ վստահել քաղաքական շահարկումներին: Հիշենք նժդեհյան պատգամը. «Ուժն է ծնում իրավունք»:

Ժամանակն է, որպեսզի հատկապես ամերիկահայությունը հրապարակավ դատապարտի նախագահներին` ստախոսության և կեղծ խոստումների համար: Ամերիկյան օրենսդրությունը թույլ է տալիս դատի տալ երկրի նախագահին, եթե նա նախընտրական խոստումն օգտագործել է որպես ընտրակաշառք: Հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի հայ իրավաբանական մտքի ներկայացուցիչները դիմեն դատարան` այսպես հասկացնել տալով Օբամային ու նրա վարչակարգին, որ չի´ կարելի ոտնահարել մի ողջ ժողովրդի իրավունքը, չի´ կարելի ստել ու խաբել, չի´ կարելի մեկուկես միլիոնից ավելի զոհերի հիշատակն օգտագործել սեփական քաղաքական նկրտումների համար:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ