Ադրբեջանը կրկին հոխորտում է


Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին տարածել են Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի` հայկական բանակի մասին սադրիչ հայտարարությունները, որոնցով նա փորձում է Հայաստանին մեղադրել հրադադարը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ: Սեփական բանակում տեղի ունեցող սպանությունների ու ինքնասպանությունների աղաղակող փաստերը կոծկելու և խաղաղ պայմաններում կրած կորուստները հայկական կողմի վրա բարդելու նպատակով ադրբեջանական քարոզչությունը շարունակում է սուտ տեղեկություններ տարածել: Հաճախացել են դեպքերը, երբ դժբախտ պատահարների և ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհված ադրբեջանցի զինծառայողներին ներկայացնում են որպես փոխհրաձգության զոհեր: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողութ յունների են դիմում միայն հակառակորդի ոտնձգությունները զսպելու նպատակով: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական բանակի ստորաբաժանումները զգոն են ու աչալուրջ և սահմանը խախտելու հակառակորդի նույնիսկ փոքրագույն փորձերը խստորեն պատժվելու են: