ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Թումանյանի հանգով «Ընտրությունն ու չարչիները» Հե¯յ, լավ ձայներ, Բարձր ու հնչեղ, Տենոր ու բաս, Թանկ ու էժան, Քսան հազար... Արամ Կարապետյանը` «Կորեյկոների» որոնումներում Ա. Կարապետյանի հիմնադրած «Պոզերի և Սմբակների» հիմնարկությունից հայտնում են, որ ընդհատակյա միլիոնատերերի մանկությունը և պատանեկությունը ջինջ ու զուլալ է եղել, միայն հետո են սկսել անհետացնել «դեղորայքով բեռնված գնացքները»: Բարգավաճ ծանրամարտ կամ Գագիկ Ծառուկյանը` ընդդիմախոսներին - Մեր ծանրամարտիկներին էլ էի՞ տուկի թել ու կարտոֆիլ բաժանել, որ ինչ քաշ «դեմ էին տալիս», հանգիստ բարձրացնում էին: Ինքնակամ ձայնազրկված ժողովուրդ Չարենցի հանգով Բոլորը տամ ու... վաճառեմ, Ինձ ոչ մի ՁԱՅՆ թող չմնա, Դուք չմնաք ԱԺ-ից դուրս, Բոլորը ձեզ... բոլորը ձեզ: Աբստրակտ իմպրեսիոնիզմ Ըստ Հայաստանի ընդդիմության` ապագա խորհրդարանի էսքիզը անում են սոցիոլոգները, «նկարը» ավարտին է հասցնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Արդյունքում ստացվում է Պիկասոյի վրձնին արժանի կտավ: Այսինքն` լրիվ աբստրակցիա: Եթե միայն ստորագրություններ չկեղծի Ասում են` հաջորդ տարի Ճոյտը (Հակոբ Հակոբյան) իր թեկնածությունը դնելու է ԱՄՆ նախագահական ընտրություններում: Նրա կարգախոսը հետևյալն է` «Ինձնից տնային կառավարիչ դուրս չեկավ, ստիպված եմ դառնալ Կոմս Մոնտե Քրիստո»: Տիգրան Կարապետիչը` մյուս կուսակցություններին - Այ այդպես, կերգացնեք ու կպարացնեք, թե չէ հինգ տարի շարունակ ինձ էիք ծաղրում: Հարթակներից էլ այնքան վատ եք «ասմունքում», որ ոչ ադամանդի եք արժանի, ոչ զմրուխտի: Ֆունկին դեռ չեն գտել «Նոր ժամանակներ» կուսակցության հայտարարությունը «Աշխատանքի ենք հրավիրում սովետների, անցյալ ու ներկա իշխանությունների օրոք «նստած» գործավարի` տնօրենի հաստիքով: