ՊԱՐԶ ՈՒ ԲԱՐԴ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ «ՍԿԱՆՎՈՐԴՆԵՐ»


Ռուսաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցերից հետո, երբ պարզ դարձավ, որ պաշտոնական Կրեմլը սատարելու է Հանրապետականներին` ի դեմս նախկինում արևմտամետ համարվող Սերժ Սարգսյանի, կարծիք հայտնեցինք, որ շուտով հայաստանյան վերլուծաբանները շրջանառության մեջ են դնելու այն տեսակետը, թե իբր Արևմուտքը զորակցելու է ՀՀ նախագահին և նրա հիմնական քաղաքական հենարան` ԲՀԿ-ին: Այսօր արդեն չափից ավելի պարզունակ տրամաբանությունից բխող այս վարկածը աստիճանաբար սկսում է շրջանառվել: Նույն մակերեսային դիտարկումներով նույնքան և առավել հավանական պետք է համարվեր ոչ թե իշխանության կոնկրետ որևէ թևի, այլ ընդդիմադիր մեկ կամ մի քանի ուժերի հովանավորումը ԱՄՆ-ի կողմից: Չէ՞ որ եթե Ռուսաստանին ակնհայտորեն «ձեռք են տալիս» գործող իշխանությու նները, ուրեմն Արևմուտքը իր աշխարհաքաղաքական շահերի ապագա պաշտպանին օրինաչափորեն պետք է փնտրեր հենց Հայաստանի ընդդիմադիր դաշտում: Իսկ ո՞վ կարող է պնդել, որ Արևմուտքը չի փնտրել և չի փնտրում: Ամենայն հավանականությամբ Արևմուտքը բծախնդրորեն և մանրամասնությամբ «պեղել» է ՀՀ ընդդիմադիր դաշտի յուրաքանչյուր «քար ու թուփը» և առայսօր դեռևս ոչ մի «պիտանի» ուժ չի գտել: Իսկ եթե ավելի ստույգ ու կոնկրետ ձևակերպելու լինենք, հայաստանյան այն արևմտամետ ուժերը, որոնք ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից կարող էին պիտանի ու օգտակար լինել, այնքան ցածր վարկանիշ ունեն, որ ինչքան էլ մեծ ֆինանսական աջակցություն ցույց տրվի, միևնույն է, անհրաժեշտ ժողովրդականության մակարդակ ապահովելն անհնար է լինելու: Այս տեսանկյունից իրականությանը լրիվ համապատասխանում է ՀՀ նախագահի` դեռ անցած աշնանը, հիմնականում «դրսին» ուղղված զգուշացումը` որ անիմաստ է մեծ փողեր մտցնել «խաղի» մեջ, դրանք, միևնույն է, իրենց նպատակին չեն ծառայելու և անիմաստ մսխվելու են: Կոնկրետացնենք, թե հայաստանյան ո՞ր ընդդիմադիր ուժերը կարող էին Արևմուտքի աջակցությամբ գալ իշխանության և դառնալ վերջինիս շահերի հավատարիմ սպասարկուներ, եթե չունենային վարկանիշի հետ կապված պրոբլեմներ: Առաջին հերթին` «Այլընտրանքը» և դրա հենքի վրա ստեղծված «Իմպիչմենտ» դաշինքը: ՀՀՇ-ի հետ միասին լինելով նախկին իշխանությունների վերջին մոհիկանները, ունենալով հստակ գաղափարախոսություն և ինտելեկտուալ ներուժ, այս քաղաքական ուժը պետք է որ լիովին համապատասխաներ պաշտոնական Վաշինգտոնի հարավկովկասյան ռազմավարության արդյունավետ իրականացման բոլոր պահանջներին: Խնդիրը «Իմպիչմենտի», նրան հարող ՀՀՇ և «Հանրապետություն» կուսակցությունների թունդ ու նվիրված արևմտամետության պարագայում չի ամփոփվում միայն: Նախկին իշխանությունների գաղափարական ժառանգորդը հանդիսացող սույն ուժերն առայսօր առաջնորդվում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հայտնի թեզիսային աշխատության առանցքային դրույթներով: Իսկ դա նշանակում է, որ վերջիններս, թերևս, միակ քաղաքական ուժն են, որ հակված են վճռականորեն և արագ լուծում տալ ղարաբաղյան թնջուկին, պաշտոնական քաղաքականության օրակարգից հանել Ցեղասպանության ճանաչման խնդիրը, բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան երկրների, մասնավորապես Թուրքիայի հետ: Դժվար չէ նկատել, որ այս մոտեցումները հարյուր տոկոսով համընկնում են ԱՄՆ հարավկովկասյան աշխարհաքաղաքականության հիմնական հայեցակարգի հետ: Ակնհայտ է նաև, որ ներկա դրությամբ, զուգադիպորեն, թե «խորհրդավոր» օրինաչափությամբ` ԱԺ ընտրություններից հետո հեղափոխություն իրականացնելու նպատակից հետ են քաշվել գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը: Բացառություն են կազմում նույն «Իմպիչմենտը», «Հանրապետությունը» ու ՀՀՇ-ն: Ակնարկներով չխոսենք և վերծանենք այդ հավանական «խորհրդավոր» օրինաչափությունը: Իրականում բոլորովին էլ չի բացառվում, որ սույն ուժերը որոշակի հույս ներշնչող ազդակներ են ստանում «դրսից»: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ նրանք ֆինանսական աջակցություն կամ արդեն ստացել են, կամ կարող են ստանալ մոտ ապագայում: Իհարկե` ոչ թե ընտրություններում հաջողության հասնելու համար. դրա շանսերը գրեթե հավասարվում են զրոյի: Բնականաբար, շեշտադրվում է ընտրություններին հաջորդող օրերին հեղափոխական ալիք բարձրացնելու և այդ միջոցով իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը: Առաջին հայացքից սա էլ անհույս ձեռնարկ է, բայց վրաստանյան հեղափոխության փորձից ելնելով` համեմատաբար կարճ ժամանակահատվածում իրավիճակի բեկումնային փոփոխության հասնելու շանսերը դեռ լիովին սպառված չեն համարվում: Կարծում ենք` թեկուզ մշուշոտ այդ հեռանկարը «սպառելուց» հետո միայն Արևմուտքը կփորձի կողմնորոշվել, թե ինչպիսի դիրքորոշում ու կեցվածք է դրսևորելու ընտրություններում վստահ հաղթանակ արձանագրած ՀՀ իշխանական ուժերի նկատմամբ: Բացարձակապես համոզված ենք, որ Արևմուտքը «երես չի թեքի» ՀՀ ապագա հավանական նախագահ Սերժ Սարգսյանից` պատրվակ դարձնելով այն հանգամանքը, որ վերջինս արդեն ստացել է Ռուսաստանի աջակցության հիմնավորված խոստումներ: Համամիտ չենք նաև այն քաղաքական մեկնաբանների հետ, ովքեր սկսել են տարփողել, թե իբր Արևմուտքը ՀՀ նախագահին կդիտարկի որպես վարչապետի այլընտրանք և կփորձի Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը օգտագործել Նախագահի աթոռը «կտակելու» ինչ-որ իքսի, որն էլ աշխարհաքաղաքական կողմնորոշման տեսանկյունից ավելի ձեռնտու կլինի Արևմուտքին: Գերտերությունների վարչակազմերը շատ ավելի պրագմատիկ են. հաշվարկները կատարում են ամենայն բծախնդրությամբ, հետևաբար, ի տարբերություն ՀՀ ընդդիմության, հիանալի գիտեն, որ ՀՀ նախագահ-վարչապետ հակադրությունները, եթե իհարկե կան, ինչ-որ շրջանակից այն կողմ անցնել չեն կարող: Իսկ այդ «նեղ շրջանակում» խոշոր «խաղեր» կազմակերպելը պարզապես դատապարտված է ձախողման:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ